Երեւանցիները իրենց մտքով են քվեարկելու, երիտասարդ քաղաքական գործիչ Շարմազանովի թելադրանքով չեն քվեարկելու
ՀՅԴ-ի համար ավագանու ընտրությունները հնարավորություն են ապացուցելու, որ իրենց կշիռն այն չէ, ինչ-որ գրվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այսօր այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: ՀՅԴ-ն գնում է այդ ընտրություններին ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով, որ երեւանցիներին համոզի, որ կարող են վստահել, ձայն տալ ՀՅԴ-ին ու ՀՅԴ-ն Երեւանը արդյունավետ կկառավարի: «Նախագահական ընտրություններից հետո այս ընտրությունները չեն կարող լինել ոչ քաղաքական»,- ասաց Վարդանյանը հավելելով, որ ՀՅԴ-ն այս ընտրությունները համարում է եւ քաղաքական, եւ Երեւանի կառավարման:
«Շատերը պարզ տեսնում են, որ վարչական ռեսուրսը գործի է դրվել, ֆինանսական ռեսուրս է ներդրվել, թաղային հեղինակությունները թաղից թաղ իրենց ախպերությանն են փորձում մոբիլիզացնել: Ընտրախախտումներն այսօր արդեն սկսվել են»,- հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավորը:
ՀՅԴ-ին վախեցնում են իշխանության ընտրությունից-ընտրություն կատարելության մասին հայտարարությունները. «Մենք մի բան գիտենք`Երեւանը չի վաճառվում:
Կարդացեք նաև
Մենք այս անգամ ամեն ինչ անելու ենք`ցույց տալու համար Դաշնակցության իրական դեմքը, ինչը մեզ մինչեւ հիմա չենք հաջողել»:
Անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի այն հայտարարություններին, որ Տարոն Մարգարյանը վերջին քսան տարիների լավագույն քաղաքապետն է, Վարդանյանը ասաց. «Ով է չափել, որ վերջին քսան տարիների լավագույն քաղաքապետը գործող քաղաքապետն է: Քաղաքապետարանի աշխատակազմի մեծամասնությունը ՀՀԿ-ականներ են, բայց եթե խոսեք մարդկանց հետ`կասեն, որ ավելի լավ քաղաքապետեր էլ ենք ունեցել: Շարմազանովի հայտարարությւոնը նույն օպերայից է, որ մեկ անգամ էլ ենք լսել: Երեւանցիները իրենց մտքով են քվեարկելու, երիտասարդ քաղաքական գործիչ Շարմազանովի թելադրանքով չեն քվեարկելու»:
Ինչ մնում է ընդդիմության միավորմանը, բանախոսն ասաց, որ ՀՅԴ-ն ամեն ինչ արեց ընդդիմության միավորման համար: Ինչեւէ: Ստեղծված իրավիճակում բանախոսը հնարավոր է համարում ընդդիմության ավելի արդյունավետ պայքարը եւ հեռանկար է տեսնում հետագայում համագործակցությունը`միավորելով ուժերը. «Իշխանության ուժ կլինի, թե այլ`ընտրակաշառքներով աշխատելը մեր հասարակության միջից պետք է հանենք: Ու այստեղ հսկայական է լրատվամիջոցների դերը: Ընդդիմությունը լիարժեք հնարավորություն ունի `համախմբվել, քաղաքը կառավարել ավելի արդյունավետ, հակակշիռ ստեղծել եւ իշխանություն-ընդդիմություն համագործակցություն ստեղծել: Այս երկրի համար եւ իշխանությունն է պատասխանատու, եւ ընդդիմությունը»:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին էլ, բանախոսն ասաց, թե այն շեմը, նշաձողը, որը Րաֆֆին է դրել`միայն իմ դիակի վրայով, չի հասկանում. «Վախենում եմ, որ կողմերը ճիշտ չգնահատեն իրավիճակը եւ սահմանն անցնեն: Ես չեմ ուզում, որ մեր երկիրն ու պետությունը եւս հինգ տարի ընտրությունների հետեւանքները հաղթահարելվ զբաղվի: Եթե իշխանությունները հասարակության ազդակներից չեն ազդվում, գալիս է հասարակական լայն ընդվզման առիթ: Իշխանությունը մտածում է`կմարի, կանցնի, բայց ես ձեզ վստահեցնում եմ, մարդկանց մտածողության մեջ բան է փոխվել եւ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է համատեղ ուժերով մտածեն այս իրավիճակից դուրս գալու համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ