Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիականի ուսխորհրդի նախագահ. Վարդան Պետրոսյանի հետ հանդիպումն ի վերջո կկայանա

Մարտ 22,2013 11:19

Սիրված դերասան Վարդան Պետրոսյանի մուտքը` Հայաստանում Ֆրանսիական համալսարան արգելելը բուռն արձագանք է առաջացրել մամուլում: Քանի որ հանդիպումը ֆրանսիական համալսարանի ուսանողների ցանկությամբ էր, եւ պետք է կազմակերպվեր ուսխոհրդի կողմից, Ֆրանսիական համալսարանի ուսխորհրդի նախագահ Պարույր Աբրահամյանից Aravot.am –ը հետաքրքրվեց` ի՞նչ է եղել իրականում:

«Մեր ուսանողներից ուսխորհրդին դիմեցին դերասան Վարդան Պետրոսյանին Ֆրանսիական Համալսարան հրավիրելու առաջարկով: Ես բնականաբար կապվեցի և բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեցի ադմինիստրացիայի հետ`հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում ևս եղել են այսպիսի դեպքեր, երբ պայմանավորվածությունը ադմինիստրացիայի հետ եղել է ոչ պաշտոնական, չնայած որ ըստ կարգի դա պետք է ընդունի գրավոր և պաշտոնական տեսք (ադմինիստրացիային տեղեկացնել ասելով ես ի նկատի ունեմ նրանցից ինչ-որ մեկին,այլ ոչ բոլորին առանձին առանձին): Այսպես վարվելով մենք ուղղակի փորձում ենք խուսափել բյուրոկրատական քաշքշուկներից, և սա ճիշտն ասած առաջին դեպքն էր, երբ խնդրի առջև կանգնեցինք: Ինչը ճիշտ է՝ ճիշտ է, մինչ այս ադմինիստրացիան միշտ բաց է եղել այս կարգի հարցերում:Ես միայն կարող էի ենթադրել, թե ինչը կարող էր հիմք լինել հանդիպումը մերժելու,և որպեսզի իմ այդ ենթադրությունները սխալ դուրս գան,ես պնդեցի որ այդ հանդիպումը ի վերջո կայանա և այն կկայանա: Այս անգամ հրավերը կլինի կանոնակարգի բոլոր դրույթները պահպանելով: Իսկ ժամկետների մասին դեռ չեմ կարող ասել»,-պատասխանեց Պարույր Աբրահամյանը:

Հարցրինք` տեղյա՞ կ է, որ իրենց բուհի որոշ ուսանողներ մասնակցել են Սլավոնական համալսարանում Վարդան Պետրոսյանի հետ հանդիպմանը եւ անգամ ներողություն խնդրել Ֆրանսիականում չկայացած հանդիպման համար: «Հանդիպմանը մասնակցել են մեր ուսանողներից երեքը: Ես նրանցից մեկին գիտեմ,ով այդպիսի բան չի ասել, ինչ վերաբերվում է մյուսներին, տեղյակ չեմ, բայց ամեն դեպքում այդ ուսանողներին կարելի է հասկանալ»,-նշեց մեր զրուցակիցը:

Իսկ ճշտվա՞ծ էր Վարդան Պետրոսյանի հետ հանդիպման թեման: «Մենք պարոն Պետրոսյանին տեղեկացրեցինք ,որ համալսարանում քաղաքական ենթատեքստով հանդիպումներ չեն թույլատրվում:Ըստ կանոնակարգի է այդպես, մենք չենք գրել այն, և բարեբախտաբար, թե դժբախտաբար համալսարանի պատերի ներսում իրավունք չունենք այդպիսի գործունեությամբ զբաղվելու, և այդ մասին պարոն Պետրոսյանը քաջատեղյակ էր:Արդյունքում նա մեզ առաջարկեց թեմա սահմանել հանդիպման համար և մենք կանգ առանք «Ուսանողությունը և նրա վաղվա օրը» թեմայի ընտրության վրա:Մեր միակ նպատակը անվանի դերասանի կյանքի փորձից, պատմություններից մաքսիմալ օգուտ քաղելն էր, ինչ որ բաներ սովորելը, և նրա ձեւակերպմամբ` «քաղաքացիական զգացումների արթնացումն ու ամրապնդումը»: Կրկնում եմ` ո’չ քաղաքական,այլ քաղաքացիական: Եկեք իրատես լինենք:Բոլոր կողմերից էլ մեղքի բաժին կար, և եթե խնդիր է ծագում, ապա բոլորն են մեղավոր: Արդյունքում առավել տուժեցինք մենք՝ ուսանողներս, որ ընդամենն ուզում էինք ինչ- որ բան սովորել: Քննադատորեն եմ վերաբերվում այն շրջանակներին,որոնք այս հարցը ծայրաստիճան քաղաքականացրեցին և շահարկեցին ինչ-ինչ միավորներ վաստակելու համար: Սա չի առնչվում այն մարդկանց եւ խմբերին,ովքեր սրտի ցավով էին վերաբերվում այս ամենին:

Ուզում եմ նաև անդրադառնալ մեկ այլ հարցի և մեկընդմիշտ տալ դրա պատասխանը:Հաստատ չեմ կարող ասել, թե մյուս համալսարաններում ինչպես է,բայց ՀՖՀՀ ուսխորհուրդը ապաքաղաքականացված մարմին է և չի կատարում ինչ-որ քաղաքական ուժերի հրահանգներ,ինչը խրախուսվում և պարտադրվում է, ինչպես ադմինիստրացիայի, այնպես էլ, ինչը շատ ավելի կարևոր է,ուսանողների կողմից: Համալսարանում ներկայումս կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը մեզ համար առաջնային է, և որոնց լուծման շուրջ ուսանողական խորհուրդը ակտիվորեն աշխատում է: Ամեն դեպքում ուսանողների ձայնը ժամանակի հետ զուգընթաց ավելի լսելի է դարձել, և մեզ հետ հաշվի են նստում: Վստահեցնում եմ` նոր սերունդը շատ բան է փոխելու համալսարանում և նրանից դուրս, և այն դարձնելու է ավելի լավը, իսկ համալսարանը հպարտանալու է մեզանով,և հակառակը»,-ասաց Աբրահամյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031