Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի՝ մեկ միլիոնանոց երթ անցկացնելու առաջարկությունը բուռն քննարկումների թեմա է այս օրերին: 2008 թվականի Սերժ Սարգսյանին ընտրած, իսկ այսօր կեղծված ընտրությունների դեմ պայքարող կինոռեժիսորն Ազատության հրապարակում հավաքված և հրապարակից դուրս հայերին առաջարկում է համախմբվել ու ստրկությունից դուրս գալու համար խորհրդանշական 1 միլիոնանոց երթ անցկացնել ապրիլի 8-ին: Դա, ըստ կինոռեժիսորի, կկանխի պաշտոնական տվյալներով նախագահ ընտրված Սերժ Սարգսյանի` ապրիլի 9-ի երդմնակալության արարողությունը:
«Ապրիլի 8-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում և խաղաղ երթով բարձրանում նախագահի աշխատավայր՝ հայտնելու մեր անվստահությունը ներկա իշխանություններին: Եթե իրոք կա այդքան դժգոհություն, ապա միացեք, եթե ոչ, ապա մի դժգոհեք և շնորհավորեք նորընտիր նախագահին հաջորդ օրը»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսպես է ներկայացված նախաձեռնությունը: Սա հարուցել է հասարակության մի մասի դժգոհությունը, ոմանք Արշակ Զաքարյանին սադրիչ են որակում՝ նշելով, որ խորհրդանշական երթը ոչ թե ապրիլի 8-ին, այլ 9-ին պետք է անցկացվի:
«Օրն էական չէ, կարևորը` բոլորը մեկ նպատակ ունեն: Հենց այս հարցում պառակտում մտցվեց, ուրեմն պարտված ենք: Եթե պետք լինի, ես չունեմ էդպիսի իղձ՝ դառնալու առաջնորդ, կարող եմ ժողովրդի համար մի կողմ դնել ցանկացած նախաձեռնություն: Եթե որոշվի, որ ապրիլի 9-ն է ճիշտ ժամանակը, իհարկե, ես բոլորին, ովքեր միացել են ինձ, կոչ կանեմ, որ երթի դուրս գանք ապրիլի 9-ին»,- «Մեդիալաբին» ասում է նախաձեռնության հեղինակ Արշակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ մեկ միլիոնանց երթերն աշխարհում նորություն չեն, տարբեր երկրներում նման երթերը համակարգային փոփոխություններ են մտցրել: Արշակ Զաքարյանը պատմում է, թե ինչպես ծնվեց նախաձեռնությունը. «Երբ ժողովուրդն ասեց՝ կոնկրետ քայլ ենք ուզում, ես` որպես ժողովրդի ներկայացուցիչներից մեկը, իմ կարծիքը դրեցի համացանցում: Հատուկ մշակված չի եղել, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ է սա, ոչ մեկի դեմ չէ: Ես իմ կարծիքն ասեցի, ու ստացվեց, որ դա ժողովրդին դուր եկավ, ու սկսեցին հավաքվել այդ կարծիքի շուրջ»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ