Թերևս ավելորդ է ասել, թե արտագաղթի հետևանքով դատարկվող, ինչպես նաև ծնելիության նվազման պատճառով ժողովրդագրական լուրջ խնդիր ունեցող Հայաստանի համար որքան կարևոր է երկրում բազմազավակ ընտանիքների ավելացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Սակայն Հայաստանի բազմազավակ ընտանիքներին անցած շաբաթ տխուր լուր էր սպասվում…
ՀՀ կառավարությունն անցած շաբաթ, ըստ էության, բացասական եզրակացություն տվեց օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմազավակ ընտանիքների աջակցության և բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հասցեագրված կառավարության եզրակացության նախագիծը կարդալով, ցավոք, հերթական անգամ առիթ ունեցանք ծանոթանալու Հայաստանի գործադիր իշխանության պերճանքին ու թշվառությանը…
Իհարկե, հիշյալ օրենքի նախագիծն անթերի չէ, կառավարության ներկայացրած եզրակացության մեջ մանրամասնորեն թվարկված են թերությունները: Սակայն միանշանակ է նաև, որ ցանկության դեպքում կարելի էր ընդամենը ներկայացնել այդ թերությունները շտկելու առաջարկ, և ոչ թե` որոշ դեպքերում անհեթեթ և անընդունելի պատճառաբանություններով փնովել նախագիծը և հետաձգել խնդրի լուծումը: Բացասական եզրակացություն տալու բուն պատճառն այն է, որ «Նախագծի ընդունման պարագայում անհրաժեշտ կլինի ՀՀ պետական բյուջեում նախատեսել լրացուցիչ ֆինանսական միջոցներ»: Խոսքը մոտ 16 մլրդ դրամի մասին է, որը կառավարությունը, ըստ էության, չի ուզում, որ նախատեսվի-հատկացվի: Վերը մեջբերված պատճառը կառավարությունը չի էլ թաքցրել, սակայն շարադրել է իր եզրակացության 2-րդ կետում, իսկ առաջին պլանում ներկայացրել արհեստական պատճառաբանություններ:
ՀՀ-ում հաշվառված է շուրջ 15000 բազմազավակ ընտանիք, որոնցից 8000-ը ստանում է ընտանեկան նպաստ: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված վերոհիշյալ 8 հազար ընտանիքում բնակվող երեխաների միջին թիվը կազմում է 4,42, ինչը, ըստ կառավարության, նշանակում է, որ 15000 ընտանիքում բնակվող երեխաների թիվը կկազմի շուրջ 67000 (որից 45000 առաջին, երկրորդ և երրորդ երեխաներ, իսկ 22000` չորրորդ և հաջորդ երեխաներ):
Կարդացեք նաև
Վերոնշյալ ընտանիքներին հիշյալ օրենքի նախագծով նախատեսված ամենամսյա վճարները տրամադրելու դեպքում անհրաժեշտ կլինի 18,69 մլրդ դրամ (45000 x 17500 դրամ x 12 ամիս + 22 հազար x 35000 դրամ x 12 ամիս): Նախագծի ընդունման դեպքում, եթե ընտանեկան նպաստի համակարգով 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար նախատեսված 2,7 մլրդ դրամը տեղափոխվի բազմազավակ ընտանիքների ամենամսյա վճարի համար, ապա նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրամական օգնության վճարման համար լրացուցիչ կպահանջվի շուրջ 15,99 մլրդ դրամ:
Օրենքի նախագծում թվարկված են բազմազավակ ընտանիքներին տրվող սոցիալական աջակցության տեսակները (օրինակ` յուրաքանչյուր երեխայի համար մինչև 18 տարին լրանալը տրամադրվում է ամենամսյա դրամական օգնություն, բազմազավակ ընտանիքներին առանձին հանրային ծառայությունների դիմաց վարձերը վճարելու համար` ամենամյա օգնություն և այլն), որոնք, ըստ կառավարության եզրակացության, 2014 թվականից կբերեն ՀՀ պետական բյուջեի ծախսերի փոփոխության: Նշելով այս մասին, կառավարությունը ԱԺ նախագահին հայտնել է, որ այդ նպատակներով համապատասխան միջոցներ ՀՀ 2013-2015 թթ. պետական միջին ժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված չեն, ուստի նախագծի ընդունման դեպքում այն կմնա առանց ֆինանսական ապահովման:
Ավելին. ըստ կառավարության, մանկապարտեզները հիմնականում համայնքային ենթակայության են, ուստի բազմազավակ ընտանիքների երեխաներին անվճար մանկապարտեզ հաճախելու իրավունքի տրամադրման դեպքում պետությունը պետք է փոխհատուցի համայնքներին:
Հիմա տեսնենք, թե կառավարությունն առաջին հերթին ինչու է նախագիծն անընդունելի համարել: Ըստ գործադիրի, այն չի համապատասխանում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, մասնավորապես, հասցեականությանը` սոցիալական ծառայության տրամադրումը իսկապես դրա կարիքն ունեցողին, քանի որ նախատեսվում է բոլոր բազմազավակ ընտանիքներին, անկախ կարիքից, տրամադրել տարատեսակ սոցիալական ծառայություններ, այդ թվում` դրամական օգնություն: Այո, դա այդպես է, բայց մյուսներն արդյոք սոցիալապես կարիքավոր չե՞ն…
ՀՀ-ում հաշվառված մոտ 15000 բազմազավակ ընտանիքից շուրջ 8000-ը, ինչպես արդեն նշեցինք, ստանում է ընտանեկան նպաստ, այսինքն` ծայրահեղ չքավորության մեջ է ապրում: Մնում է մոտ 7000 ընտանիք, որոնք նույնպես, չնչին բացառությամբ, սոցիալական աջակցության կարիք ունեն: Նրանց մասով կառավարությունն անտեսել է առնվազն երկու իրողություն: Առաջինը` այն, որ միայն ընտանեկան նպաստ ստացողները չէ, որ կարիքավոր են և սոցիալական աջակցության կարիք ունեն: Ընտանիքը, որն ընտանեկան նպաստ չի ստանում, քանի որ նրա անդամներից յուրաքանչյուրն ամսական, ասենք, 25-30 հազար դրամ եկամուտ ունի, նույնպես կարիքավոր է: Եվ երկրորդ` Հայաստանում սոցիալապես ոչ կարիքավորների շրջանում բազմազավակ ընտանիքները շատ քիչ են, գրեթե չկան: Հետևաբար նրանց պատճառով ինչո՞ւ տուժեն մյուսները, ինչո՞ւ հաշվի չառնել, որ սոցիալական աջակցության անթերի, կատարյալ համակարգ չի կարող լինել:
Ըստ կառավարության, նախագիծը չի համապատասխանում նաև համարժեքության սկզբունքին` կարիքին համարժեք սոցիալական ծառայության տրամադրմանը: Եթե կառավարությունը չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքին ամսական 35000 դրամ վճարը կարիքին համարժեք չի համարում` այդ կարիքը գերազանցելու առումով, ապա նման դիրքորոշումը պարզապես խայտառակություն է, իսկ եթե անհամարժեք է համարում կարիքից պակաս լինելու առումով, ապա թող աջակցության վճարի ավելի մեծ չափ առաջարկի, և ոչ թե ավելին վճարելու հնարավորություն չտեսնելու պատճառով բացասական եզրակացություն ներկայացնի բազմազավակ ընտանիքին նշված գումարը վճարելու առնչությամբ:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հայացք»