Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Փափազյան: Թատրոնն ամեն ինչ ստեղծում է իր ժամանակին և իր ժամանակի համար (Ֆոտոշարք)

Մարտ 22,2013 10:29
PrevPhoto
NextPhoto

Գաֆէսճյան արվեստի կենտրոնում երեկ տեղի ունեցավ «Հանդիպում արվեստի հետ» երեկոն: 2013 թվականը նշանավորվում է Մեծն հայ դերասան Վահրամ Փափազյանի 125-ամյա հոբելյանով: Եվ կազմակերպվել էր միջոցառում, որը բաղկացած էր երեք մասից:

Դասախոսություն կարդաց և ներկայացրեց Փափազյանի դերը հայ թատերարվեստում և ընդհանրապես հայ մշակույթի մեջ` արվեստագիտության դոկտոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանը:

Հնչեցին եզակի ձայնագրություններ Վահրամ Փափազյանի մենախոսություններից` Վ. Շեքսպիր «Համլետ», «Օթելլո», Մոլիեր «Դոն-Ժուան», Ա. Դյումա «Քին կամ հանճար և անառակություն»:

Ցուցադրվեց անիմացիոն ֆիլմ Նաիրա Մուրադյանի հեղինակությամբ: Լևոն Շանթ «Հին Աստվածներ» հնչում է Փափազյանի ձայնը:

Ազգային թատերական ստեղծագործական միավորման ղեկավար Արա Խզմալյանը նշեց. «Վերջերս մեզանում կա հեգնական վերաբերմունք մեր անցյալի արժեքների հանդեպ: Լսում ենք ձայնագրություններ` ասում ենք այսպես այսօր չեն կարդա: Նայում ենք կադրեր` ասում ենք այսօր այսպես չեն խաղա: Եվ կարծես մի վերաբերմունք է բացասական մշակվում, բայց մենք մոռանում ենք, որ թատրոնը միայն ու միայն իր ժամանակի մեջ գոյություն ունեցող, իր ժամանակով պայմանավորված և իր ժամանակում ավարտվող արվեստ է: Եվ այս տեսակետից իհարկե քննելու շատ բան կա, շատ բաներ են հնանում, փոխվում է ժամանակը, միջավայրը, գեղարվեստական պատկերացումները, բայց ամեն դեպքում ճշմարիտ արվեստի մեջ կա մի բան, որ երբեք չի հնանում :

Արվեստագիտության դոկտոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանն էլ իր դասախոսության մեջ հավելեց. «Փափազյանը լեգենդ էր իր արտաքինով, իր կեցվածքով, արվեստով, կենսագրությամբ:

Թատրոնն ամեն ինչ ստեղծում է իր ժամանակին և իր ժամանակի համար: Եվ չի կուտակում ապագայի արժեքներ: Նա թողնում է միայն հիշողություն: Հիշողությունը` կամ գրավոր կամ բանավոր: Բայց գրավոր հիշողությունն էլ մի արժեք է, որը կարիք ունի դարձյալ վերաիմաստավորվելու և մշակվելու:

Այսօր որևէ արվեստագետի մասին խոսելիս չափից դուրս շատ է գործածվում «մեծ» բառը: Եվ այս անունը տրվում է միջակներին և նույնիսկ բացարձակ անտաղանդ մարդկանց: Այսպիսի արտահայտությունը հակառակ է առհասարակ արժեքների գնահատման դեպքում: Նույնիսկ Փափազյանի նման մեծության դեպքում, մենք չենք կարող և իրավունք չունենք այս բառը շատ գործածելու: Իրավունք չունենք, որովհետև նա ինքն իսկապես Մեծ էր: Մեծերի մասին չեն ասում շատ մեծ էր, արդեն գիտեն, որ այս անունը նշանակում է «Մեծ»: Երբ մենք ասում ենք Փափազյան արդեն հարցը պարզ է: Կան մեծություններ, կան տաղանդներ, կան շատ տաղանդավոր մարդիկ, իսկ «Մեծ» նշանակում է դարաշրջան:

Փափազյանը ժառանգորդն էր մի մեծ անցյալի: Նրա թիկունքում թատրոնի պատմությունը կար` և ոչ միայն հայ թատրոնի: Նրա թիկունքում եվրոպական թատրոնի ամբողջ պատմությունն էր: Նրա թիկունքում մեկ-երկու դարաշրջան կար, որը սկսվում էր եվրոպական կլասիցիզմից, անցնում ռոմանտիզմի միջով, գալիս հասնում ռեալիզմի և նեոռոմանտիզմի: Փափազյանն այս ամենի կրողն էր:

Փափազյանն իր հետ բերում էր արևմտահայ միջավայրը, մշակույթը: Նա սովորել էր Սիամանթոյի, Վարուժանի հետ, ընկերն էին: Փափազյանի հիշողության մեջ դպրոցական տարիներից պտտվել է գրաբար խոսքը, հայոց հին դասական լեզուն: Այսինքն լեզուն է եղել նրա կեցության տունը, նրա աշխարհի սահմանը:

Մարդու կեցությունը, գոյությունը նախ իր լեզվի մեջ է: Մարդն այդ լեզվի մեջ է ապրում և դրանով էլ գոյություն ունի: Դրա համար էլ, երբ ուզում ենք Փափազյանի արվեստի ուղղությունը որոշել` իտալականը տեսնում ենք, ֆրանսիրականը տեսնում ենք, ռուսականը տեսնում ենք և այս բոլորը լցված է հայոց հին լեզվի մեջ: Այսպիսով նա ունի մի բան, որ օտարներին հայտնի չէ:

Ըստ իտալական դպրոցի` դերասանն ընտրում է հանգուցային կետեր, պոռթկումնային պահեր և պոռթկումների վրա է խաղը կառուցում: Ֆրանսիացին ամբողջապես ելնում է խոսքից: Մինչև անգամ ասում են, որ ֆրանսիական թատրոնը խոսքի թատրոն է: Փափազյանն իր դատողություններում ասում է.« Ես փնտրում, գտնում եմ այն բառերը տեքստի մեջ, որտեղ պիտի կանգ առնեմ: Բառերն ինձ համար ոսկե բանալիներ են»: Նա բերում կենտրոնացնում է հույզը մեկ բառի վրա, որն ինքն ասում է ոսկե բանալի:

Ի՞նչ բան է բեմական տարածությունը` Փափազյանով կարելի էր հասկանալ: Առհասարակ Փափազյանով կարելի է բացատրել դերասանի արվեստը»:

 

Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031