ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» և «Առաքելություն» կուսակցությունների հարգելի թեկնածուներ
Մինչ Ձեր նախընտրական քարոզարշավը սկսելը, թույլ տվեք հիշեցնել, որ այսօր Երևանում բնակվում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 60.000 մարդ: Նրանք շարունակում են մեկուսացած ապրել, երբ մեր քաղաքում կառուցվում են նոր շենքեր, ներկրվում են տրանսպորտային նոր միջոցներ: Կառուցվող կամ վերանորոգվող շինություններում, փողոցներում և հասարակական վայրերում չեն պահպանվում այն շինարարական նորմերը, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր են ապահովում: Եվ այդ ամենն արվում է ինչպես ՀՀ օրենսդրությունը, այնպես էլ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի դրույթները խախտելով:
Հարգելի թեկնածուներ, կոչ եմ անում ծրագրեր կազմելիս և Երևանի քաղաքապետ ընտրելիս առանձնակի ուշադրություն դարձնել այս խնդրին: Խոսքը փաստաթղթերում ընդհանուր ձևակերպումների կամ իրենց դարն ապրած մոտեցումների մասին չէ, ոչ էլ անհարկի շահարկումների, որոնց ականատեսն ենք դառնում ընտրությունից ընտրություն: Հավատացեք` այդ ամենը սովորել ենք հեշտությամբ տարբերել: 21-րդ դարի Երևանում ապրող հաշմանդամություն ունեցող մարդուն մատչելի միջավայր ապահովելու համար հստակ, կոնկրետ և չափելի գործողություններ են անհրաժեշտ, պատասխանատու և բարեխիղճ քաղաքապետ` անկախ այն բանից, թե որ կուսակցության անդամ է:
Համոզված եմ, որ մեր քաղաքը բոլորինը դարձնելու գործում ձեզ կօգնեն ոչ միայն հասարակական կազմակերպությունները, այլ նաև իրենց քաղաքը սիրող ինձ նման բնակիչները: Ես մեկն եմ այն հազարավոր քաղաքացիներից, ովքեր արհեստական խոչընդոտների պատճառով իրենց օտար են զգում մայրաքաղաքում. Երևանը իմը չէ:
Կարդացեք նաև
Ձեր ծրագրերը մշակելուց և խոստումներ տալուց առաջ հիշեք նաև իմ մասին: Մայիսի 5-ին ես ևս գնալու եմ ընտրության, որովհետև ուզում եմ, որ Երևանը դառնա նաև իմ քաղաքը: Ես ոչ միայն արժանի եմ դրան, այլ դրա իրավունքն ունեմ: Ի վերջո, այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին:
Հաջողություն եմ մաղթում ձեզ:
Հարգանքով`
Երևանի բնակիչ` Զարուհի Բաթոյան