Գնդապետը դեմ է իր անչափահաս որդուն արտերկիր տանելուն
Դիլիջան քաղաքի բնակչուհի Ալինա Պետրոսյանը 2012թ. դեկտեմբերի 17-ին դիմել է դատարան՝ հայց ներկայացնելով ընդդեմ նախկին ամուսնու՝ ներկայումս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սերգեյ Կարապետյանի: Վերջինս Իջեւանի զորամասի հրամանատարն էր, նա 2012թ. նոյեմբերի 13-ին դատապատվեց 6 տարվա ազատազրկման:
Ա. Պետրոսյանը հայց էր ներկայացրել երեխայի խնամքն ու դաստիարակությունը մորը հանձնելու, երեխայի բնակության վայրր ըստ մոր բնակության վայրի որոշելու, երեխային արտերկիր դուրս գալուն համաձայնություն տալուն պարտավորեցնելու պահանջներով:
Սույն գործով կայացել են նախնական դատական նիստեր եւ դատաքննություն: Ա. Պետրոսյանը եւ Ս. Կարապետյանն ամուսնացել են 2000 թվականին, նույն տարվա հոկտեմբերին ծնվել է նրանց որդին:
Կարդացեք նաև
2012թ. մայիսի 3-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով նրանց ամուսնությունը լուծվել է: Դիլիջանի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգեբարձության հանձնաժողովը կատարել է Ալինա Պետրոսյանի բնակության վայրի ուսումնասիրություն եւ համոզվել, որ տղայի բնակվելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան: Դատարանում Ա. Պետրոսյանն ասել է, որ ինքը Հայաստանում չի կարողանում համապատասխան աշխատանք գտնել եւ որդու համար ապրուստ ստեղծել, որ երեխայի համար բարեկեցիկ կյանք կարող է ապահովել արտերկրում աշխատելով, որ տղային իր հետ արտերկիր տանելու համար անհրաժեշտ է հոր գրավոր համաձայնությունը:
Դիլիջանի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգեբարձության հանձնաժողովի անդամի հետ զրույցի ժամանակ տղան ասել է հետեւյալը. «Ես չեմ ուզում հեռանալ Դիլիջանից, այլ տեղ ես պետք է նոր լեզու սովորեմ, նոր ընկերներ գտնեմ, իսկ այստեղ լավ է…Ես ուզում եմ ապրեմ հայրիկիս եւ մայրիկիս հետ՝ Հայաստանում»:
Դատարանում 13-ը դեռեւս չլրացած տղան ասել է, որ ցանկանում է բնակվել մոր հետ, գտնվել նրա խնամքի տակ եւ վերջինիս կողմից բնակության այլ վայր տեղափոխվելու դեպքում ինքը պատրաստ է նրա հետ տեղափոխվելու:
Ս. Կարապետյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հայտնել է, որ դիրքորոշումը կհայտնի իր ներկայացուցչի՝ փաստաբանի միջոցով,սակայն պատշաճ ծանուցված լինելով դատական նիստերի վայրի եւ ժամանակի մասին, չի ապահովել դրանց իր ներկայացուցչի մասնակցությունը:
2012թ. հոկտեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ուղարկված գրությամբ Սերգեյ Կարապետյանը հրաժարվել է համաձայնություն տալ, որ իր անչափահաս որդին մեկնի արտերկիր:
Մարտի 20-ին Դիլիջան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը որոշել է Ալինա Պետրոսյանի հայցը մասնակի բավարարել, երեխայի խնամքն ու դաստիարակությունը հանձնել մորը: Դատարանը հայցի մյուս մասերը մերժել է: Երեխային արտերկիր տանելու համար Սերգեյ Կարապետյանին համաձայնություն տալու պարտավորեցնելու պահանջը դատարանը համարել է անհիմն, քանզի որ հայցվորն ապացույցներ չի ներկայացրել, թե կոնկրետ որտե՞ղ է ցանկանում մեկնել, ո՞ր հասցեում բնակություն հաստատել, արդյոք այդ բնակարանն ապահովվա՞ծ է անհրաժեշտ պայմաններով, արտերկիր տանելը չի՞ վնասի երեխայի շահերին, ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը, բարոյական զարգացմանը: Դատարանը հաշվի է առել, որ հոգեբարձության եւ խնամակալության մարմինը եւս Ա. Պետրոսյանի այդ պահանջը համարել է ոչ նպատակահարմար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ