Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեւ ձեզ, ՀԱԿ-ից քշվածներ

Մարտ 22,2013 10:42

Հիանանք. «Ժառանգության» հետ դաշինք են կազմել «Ժողովրդավարական հայրենիք», ԺՈԻԿ, «Պահպանողական», «Շրջադարձ» եւ ՀԱՍԿ կուսակցությունները:

Փաստորեն որոշակի իմաստով ստացվել է ոչ թե «Բարեւ, Երեւան», այլ իսկականից՝ «Բարեւ ձեզ, ՀԱԿ-ից քշվածներ» (ինչ վերաբերում է «Շրջադարձին» ու ՀԱՍԿ-ին, ապա սրանք լուսանցքային ուժեր են, շատ ավելի լուսանցքային, քան մնացածները)։ Ըստ այդմ, «Ժառանգությունը» կարծես իրականում «խոնարհում» է դրոշը, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է հաճախ ասում, եւ կուսակցությունից վեր է ածվում ՀԱԿ-2-ի:
Ավելին՝ տպավորությունն այնպիսին է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը» Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ից քշվածների յուրօրինակ ապաստարան է կամ ցատկահարթակ: Իսկ դուք մտաբերեք, թե որտե՞ղ հայտնվեցին ՀԱԿ-ՀՀՇ-ից նեղացած ու այնտեղից դուրս թողնված Խաչատուր Քոքոբելյանը, Ալիկ Արզումանյանը եւ մի քանի այլ գործիչներ, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն ձեւավորեցին: Այո, այդ գործիչները հայտնվեցին «Ժառանգության» համամասնական ցուցակում, ավելին՝ ընտրվեցին պատգամավոր:
Ի դեպ, ի՞նչ երաշխիք, որ եթե նորակազմ դաշինքով նախկին ՀԱԿ-ականները հայտնվեն Երեւանի ավագանու կազմում «Ժառանգության» հետ երկար ու տեւական համագործակցություն են ծավալելու: Ոչ մի երաշխիք, իհարկե, չի կարող լինել: Մի սխալ շարժում, եւ «Բարեւ» դաշինքից միայն «ցտեսություն» կմնա: Կարճ ասած, չի բացառվում, որ ՀԱԿ ժառանգությունը, ինչ-որ մի պահի, երեւանյան բնորոշ շեշտադրությամբ շրջվի ու Րաֆֆի Հովհաննիսյանին ասի՝ «Բարե՛ւ ձեզ…»:
Մյուս կողմից, հարց է ծագում, թե «Ժառանգության» ինչի՞ն էր պետք դաշնակցել հիշյալ կազմակերպությունների հետ, որոնք «մարդ-կուսակցություն» են համարվում: Քաղաքական ու նաեւ քարոզչական տեսանկյունից, իհարկե, պետք էր:
Տեսե՛ք, այլ ընդդիմադիր ուժերի չմասնակցության պայմաններում նախագահական ընտրություններում ձայների 37 տոկոսն ստանալուց հետո, «Ժառանգությունը», իր հերթին, չմասնակցած ուժերի ներկայացուցիչներն էլ՝ իրենց հերթին, միավորված հանդես գալու հայտարարություններ արեցին, պարզ է՝ ամեն մեկը իր կուսակցական շահերով առաջնորդվելով: Սակայն «ժողովրդին միանալու» սրտառուչ հայտարարություններից ընդամենը մի քանի օր անց պարզվեց, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կարծես այնքան էլ չեն «միացել ժողովրդին»:
Լուրջ քաղաքական քայլերից մեկը, որ կարող էին այս ուժերն անել, ավագանու ընտրություններում միասնաբար հանդես գալն էր, ինչը Երեւանում տեղական իշխանությունը վերցնելու լուրջ հայտ կլիներ: Չկարողացան: Դա, իհարկե, ծանր հարված էր ամենից առաջ «Ժառանգությանը» ու Րաֆֆի Հովհաննիսյանին, որ հմայախոսության պես անվերջ խոսում են «ժողովրդի» անունից, իսկ Թատերական հրապարակի անցուդարձն էլ ներկայացնում որպես համաժողովրդական պայքար եւ նման բաներ:
Այնպես որ, ձախողվածի փոխարեն մեկ այլ դաշինք ձեւավորելը «համաժողովրդական պայքար» տանող «Ժառանգության» համար որոշակի քաղաքական անհրաժեշտություն էր: Եվ խնդրեմ, ձեռքի տակ հայտնվեցին ՀԱԿ-ից դուրս մնացած բեկորները՝ Մակեյան, ԺՈՒԿ եւ այլն: Վերջիններիս էլ է, իհարկե, ձեռնտու, որ կցվեն մեկ այլ՝ համեմատաբար խոշոր ու այս պահին գոնե մի քանի հազար միտինգավոր հավաքող ուժի:
Մի խոսքով, թեկուզ լուսանցքայինների հետ դաշինք կազմելով, «Ժառանգությունը» հնարավորություն կստանա հանրությանը ներկայանալ որպես մի քանի կուսակցություն միավորող ուժ: Եվ եթե խնդիրը դա է, ապա որքան շատ անվանումներ լինեն, այնքան՝ լավ: Ինչ փույթ, որ անվանումների տակ ուժ չկա, կամ ինչպես ասում են՝ «անունը կա, ամանում՝ չկա»:
Բայց դաշինքով ընտրությունների գնալը նաեւ իր վտանգներն ունի:
Բանն այն է, որ Երեւանի ավագանու 65 մանդատների համար պայքարը հայրենի ընդդիմադիրների երազած, 100% համամասնական ընտրակարգով է: Այս դեպքում, Ընտրական օրենսգրքի համաձայն, եթե կուսակցությունների համար անցողիկ շեմը ձայների 6 %-ն է, ապա դաշինքների համար՝ 8 %-ը: Ասել կուզի, որ «Ժառանգության» ու մյուսների կազմած «Բարեւ, Երեւան» դաշինքը պիտի 8 եւ ավելի տոկոս քվե ստանա, որ ներկայացված լինի Երեւանի ավագանու կազմում:
Նախագահական ընտրություններից հետո, իհարկե, «Ժառանգությունում» շատերը կարող են այս հարցում կարծել, թե «ծովը ծնկներից» է: Բայց դաժան իրականությունն այն է, որ իշխանական ՀՀԿ-ից եւ ՕԵԿ-ից բացի, նույն այդ ընտրություններում «Բարեւը» մրցակցելու է «Բարգավաճ Հայաստանի», ՀՅ Դաշնակցության, ՀԱԿ-ի հետ: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն ու ընդդիմադիր ուժերը տանելու են «Ժառանգության» «Բարեւի» ձայների մի զգալի մասը, ավելի ճիշտ՝ վերադարձնելու են «իրենց» ձայները:
Այնպես որ «Ժառանգությունը», իր դաշինքով հանդերձ, գուցեեւ մեծ դժվարությամբ հաղթահարի 8 տոկոսի շեմը, բայց լուրջ դերակատարություն Երեւանի ավագանու մեջ ունենալ չի կարող։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031