Այսօր «Մեդիա կենտրոնում» ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին, ասաց, որ այս առումով քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ունի իր անելիքը: «Մենք պատրաստ ենք ընտրություններին եւ այն, որ պատրաստ ենք ընտրողի վստահությունը շահելու, թող որեւէ մեկը չկասկածի»:
Թադեւոսյանը կարծիք հայտնեց, որ այս ընտրություններում բոլորը միասնաբար անելիք ունեն, կապված ընտրակեղծիքների հետ, եւ ի վերջո ժողովրդավարությունը պետք է լինի անդարձ, կայուն ճանապարհ հարթի. ու երբ կուսակցությունը գնում է ընտրության, ապա պետք է մտածի, որ ինքը ինչ որ բան փոխելու է.«Ամեն ինչին պետք է գնանք քաղաքակիրթ ճանապարհով»,-շեշտեց տիկին Թադեւոսյանը:
ՀԱԿ անդամի խոսքով, ցանկացած տեսակի ընտրություններում լինում են կրկնակի քվեարկության դեպքեր. «Այս ընտրություններում 466 ընտրատեղամաս կա, պետք է վերահսկել, չնայած Մուկուչյանն ասաց, որ դրանց թիվը գուցե ավելանա, բայց ինչի հաշվին, երբ արտագաղթ է: Պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր տեղամասում կան թվեր, որոնք արձանագրում են բացակաների թիվը: Ու եթե սա անում են թաղային հեղինակությունները, մենք պետք է պահանջենք, որ ոստիկանությունը ներկայացնի առկաների եւ բացակաների ցուցակները առանձին»,- նշեց Թադեւոսյանը, ավելացնելով, որ միայն այս հարցը լուծելու դեպքում կկարողանան ընտրակեղծիքները հասցնել նվազագույնի:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ