Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕԵԿ. «Լինելով իշխանության մեջ՝պետք չի ասել, որ ամեն ինչ լավ է եւ վարել ջայլամի քաղաքականություն»

Մարտ 22,2013 12:23

Խաչիկ Հարությունյանը գտնում է, որ «Բարեւ Երեւան» դաշինքի շանսերը բավականին մեծ են այս ընտրություններում

«Մեր թեկնածուն բավականին մրցունակ է, ինչպես գիտեք, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է: Գնում ենք շատ վճռական»,- այսօր «Հենարան» ակումբում հրավիրած ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ շտաբի պետ եւ ՕԵԿ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:

Թե ինչու այն քաղաքական ուժերը, որոնք չմասնակցեցին նախագահական ընտրություններին, բայց մասնակցում են Երեւանի ավագանու ընտրություններին՝ ըստ պարոն Հարությունյանի, «Երեւի իրենց ուժերին այնքան էլ վստահ չէին, դրա համար չմասնակցեցին»:

Պարոն Հարությունյանի դիտարկմաբ՝ «Այն սրությունը, այն ատելության մթնոլորտը, որ կար քաղաքական դաշտւմ 2009-ին, այսօր չկա»: Հարցին՝ ՕԵԿ ցուցակի երկրորդ համարը նախկին ՀՀԿ-ական, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն է, ո՞րն է նրա վաստակը՝ նա պատասխանեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններում նա բավականին փորձ ունի. «Ինքը բավականին բանիմաց է եւ տեղյակ այդ աշխատանքից: Նրա հայտնվելը Երեւանի ավագանիում կարծում ենք ոչ միայն օգուտ է ՕԵԿ-ին, այլեւ մայրաքաղաքին»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ մամուլում շրջանառվում է, որ մարզերում աշխատող ուսուցիչների վրա պլան են դրել ՀՀԿ-ականները, որ մայրաքաղաքում ինչքան հնարավոր է շատ ձայն բերեն իրենց թեկնածուին, դուք նման պլան դրե՞լ եք ՕԵԿ-ական ուսուցիչների վրա: Խաչիկ Հարությունյանը պատասխանեց, որ նորմալ է, երբ կուսակցականներն իրենց բարեկամներին, հարազատներին խնդրեն, որ քվեարկեն իրենց թեկնածուին, ուղղակի դա չպիտի արվի ճնշումների միջոցով. «Մենք գտնում ենք, որ Երեւանի կառավարման համակարգում պետք է արվեն լուրջ փոփոխություններ: Տրանսպորտի Երեւանի կառուցապատման, բնակֆոնդի հետ կապված ունենք կոնկրետ ծրագրեր: Չի կարելի ասել, որ այսօր ոչինչ չի արվում: Բավականին բան է արվում»:

Հարցին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանից գո՞հ եք՝ նա պատասխանեց. «Ինքը բավականին կազմակերպված անձնավորություն է, եթե շատ շատերի հետ համեմատելու լինենք, տեսնում ենք, որ գործ ունենք շատ պարկեշտ անձնավորության հետ: Բայց եթե ամեն ինչ լիներ իդեալական, մենք ինչո՞ւ էինք մասնակցելու: Տրանսպորտի հետ կապված ասեմ, որ չեմ կարծում, որ կան այնպիսի հարցեր, որոնք լուծումներ չունեն: Կարելի է խնդիրը կարգավորել: Ավտոբուսները գալիս են, բայց տեմպերը դանդաղում են, միկրոավտոբուսներով Երեւանը խեղդել են»:

Մեր հարցին, թե ո՞ւմ եք համարում հիմնական մրցակից՝ Խաչիկ Հարությունյանը պատասխանեց. «7 քաղաքական ուժերն էլ հենց այնպես չեն մասնակցում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ակնկալիքները նաեւ հաղթելու: Որեւէ մեկին անտեսել չի կարելի»:

Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ ընտրություններում եւ առհասարակ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի հետ սերտորեն համագործակցում է, միմյանց թեկնածուներին եք սատարում, իրենց դիրքորոշումները, հիմա այս ընտրություններում ձեր մասնակցությունը զուտ ընդդիմության ձայները փոշիացնելու նպատակ չի՞ հետապնդում՝ Խաչիկ Հարությունյանը պատասխանեց. «2008-ից այս կողմ պայմանավորվել էինք, որ նախագահի թեկնածու չէինք առաջադրելու եւ սատարելու էինք Սերժ Սարգսյանին: Ոչ մի այլ պայմանավորվածություն այլ ընտրությունների հետ կապված չունենք: Մենք ի վերջո ազատ ենք մեր դիրքորոշումներում եւ գործելակերպում: Այստեղ որեւէ հակասություն չկա:

Մենք առանձին սուվերեն քաղաքական ուժ ենք»:

Դիտարկմանը, որ եթե լինելով իշխանության մաս, կազմելով կոալիցիա, նշում եք, որ կտրուկ փոփոխություններ են պետք, նշանակում է՝ իշխանական ուժը այդ պահին սխալ ուղիով է գնում կամ ինչ-որ բան այն չի անում՝ ՕԵԿ պատգամավորը պատասխանեց. «Դրա համար մենք մասնակցում ենք ընտրություններին եւ անում ենք մեր առաջարկությունները: Լինելով իշխանության մեջ գիտեք ինչ, պետք չի ասել, որ ամենն ինչ լավ է եւ վարել ջայլամի քաղաքականություն: Եթե ասենք ամեն ինչ լավ է, քաղաքական ուժերն իրենց դերը կկորցնեն»:

Հարցին՝ ընդդիմաության շանսերը Երեւանի ավագանու ընտրություններում ինչքա՞ն եք գնահատում՝ նա պատասխանեց, որ նախագահական ընտրությունների ալիքը կհասնի ավագանու ընտրություններին: Մասնավորապես դա կլինի «Բարեւ Երեւան» դաշինքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031