Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամասնական համամասնություն

Մարտ 22,2013 13:09

Երբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը փոքր-ինչ սրվում է, ընդդիմությունը միասնաբար սկսում է պահանջել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգ:

Իրականում հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի պահանջ պիտի առաջանար մի երկրում, որտեղ ոչ միայն բազմակուսակցական համակարգն է լիովին կայացած, այլև` կուսակցությունների գաղափարական համակարգը: Մինչդեռ մեզ մոտ ոչ միայն մեծամասնական ընտրությունն է մեծամասնականի տրամաբանությամբ ընթանում, այլև` համամասնականը: Ավելի պարզ ասած, համամասնական ընտրություններում ընտրողները ոչ թե ԲՀԿ-ին կամ ԲՀԿ-ի գաղափարներն են ընտրում, այլ` անձամբ Գագիկ Ծառուկյանին: Եվ եթե մեկն ասի, որ ընտրողները հանուն Նժդեհյան գաղափարների են հանրապետականների կամ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկում, նույնիսկ հանրապետականները չեն հավատա: Նույն կերպ ընտրողները Րաֆֆի Հովհաննիսյանին են ընտրում, այլ ոչ թե` «Ժառանգությանը»: Եվ եթե ՀԱԿ-ի առաջնորդն անձամբ Տեր-Պետրոսյանը չլիներ, ՀԱԿ-ն իր գաղափարների շնորհիվ Ազգային ժողովի ընտրություններում կստանար այնքան ձայն, ինչքան որ Բագրատյանն ստացավ նախագահական վերջին ընտրություններում:

Կարճ ասած, հայ ընտրողը շարունակում է ոչ թե գաղափարներ ընտրել, այլ` կոնկրետ անձեր, և անձերին էլ ոչ թե հանուն գաղափարների է ընտրում, այլ` ըստ անձնական համակրանքի և ըստ տվյալ անձանց խարիզմայի:

Եթե Հայաստանում բազմակուսակցական համակարգը կայացած լիներ, այսօր ոչ թե ընտրվողները հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգ կպահանջեին, այլ` ընտրողները: Մինչդեռ, եթե անկեղծ լինենք, մեր ընտրողների զգալի մասը մեծամասնականը համամասնականից առանձնապես չի էլ տարբերում; Եվ եթե ավելի անկեղծ լինենք, կնկատենք, որ համամասնականի տեսլականը գնալով ավելի հեռանում է մեզանից, քան` մոտենում, ընդ որում` ոչ թե ընտրողների ապաքաղաքական դիրքորոշման պատճառով, այլ, ընդհակառակը, ընտրվողների:

Շատերն են հիշելով շեշտում, որ մեզանում ընտրակեղծիքների մեքենան սկսեց գործել 1995 թվականի Ազգային ժողովի ընտրություններից սկսած, բայց քչերն են հիշում, որ այդ տարիներին և դրանից էլ առաջ ոչ միայն հայ ընտրողներն էին համամասնորեն մտածում, այլև` ընտրվողները, և ՀՀՇ-ական ընտրվողներից շատերն էին համոզված, որ իրենք ազատական արժեքների կրողներ են, և ԱԺՄ-ականներն էլ իրենց մասին էին էդպես մտածում, և կոմունիստներն էլ շարունակում էին մտածել և հուսալ, որ իրենք կոմունիստ ու սոցիալիստ լինելով` դեռևս ի վիճակի են փրկել մեր բազմաչարչար ժողովրդին, և դաշնակցականներն էլ էին էն ժամանակ երբեմն-երբեմն հիշում, որ իրենք ոչ միայն ազգային ու հեղափոխական են, այլև` սոցիալիստ, և ընտրողներս էլ էինք համարյա նույն կերպ մտածում, և եթե մենք հենց իննսունականների սկզբներին հարյուր տոկոսանոց համամասնականի անցնեինք, շատ ավելի տրամաբանական ու հեռանկարային կլիներ:

Գաղտնիք չէ, որ մեր ընտրողների մի զգալի մասը դեռևս խորհրդային տարիների կարոտախտով է տառապում, բայց նույն այդ մարդիկ գնում և իրենց ձայնը տալիս են ոչ թե կոմունիստներին, այլ` ԲՀԿ-ին, Րաֆֆիին, ՀՀԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին, ում նույն այդ ընտրազանգվածը Սովետը քանդելու մեջ էր մեղադրում, ընդ որում` ոչ առանց որոշակի հիմքերի:

Բայց տվյալ ընտրազանգվածը գնում ու բոլորին ընտրում է` բացի կոմունիստներից: Մինչդեռ համամասնորեն մտածելով` միայն ու միայն կոմունիստների օգտին պիտի քվեարկեին, անկախ նրանից` ով է այդ պահին Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդը:

Այսինքն, մեր ընտրողները նույնպես պատրաստ չեն գաղափարական կամ, այսպես կոչված, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրությունների: Իրականում հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի պահանջով մեզանում առաջին հերթին պիտի հանդես գային կոմունիստներն ու դաշնակցականները, որոնց գաղափարներն ու քաղաքական մոտեցումներն անհամեմատ հայտնի են, քան` իրենց լիդերները: Բայց, չգիտես ինչու, մեզանում հարյուր տոկոսանոց համամասնականի հիմնական պահանջատերը ոչ թե կոմունիստներն են, այլ` առավել ընդդիմադիր կուսակցությունները, որոնք կարծում են թե` այդ ճանապարհով իշխանական շուրջ չորս տասնյակ մեծամասնական տեղերն ԱԺ-ում կտրուկ կնվազեն , և ԱԺ-ի միջանցքներում օլիգարխներն այլևս թրև չեն գա ու եղանակ չեն ստեղծի:

Վախենամ` ճիշտ հակառակը լինի. հարյուր տոկոսանոց համամասնականի դեպքում օլիգարխներն ու մեծահարուստներն ԱԺ-ում ավելի բազմանան և նրանց վրա միգուցե պատգամավորական մանդատն ավելի էժան նստի, որովհետև օլիգարխներն ու գործարարներն արդեն ֆավորիտ կուսակցություններին կմուծվեն և մեկը մյուսի հետևից կներթափանցեն կուսակցական ցուցակներ` ինչի ականատեսը հիմա էլ ենք լինում:

Ավելի ճիշտ չի՞ լինի, եթե մենք, օրենքի տառին կպչելով ու պոկ չգալով, թույլ չտանք պատգամավորի թեկնածու գրանցվել որևէ գործարարի` համոզված ու վստահ լինելով, որ վերջինս իր բիզնեսը ձևականորեն է վերաձևակերպել ազգականի, զոքանչի կամ կնոջ անունով: Դա է պայքարի ամենաարդյունավետ ձևը, եթե, իհարկե, քաղաքական ու քաղաքացիական պայքարի մեր մարտիկները խտրական վերաբերմունք հանդես չբերեն մեր օլիգարխների ու գործարարների նկատմամբ: Այդ դեպքում, համոզված եմ, ԱԺ-ն զգալիորեն ու տեսանելիորեն կմաքրվի ավելորդներից:

Եվ վերջապես` գործարարի ու օլիգարխի ինչի՞ն է պետք ԱԺ մանդատը: Բազմիցս ենք համոզվել, որ, վերևների ցանկության դեպքում, պատգամավորական մանդատը ամենևին էլ պատգամավորի անձեռնմխելիության երաշխիք չէ:

Բարձրացրածս որևէ հարցի չկարողացա սպառիչ պատասխանել, որովհետև կոնկրետ մի հարցի շուրջ չկարողացա կենտրոնանալ: Հաջորդ անգամ կփորձեմ: Ձեր թույլտվությամբ, իհարկե:

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել