Ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը խառնել է իշխանությունների խաղաքարտերը, և նրանք չեն կարողանում գտնել որևէ տրամաբանական հակախաղ: Շատերն են Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները համարում որևէ տրամաբանությունից դուրս, նույնիսկ ընդդիմադիրները, առաջին հերթին ընդդիմադիրները կամ իրականում ընդամենը ընդդիմության մեջ առաջին շարքերում տեղերը պահելու համար պայքարողները: Սակայն հենց տրամաբանությունից դուրս քայլերն են, որ իշխանություններին ու նաև ընդդիմադիրներին դրել են փակուղու առաջ:
Իշխանությունները չգիտեն ինչպես վարվել: Ավանդական ուժի առիթը չկա, իսկ այլ բան անելու տեղ էլ Րաֆֆին չի թողել: Սա է իրավիճակի ամբողջ պարադոքսը: Այսինքն` կարելի է ամայացնել Րաֆֆու շուրջը նույնիսկ, սակայն խնդիրը, միևնույն է, սրանով չի վերանում, ինչպես այլ դաշինքների դեպքում: Այս իրավիճակը ակնհայտորեն սկսել է նյարդայնացնել բոլորին: Րաֆֆին խաղում է մարտ առանց կանոնների, սակայն միևնույն ժամանակ` առանց բռնության: Եվ այս իրավիճակից նյարդայնացող իշխանությունները սխալը սխալի հետևից են թույլ տալիս` հույսը դնելով ընդամենը արտաքին աջակցության վրա:
Ինչքա՞ն կշարունակվի այս վիճակը, կամ ինչի՞ կհասնի Րաֆֆի Հովհաննիսյանը` պարզ չէ: Սա կախված է բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից, որոնց մի մասը Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքին է, մի մասը` հասարակության, իսկ մյուս մասն էլ կուսակցությունների և իշխանությունների: Ամեն ինչ կախված է նրանից, թե որ մեկը իր ձեռքի գործոնները ինչպիսի արդյունավետությամբ կօգտագործի: Սակայն ներկայիս պարադոքսալ իրականությունն ինքնին չի անցնելու անհետևանք և բերելու է նոր փոփոխություններ և հանրային գիտակցության մեջ, և քաղաքական սուբյեկտների գործողություններում: Դժվար է ասել նաև, թե ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները. դրանք հանրությա՞ն համար բարենպաստ իրավիճակ կստեղծեն, թե՞ ավելի շուտ քաղաքական կուսակցությունների և իշխանությունների, որոնց այսօր միավորում է հասարակության հաշվին ինքնապահպանվելու բնազդը: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանի անկանոն խաղը բոլորին ստիպում է առնվազն ավելի բացվել, քան մինչև այսօր, և սա արդեն արդյունք է:
Մյուս կողմից` մոտենում է մի հանգրվան, երբ արդեն անհրաժեշտ են լինելու նոր քայլեր, նոր իրավիճակներ, նոր գործողություններ: Եվ այստեղ, իհարկե, հանգուցային իրավիճակ է, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանին առաջատարությունը պահելու համար պետք է նոր լիցք, միևնույն ժամանակ սա մի վիճակ է, երբ նոր լիցք կարող են տալ մյուս սուբյեկտները և վերցնել առավելությունը:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել է հանրահավաքի ընթացքում անել կարևոր հայտարարություններ, որոնք, ըստ էության, լինելու են իրավիճակի հանգուցալուծման նոր առաջարկներ Սերժ Սարգսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ սրանք լինելու են, այսպես ասած, վերջին առաջարկները, ինչը նշանակում է, որ այսպես, թե այնպես, այդ առաջարկները հնչեցնելուց հետո լինելու է նոր իրավիճակª ընդունի Սերժ Սարգսյանը առաջարկները, թե ոչ: Եթե ընդունի, ապա իրադարձությունները կզարգանան ըստ այդմ, իսկ եթե ոչ, ապա փաստորեն իսկապես իքս կամ խաչ է քաշվում իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակներից մեկի վրա: Սա էլ իր հերթին նշանակում է, որ ավելանում են այլ ուղղությամբ զարգացումների կամ էլ պարզապես այլ գործընթացների հավանականությունները:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
«Ժամանակ»