Գարնան գալստյան հետ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է ցուցադրել նոր և եզակի արվեստանմուշներ, որոնք համալրում են Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուն:
Գաֆէսճեան քանդակների պարտեզում հայտնվել են բրիտանացի արվեստագետների աշխատանքներ, որոնք ուղղակիորեն կապված են Լոնդոնում 2012 թվականին անցկացված Օլիմպիական խաղերի հետ: Նրանց թվում են քանդակագործ Ջոն Քլայվի «Սպեկտրալ սյուների շարքը», որը ներկայացվել է օլիմպիական ավանում, և հայտնի երիտասարդ արվեստագետ Թոմ Հիլի պայտերից պատրաստված բնական չափերի «Օլիմպիական ձիերը»: Թոմ Հիլը ստեղծում է մեծ թվով անիմալիստական քանդակներ՝ փղեր, եղջերուներ, հովազներ, ուղտեր, որպես նյութ օգտագործելով պայտը: Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղադրված ձիերի այս զույգը ձիարշավի մրցումների համար նախատեսված արգելքների մաս է կազմել:
Հաջորդ կենդանակերպ քանդակները տեղ են գտել 50-ամյակի հուշարձանին հարակից կանաչապատ տարածքում: Բրիտանացի քանդակագործ Ուիլֆրեդ Պիտչարդը ունի տարբեր փիլիսոփայական ենթատեքստերով սյուրռեալիստական աշխատանքներ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում է հայտնվել նրա պողպատե հսկայական «Տարանտուլ» սարդը, որի համար մարդը նույնքան փոքր է, որքան իրականում սարդը՝ մարդու համար:
Կենդանակերպ քանդակների շարքում են նաև ֆրանսիացի հայտնի քանդակագործ Դանուի երկու աշխատանքները՝ «Զեբր» և «Գառնուկ»: Դանուն հայտնի է երկաթե շիթերից ստեղծված աշխատանքներով, որոնք թափանցիկ սիլուետային տպավորություն են ստեղծում՝ միևնույն ժամանակ իրենց հարթայնության մեջ եռաչափություն փոխանցելով:
Կարդացեք նաև
Թանգարանի՝ այս բնության տարրերով հագեցած հատվածում է տեղադրվել նաև Ջեննի Փիքֆորդի «Հսկայական խատուտիկը»: Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու այս արվեստագետի այլ աշխատանքներին նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնի շարժասանդուղքներին կից հարթակներում՝ «Զանգակածաղիկ» և «Կյանքի շրջաններ»: Համադրելով մետաղն ու ապակին՝ Փիքֆորդը ստեղծում է բնությունից ներշնչված քանդակներ:
ԼիլիթՍոխակյան