ՕԵԿ ավագանու ցուցակը գլխավորող արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ընտրությունների մասնակցության որոշումը բացատրեց իրենց ծրագրերի իրականացման ցանկությամբ:
«Ունենք մեր ծրագրերն ու հայեցակարգերը, որոնք պետք է ներկայացնենք : ՕԵԿ-ը իր գործունեության արդյունքում ապացուցել է, որ կայուն քաղաքական ուժ է եւ կարող է այսօր պայքարել նաեւ այս տեղի համար»,- այսօր ԱԻՆ-ում ասուլիսի ժամանակ ասաց նախարարը:
Հետո հստակեցրեց` քաղաքապետի՞, թե՞ փոխքաղաքապետի պաշտոնը նկատի ունի այս տեղը ասելով. «Քաղաքապետի պաշտոնի համար… Տարոն Մարգարյանն իմ ընկերն է, եւ կոալիցիոն գործընկեր եւ կյանքում ընկերություն ենք անում: Բայց ՕԵԿ-ն ունի իր դիրքորոշումը, մենք ունենք մեր ծրագրերը: Հանրապետական կուսակցությունն իր ծրագրերով, մենք մեր ծրագրերով հանդես կգանք, եւ ժողովուրդը կընտրի` որ ծրագիրն է ավելի հոգեհարազատ»:
Կարդացեք նաև
Հարցին` ավագանու ընտրություններում ձախողելու դեպքում կվերադառնա՞ք ԱԻՆ, նախարարը պատասխանեց. «Ձախողման դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահը կորոշի` ես որտեղ եմ նշանակվելու»:
Նախարարը նշեց նաեւ իրենց կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի ծրագրի տարբերությունները. «Ծրագիրը կներկայացնենք, երբ նախընտրական փուլը սկսվի»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական այլ ուժերը քննադատում են ՀՀԿ-ին` պնդելով, թե վատ են աշխատում, գալիս ենք փոխարինելու, ինչո՞ւ նման քննադատություն ՕԵԿ-ը չի հնչեցնում, պարոն Երիցյանը պատասխանեց. «Շատ հեշտ է քննադատել: Շատ հեշտ է ասել, որ դու լավ չես աշխատում, բայց մարդը պետք է գա ու աշխատի: Ի՞նչ է նշանակում քննադատել ու ոչինչ չասել: Մենք մեծ ծրագրով ենք հանդես գալիս, պետք է ասենք` ինչ ենք ուզում, ինչ ենք ուզում Երեւանի համար փոխել, երեւանցու համար անել… մենք պետք է գնանք ու ապացուցենք, որ սա ենք ուզում»:
Թե ինչ ռեսուրսներով է ՕԵԿ-ը մասնակցելու, հաղթելու, պարոն Երիցյանը հավելեց. «Կրկնում եմ` մեծ ծրագրային ռեսուրսներով, մեր տեսլականով: Ինչ ենք ուզում, որտեղից ուր ենք ուզում գնալ»:
Նա նաեւ հավելեց, որ ինքը չի պատրաստվում քաղաքապետի տեղակալ աշխատել. «Ես երկրորդ տեղը չեմ լինի, ո’չ»: Հարցին, այսինքն քաղաքապետ չդառնալու դեպքում չի՞ հրաժարվի նախարարի պաշտոնից, պարոն Երիցյանը ասաց` կգա ժամանակը, կխոսենք
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ