Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի նավթային քաղաքականությունը». ՔԶՀԿ փոխնախագահը ելույթ է ունեցել Վաշինգտոնում

Մարտ 22,2013 13:38

Սույն թվականի մարտի 20-ին՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում (The Institute of World Politics), Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահ Վիլեն Խլղաթյանը ելույթ է ունեցել Ադրբեջանի նավթային քաղաքականության թեմայով:

Միջոցառմանը ներկա են գտնվել դիվանագետներ, քաղաքական վերլուծաբաններ և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ:

Խլղաթյանը նշել է, որ Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է նավթագազային ոլորտից: «Բոլոր փաստերը վկայում են, որ Բաքվի ռեժիմը ոչ մի ջանք չի ներդրել՝ դիվերսիֆիկացնելու տնտեսությունը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը կկրի «հոլանդական հիվանդության» հետևանքները»:

Անդրադառնալով էներգոռեսուրսները արտաքին քաղաքականության ոլորտում օգտագործելու Հեյդար Ալիևի ռազմավարությանը, որը փոխանցվել է իր որդուն՝ Ադրբեջանի ներկայիս բռնապետին՝ Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահը ներկայացրել է դրա վերջին շրջանի դատապարտելի օրինակները՝ ուղղված Հայաստանի և հայկական Սփյուռքի դեմ: Դիցուք՝ 2012թ. Եվրոտեսիլի մրցույթի դեպքը, Ալիևի արձանը Մեխիկոյում և մարդասպան Սաֆարովի արտահանձնման համար հայտարարվող Հունգարիայի կառավարությանը վճարված կաշառքը:

Խլղաթյանը խոսել է նաև Ադրբեջանի իշխանության ավտորիտար էության և փաստացի միակուսակացականության մասին՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության ներքո: «Ադրբեջանում ցանկացած ընտրություն լայնորեն քննադատվել է և որակվել՝ որպես ոչ ժողովրդավարական, կոռուպացված և ոչ լեգիտիմ»,-նշել է Խլղաթյանը՝ հավելելով, որ տվյալ հանգամանքները, սակայն, չեն կանգնեցրել Իլհամ Ալիևի՝ սեփական իշխանությունը հիպերկենտրոնացնելուն ուղղված ջանքերը, ինչպես օրինակ նախագահական ժամանակահատվածը սահմանափակող 2009թ. հանրաքվեն: Ավելին, ըստ նրա, տեղեկատվություն էր տարածվել, որ Ալիևի որդուն են պատկանում շքեղ առանձնատներ Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ նրա կրտսեր աղջկան՝ Ադրբեջանի հիմնական հեռախոսային օպերատորի միլիոնների հասնող բաժնետոմսեր: «Ալիևը հաստատել է կլեպտոկրատիա,-ասել է Խլղաթյանը,-որը հաստատապես  դասվում է աշխարհի ամենակոռուպացված երկրների թվին՝ ըստ Թրանսփարենսի Ինթերնաշնլի»:

Քննարկվել են նաև Իրանի և Ադրբեջանի միջև առկա լարված հարաբերությունների, Հայաստանի նկատմամբ վերջինիս թշնամական վերաբերմունքի և Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունների մասին հարցեր: «Ադրբեջանի գլխավոր նպատակն է եղել՝ մեկուսացնել Հայաստանը տարածաշրջանային բոլոր էներգետիկ ծրագրերից և օգտագործել սեփական ռեսուրսները՝ փորձելով հակազդել Ռուսաստանին և գրավելով արևմտյան քաղաքական աջակցությունն ու տնտեսական ներդրումները»:

Ուշագրավ է, որ հարցուպատասխանի ժամանակ Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Ֆախրադին Իսմայիլովը ճառ է ասել, որում փորձել է քննադատել Համաշխարհային քաղաքականության ինստիտուտին և համաժողովի մոդերատոր Դոկտոր Մարեք Յան Չոդակիեվիչին որ թույլ են տվել էթնիկ հային Ադրբեջանի մասին ելույթ ունենալ: Նա նաև փորձել է քննադատել Խլղաթյանի զեկույցը՝ չկարողանալով, սակայն, որևէ հակափաստարկ բերել:

Խլղաթյանի անձի նկատմամբ (ad hominem) հարձակումը դադարել է, երբ Դոկտոր Չոդեկիվիչը պահանջել է Իսմայլովին լռել և նստել տեղը: Վերջինս մինչև հարցուպատասխանի վերջը ստիպված լռելյայն ունկնդրել է Ադրբեջանի քայքայվող տնտեսության և բռնապետ Ալիևի կոռուպացված իշխանության մասին Խլղաթյանի դիտարկումներին:

 ՔԶՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031