Լրահոս
Օրվա լրահոսը

Էդ. Շարմազանով. «Րաֆֆի Հովհաննիսյանն այս գործելաոճով փակուղում է հայտնվել»

Մարտ 22,2013 11:53

Հատված ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ հարցազրույցից:

– Մի կողմը պնդում է, թե կեղծել են, մյուսը՝ փաստեր չունեք։ Ի վերջո, այս ամենի ելքը ո՞րն է։

– Շուտով Երևանի ավագանու ընտրություններն են, որին մասնակցում են գրեթե բոլոր ընդդիմադիր և այլընտրանքային ուժերը։ Այսօր Րաֆֆին փորձում է իր էմոցիոնալ գնահատականներով հակաիշխանական ընտրազանգվածին տանել իր առանցքի շուրջը։ Ինքը շատ լավ հասկանում է, որ Երևանի ավագանու ընտրություններում չի լինելու հիմնական ընդդիմադիր և իշխանական թեկնածու։ Պայքարը գնալու է հակաիշխանական բևեռում՝ ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ։ Եվ այն տոկոսները, որ նա Երևանում ստացել է, պետք է բաժանվի այդ ուժերի միջև։ Սրանով են պայմանավորված նրա հայտարարությունները։ Հարկ է նկատել նաև, որ այս գործելաոճով նա փակուղում է հայտնվել։ Հովհաննիսյանն այս մեթոդով ինքն իրեն դուրս է դրել քաղաքական գործընթացից: Սա քաղաքական պայքարի ձև չէ։ Եթե դու համառությամբ ասում ես, որ մածունը սև է, ո՞րն է մեր անելիքը։ Հանրապետության նախագահը խնդրեց, հորդորեց վերադառնալ կառուցողական դաշտ, սակայն մարդն ասում է՝ չէ, ես հաղթել եմ։ Չնայած փաստեր չունի։ Սա արդեն անլուրջ է։

– Ասել կուզե, այսպե՞ս է պատրաստվում Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ ամեն դեպքում պայքարի այս ձևը տանում է ձայների փոշիացման։

– Այն, որ ինքը չի ունենալու այնքան ձայն, որքան նախագահի ընտրությունների ժամանակ, պարզ երևում է։ Բոլոր այն ձայները, որ Սերժ Սարգսյանն ստացել է, իրենն են։ Այդ 58 % ձայնը մեծ վստահության պաշար է։ Ապագա հինգ տարիներին ձեռքներս քշտած պիտի աշխատենք հանուն մեր պետության ամրապնդման։ Իսկ այն 37 %-ը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է ստացել, ոչ այնքան նրանն է, որքան հակաիշխանական ընտրազանգվածինը։ Անընդհատ ասում են՝ քաղաքական ճգնաժամ է, ինչի՞ մասին է խոսքը, Ֆրանսիայի նման երկրում 40 % ընդդիմություն կա, ԱՄՆ-ում Ռոմին քանի՞ տոկոս հավաքեց, Րաֆֆիից ավելի շատ, բա ինչո՞ւ ինչ-որ մեկը չի ասում, որ ԱՄՆ-ում ճգնաժամ է։ Պետք է խորհրդային մտածելակերպից դուրս գանք, թե իշխանությունը պետք է ընտրվի 75-80 %-ով։ Բրեժնևյան ժամանակներն անցել են։ Բոլոր ժողովրդական երկրներում մարդիկ ընտրվում են 53-58 %-ի սահմաններում, լավ, քարը պայթի՝ 60 %: Ու սա նորմալ է։ Կատարյալ քաղաքական անգրագիտություն է, որ եթե ընդդիմադիր թեկնածուն 37 % տոկոս է ստացել, ուրեմն ճգնաժամ է։ Այո, մեր երկրներում կան խնդիրներ, բայց դա մի բան է, մեկ այլ բան՝ մարտահրավերները, լրիվ այլ՝ ճգնաժամը։

– Պարոն Շարմազանով, Ձեր խոսքում նշեցիք, որ «ՀՀԿն ձեռքերը քշտած պիտի անցնի գործի»։ Հետաքրքիր է՝ նախորդ հնգամյակում ի՞նչ էիք անում։

– Այնպես չէ, որ նստել էինք թախտին, սպասում էինք բախտին։ Նախորդ տարիներին էլ ձեռքներս քշտած աշխատել ենք։ Եղել են թերություններ, բացթողումներ, բայց նաև հաջողություններ։ Հաջողություն չէ՞, երբ ճգնաժամի շրջանում հազարավոր բնակիչների համար աղետի գոտում բնակարաններ ես կառուցում։ Հաջողություն չէ՞, երբ նախկին թշնամական վերաբերմունքն այսօր չկա։ Հաջողություն չէ՞, երբ լրատվամիջոցների ազատությունն անհամեմատ մեծացել է։ Հաջողություն չէ՞, երբ իշխանությունը երկխոսության է գնում, ավելին, ինքն է հրավիրում։ Հաջողություն չէ՞, երբ նախագահը նամակով դիմում է, թե ախպեր ջան, ինչ կարծիք ունես, բեր նստենք, քննարկենք, պատրաստ ենք լսելու։ Հաջողություն չէ՞, երբ եվրոպական մի շարք երկրներում ճգնաժամի տարիներին բյուջեն կրճատվում է, կենսաթոշակները պակասում են, աշխատատեղերը փակվում, մեզ մոտ աշխատատեղեր են ավելանում։ Սա բավարա՞ր է, իհարկե, ոչ։ Կամ հաջողություն չէ՞, որ այս տարիներին մեր ռազմական համագործակցությունն ենք ամրապնդում, մեր բանակն ենք ուժեղացնում, դեմքով շրջվում դեպի գյուղը, խորհրդարանը դառնում է քաղաքական բազմակարծության ամբիոն։

«Բազմակարծության ամբիոնում» օլիգարխներ չկա՞ն։

– Դասական իմաստով, օլիգարխ չկա։ Եթե նկատի ունեք գործարարներին, ամբողջ աշխարհում էլ մարդիկ, որոնք սեփականատեր են, եղել են նաև քաղաքականության մեջ։ Ռոքֆելլերներն ունեցել են սեփական բիզնես, բայց նրանց ընտանիքի անդամը եղել է Նյու Յորքի նահանգապետ։ Մի բան է սեփականատեր լինելը, մեկ այլ բան՝ բիզնեսի կառավարումը։ Նրանք, ովքեր այսօր ԱԺ-ում են, իրենց բիզնեսն ուղիղ չեն կառավարում։ Սահմանադրությունը չի արգելում այն մարդուն, ով ունի սեփականություն, զբաղվել քաղաքականությամբ։ Խորհրդարանում չունենք մի պատգամավոր, որ իր բիզնեսը կառավարում է դեյուրե։

– «Բիզնես» ասացիք՝ հիշեցի։ Այս քառօրյայում ԲՀԿն «ձեռնպահ» քվեարկեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նիստ հրավիրելու որոշման նախագծին, որի ժամանակ տեղի է ունենալու նախագահի երդմնակալությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Ինչպես խորհրդարանում ներկայացված երկրորդ ուժը անհասկանալի դիրքորոշում ունեցավ նախագահական ընտրություններում, որևէ ծպտուն չհանեց, կրավորական կեցվածք ընդունեց, այնպես էլ հիմա է։ Այս ամենն առնվազն զավեշտալի ու տարօրինակ է։ «Դեմ» որ քվեարկեին, գոնե կհասկանայի՝ ինչ-որ բանի դեմ են, բայց ինչի՞ն են «ձեռնպահ»։ Այսինքն՝ «ձեռնպահ» են ապրիլի 9-ի նիստի՞ն, որը այսպես, թե այնպես լինելու է։ Գոնե վարման կարգի հետ կապված խոսք վերցնեին, էնտեղ ո՞վ է խոսում, դե պարոն Ծառուկյանը չի գալիս, Նաիրա Զոհրաբյանը կամ Վարդան Օսկանյանը և բացատրեին իրենց դիրքորոշումը։ Տարօրինակ էր ԲՀԿ-ի նման կրավորական կեցվածքը։ Այդ ուժը հայտարարում է, թե իր առանցքի շուրջը պետք է համախմբվեն, բայց չէ՞ որ «ձեռնպահների» հետ որևէ մեկը, որևէ հարցով չի համախմբվում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031