Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գործազուրկները՝ ԲՀԿ ցուցակում, հայտնիները՝ ՀՀԿ ցուցակում, անհայտները՝ ՕԵԿ-ի

Մարտ 22,2013 13:25

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված կուսակցությունները, դաշինքներն արդեն ներկայացրել են իրենց ցուցակները: ԲՀԿ-ն ներկայացրել է 195 հոգանոց ցուցակ, որտեղ գերակշում են գործազուրկները: Նկատենք, որ ցուցակում ներգրավված անձանց մեծամասնությունը ներկայացնում է ԲՀԿ-ն, ցուցակում հանգրվանած անձանցից միայն 20-ն են անկուսակցական և երկուսը` ՄԱԿ կուսակցությունից:

ԲՀԿ ցուցակը գլխավորում են Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը: Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ում ցանկանում են, որ վերոնշալ երեք անձանցից Երևանի քաղաքապետ դառնա Աբրահամ Մանուկյանը: Նա «Նոր Ձորաբերդի» տերերից է, ունի շինարարական ֆիրմաներ եւ զբաղվում է սուրճի ներմուծմամբ: Հատկանշական է այն, որ նա ժամանակին պատգամավոր է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով, 2007-ին էլ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ նշանակվել Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ: Իսկ նրա որդին այժմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում զբաղեցնում է վարչության պետի պաշտոն:

Վերջին շրջանում շահարկվեց այն հարցը, թե ԲՀԿ ցուցակի կազմման վրա մեծ ազդեցություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Զուգադիպությամբ, թե այդ ազդեցության արդյունքում ԲՀԿ ցուցակի 42-րդ հորիզոնականում է Ռ. Քոչարյանի եղբոր` Վալերի Քոչարյանի դուստրը` Իրինա Քոչարյանը:

Հանրության շրջանում հայտնիների կողքին ԲՀԿ ցուցակում ընդգրկված են «Երևակ», «Մխիթար Սեբաստացի», Երևանի Իրավատնտեսագիտական քոլեջի մանկավարժներ, «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցներ, անհատ ձեռներեցներ, բուքմեյքերական ընկերություն, օպերատոր, մատակարարներ:

ՀՀԿ-ն ևս ներկայացրել է 195 հոգանոց ցուցակ: Այստեղ հայտնիների հրավառություն է: Առաջին եռյակում են գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամի տնօրեն Սմբատ Լպուտյանն ու ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

ՀՀԿ ցուցակում շատ են ճանաչված արվեստագետները` Արա Երնջակյանը, Մարտին Վարդազարյանը, Լևոն Իգիթյանը, Միքայել Դովլաթյանը, Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:

ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկվածների շարքում կան բազմաթիվ մարդիկ, ում անունը կապվում է Սամվել Ալեքսանյանի անվան ու նրա բիզնեսների հետ: Օրինակ` ցուցակի 44-րդ հորիզոնականում «Լուս Աստղ շուգր» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արթուր Պետրոսյանն է: Նկատենք, որ «Լուս Աստղ շուգր» (Ախուրյանի շաքարի գործարան) ընկերությունը (փոխկապակցված է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ) հարկերը նվազեցրել է 95%-ով։ Բացի այդ՝ ընկերությունում առնվազն կիսով չափ կրճատվել է աշխատակիցների թիվը։ 88-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Վահրամ Կիրակոսյանը, ՀՀԿ-ի ցուցակում է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի «Երևան Սիթի», սուպերմարկետների ցանցի անվտանգության ծառայության պատասխանատու Արշակ Ամիրյանը:

ՀՀԿ ցուցակում են նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարները, ԳԱԱ ինստիտուտների տնօրենները, ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը, ով ներկայացված է որպես անկուսակցական, «Մամա Միա» պիցերիաների ցանցի ղեկավար Կոնստանտին Բակլաչյանը: ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը ևս ընդգրկված է ՀՀԿ ցուցակում: Հիշեցնենք, որ վերջերս Մ. Գրիգորյանի օգնականներից մեկը ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանի օգնականի հետ ծեծկռտուքի էր բռնվել:

Հետաքրքրական է նաև այն, որ ՀՀԿ ցուցակում է «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի տնօրեն Գեղամ Գրիգորյանը, նույն թերթի լրագրող Լիլիթ Եղիազարյանը:

ՕԵԿ-ի ցուցակը թե՛ ներկայացվածների ընդհանուր թվով, թե՛ հանրության շրջանում մեծ ճանաչում վայելող գործիչների թվով զիջում է վերոնշյալ երկու կուսակցություններին: ՕԵԿ ցուցակում 105 հոգի է ընդգրկված: Այն գլխավորում են ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, թիվ 185 դպրոցի ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը: Ցուցակում բացառապես ՕԵԿ անդամներն են: Այստեղ մեծ թիվ են կազմում Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնող անձինք, որտեղ ՕԵԿ-ն ունի գերիշխանություն: ՕԵԿ ցուցակն առանձնանում է նրանով, որ այստեղ ընդգրկված են նաև բլոգերներ: Բժիշկ-կոսմետոլոգներին, դաստիարակներին և ինժեներ-մեխանիկներին ևս ՕԵԿ-ում չեն մոռացել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Համլետ says:

    ՕԵԿ ցուցակում պետք էր ընդգրկել գոնե մեկ՝ արական սեռին սպասարկող գինեկոլոգ…

  2. Համլետ says:

    ,,Էն ո՞վ է՝ ո՞վ,, շարքից՝

    ,,Դո՛ւ՝
    երեք տառ,
    Դո՛ւ՝
    Հասարակ մի դերանուն,
    Եվ ընդամենն այդ քո երեք հատիկ տառով
    Մեր բովանդակ հայությանն ես ներկայանում…,,

    Պատասխանը՝ հաջորդ դասին:))

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031