2013 թ-ի մարտի 19-ին ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավարին է հանձնվել «Երիտասարդական շարժման պահանջները» վերնագրով, ապատեղեկատվություն, սպառնալիքներ, անհասկանալի ձևակերպումներ և պահանջներ պարունակող անստորագիր մի գրություն: Նշված պահանջների վերաբերյալ համալսարանն իր դիրքորոշումն արդեն արտահայտել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության կողմից տարածված երկու պարզաբանող հայտարարություններում (2013 թ-ի մարտի 1-ին և մարտի 15-ին):
Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ Երևանի պետական համալսարանը, գիտակցելով իր դերն ու առաքելությունը, հաստատակամ է ԵՊՀ աշխատակիցների և ուսանողների իրավունքների պաշտպանության հարցում, վերահաստատում է հավատարմությունը քաղաքացիական ազատություններին և հորդորում է զերծ մնալ ԵՊՀ բնականոն գործունեությունը վնասող քայլերից:
Ի դեպ, ԵՊՀ-ի առջև ակցիան կազմակերպող երիտասարդներին հորդորում ենք չփչացնել կանաչապատ տարածքները և հարգել ԵՊՀ կանաչապատման բաժնի աշխատանքները:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն