Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղատնտեսության ոլորտը չի տուժել ջերմաստիճանի տատանումներից».Գառնիկ Պետրոսյան (Տեսանյութ)

Մարտ 22,2013 13:40

Գյուղացին գարնանացանից առաջ՝ ի թիվս այլ խնդիրների, ունի նաեւ ֆինանսական լուրջ խնդիրներ

Մարտի սկզբին հանրապետությունում գրանցված ցածր ջերմաստիճանը, գիշերային ցրտահարությունները ստիպել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տարբեր մարզերում դիտարկումներ կատարել՝ պարզելու, թե ջերմաստիճանի կտրուկ տատանումները որքան են վնասել գյուղատնտեսության ոլորտին:

«Հատկապես մտահոգում էր արդեն բացված խաղողի այգիների վիճակը: Բարեբախտաբար, մեր դիտարկումները ցույց տվեցին՝ որեւէ վնաս ոլորտին չի գրանցվել: Այնուհետեւ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ կապված մտահոգություն առաջացավ: Ջերմաստիճանի բարձրացումը մեծ չափի չհասավ, եւ առանձնապես առատ տեղումներ այդ օրերին չգրանցվեցին, եւ հեղեղումների լուրջ վտանգ չեղավ»,-այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ դեռեւս վստահ չի կարելի ասել, որ բնությունը առաջիկայում տհաճ անակնկալներ չի մատուցի:

«Մեր տարիների փորձը ցույց է տվել, որ ապրիլի 20-22-ն ընկած ժամանակահատվածում երբեմն նկատվել է ջերմաստիճանի բացասական նվազում, եւ տեղի են ունեցել որոշակի կորուստներ»,- նշեց Գ. Պետրոսյանը ու հավելեց, որ ակնկալվող բերքի մասին նույնպես դեռ վաղ է խոսել:

Անդրադառնալով գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստմանը՝ փոխնախարարն ասաց, որ դրանք սկսվել են մարտի 1-ից Արարատյան հարթավայրում, իսկ պտղատու այգիներում էտի աշխատանքները հանրապետության հյուսիս-արեւելյան գոտում, Արարատյան հարթավայրում եւ Մեղրիի տարածաշրջանում արդեն ավարտվել են:

Գյուղատնտեսության փոխնախարարը հիշեցրեց, որ անցած տարի Արարատի ու Արմավիրի մարզերում վաղահաս կարտոֆիլի ու լոլիկի ցեցի պատճառած վնասներից շատ հողօգտագործների մոտ կասկածներ են առաջացել, թե որքանով է նպատակահարմար այս տարի եւս այդ տարածքներում կարտոֆիլ ցանել:

«Մենք բազմիցս այս օրերին առիթներ ունեցանք հանդիպումներ ունենալու մեր հողօգտագործների հետ ու հորդորելու, որ երբեք չպետք է խուսափել այդ մշակաբույսերի մշակումից, քանի որ Արարատյան հարթավայրի վաղահաս կարտոֆիլը ամռան ամիսներին բավարարում է մայրաքաղաքի բնակչության՝ այդ մթերքի հանդեպ ամբողջ պահանջարկը»:

Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք ներկայումս կարելի՞ է համոզված ասել, որ այս տարի հանրապետությունում վաղահաս կարտոֆիլի պակաս չի զգացվի, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Ես դեռ չեմ ասում, որ կարտոֆիլի ցանքատարածությունների ընդհանուր խնդիր չկա: Ամբողջությամբ հանրապետությունում 30-31 հազար՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս տունկ է կատարվում: Արարատյան հարթավայրում կատարվում է 2500 տունկ: Մեր նախնական կանխատեսումներով՝ այդ ծավալը կմոտենա բազմամյա միջին մակարդակին, եւ մենք հուսով ենք, որ այդ ընթացքում շուկայում լարվածություն չի առաջանա»:

Ինչպես նշեց Գ. Պետրոսյանը, հողօգտագործներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու կառավարության ծրագրով արդեն ներկրվել է 31 հազար 300 տոննա ազոտային պարարտանյութ եւ 1 միլիոն 730 հազար լիտր դիզելային վառելիք:

Պարարտանյութի մեկ պարկը տրամադրվում է 6000 դրամով, իսկ վառելիքի մեկ լիտրը՝ 350 դրամով: Փոխնախարարի խոսքով՝ պարարտանյութի եւ դիզվառելիքի բաշխումն արդեն ընթացքի մեջ է:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031