Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի երիտասարդները տոլմա պատրաստել են սովորել (Տեսանյութ)

Մարտ 22,2013 12:17

Հայերը նրանց նաեւ ազգային պարեր են ցուցադրել

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այսօր խոսվեց «Healthy urban life» ուսանողական փոխանակման միջազգային ծրագրի մասին, որի շրջանակներում մարտի 20-26–ը Երևանում կկայանա ծրագրի մասնակիցների հանդիպումը։ Ծրագրի մասնակիցներն Էստոնիայի, Լատվիայի, Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդներ են, ովքեր ուսումնասիրում են մեծ քաղաքների ազդեցությունը մարդկանց առողջության վրա։

Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանը նշեց, որ քոլեջի համագործակցությունը եվրոպական երկրների հետ սկսվել է դեռեւս չորս տարի առաջ. «Սերտ համագործակցում ենք մասնավորապես Էստոնիայի եւ Լատվիայի հետ: Փոխադարձ այցելությունների շնորհիվ ծնվեցին նոր ծրագրեր եւ հանդիպումներ, այդ թվում` այս ծրագիրը: Հայտը ներկայացրել է Էստոնական կողմը` ընդգրկելով նաեւ հայկական կողմին: Ծրագրին մասնակցում են մինչեւ 17 տարեկանները: Ծրագրի նպատակն է` նրանց շրջանում զարգացնել հանդուրժողականությունը, համբերությունը, բարձրացնել հետաքրքրությունը հարեւան երկրների մշակույթի եւ խոհանոցի հանդեպ, ինչպես նաեւ` միմյանց շրջանում հարգանք ձեւավորել: Կարծում եմ` ծրագիրը հաջողվել է»:

Պարոն Վարդանյանի խոսքով. «Հյուրերը տպավորված են հայկական կողմի ընդունելությունից: Սա մեր մշակույթը ներկայացնելու հիանալի հնարավորություն է»:

Էստոնիայի Նարվայի «Վանալինա» պետական դպրոցի ներկայացուցիչ Նատալիա Մախնովան հայտնեց, որ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից. «Սա հնարավորություն է, որպեսզի երիտասարդները շփվեն, դրսեւորվեն եւ ներկայացնեն իրենց նախաձեռնությունները»: Մախնովան ասաց, որ Երևան եկած մասնակիցները շրջում են քաղաքով, ուսումնասիրում այն եւ ուշադրություն դարձնում այն հանգամանքին, թե ինչն է քաղաքացիներին հաճելի Երևանում:

JASMA Զարգացման և Համագործակցության բազմամշակութային երիտասարդական միավորման ներկայացուցիչ Ալեքսանդր Մորոզովը (Լատվիա) պատմեց, որ «դասական» ճանապարհով չեն նախընտրել գալ Երևան. «Ռիգայից ինքնաթիռով ժամանել ենք Թբիլիսի, որտեղից էլ միկրոավտոբուսով հասել Երևան: Սևանն ենք տեսել»: Մորոզովը նշեց, որ ծրագիրը հագեցած է եւ տպավորիչ. «Երեկ, օրինակ, միջմշակութային երկխոսության երեկո կայացավ, որի ընթացքում ամեն երկիր ներկայացրեց իր ազգային կերակրատեսակները: Մենք տոլմա պատրատել սովորեցինք, իսկ ռուսները բլինչիկ էին պատրաստել: Հայերը նաեւ իրենց պարերով ցնցեցին: Էստոնացիները եւ ռուսները «շոկի» մեջ էին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031