Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Վարչապետը ժուժկալ բանկիր է»

Մարտ 21,2013 23:01

Գագիկ Համբարյանի կարծիքով ՝ մեր երկրում նկատվում է կադրային քաղց:

ՀՀ նախագահի`օրերս  լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո բնակիչներից շատերի մոտ այնպիսի տպավորություն է  ստեղծվել, որ նախագահը չի ուզում անգամ աննշան  կադրային փոփոխություններ կատարել, եւ, այսպես ասած, դողում է թե ՀՀԿ-ական օլիգարխների և թե իր իսկ կողմից նշանակված կադրերի  վրա:

Այսօր Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանին հարցրեց` անփոփոխ կադրերով հնարավո՞ր է արդյոք երկրի զարգացում, և առհասարակ ի՞նչ կադրային քաղաքականություն պիտի վարի Սերժ Սարգսյանը , որպեսզի ժողովրդի մեծ մասը չկանգնի  Ազատության հրապարակում: «Նախ, փաստենք, որ  Հայաստանի  Հանրապետությունում նկատվում է  կադրային քաղց, արդեն տեղի է ունենում շրջապտույտ նույն անձանց շուրջ, որոնք ժամանակին եղել են պաշտոնյաներ, մի ժամանակ պաշտոնը կորցրել են, հիմա նորից նրանց անունները հոլովվում են, դա մեկ: Երկրորդ խնդիրն այն  է, որ իշխանությունները ուզում են ավելի թեթև մեթոդներով  թոթափել նախագահական ընտրություններից հետո ժողովրդի այս ըմբոստացումը` աշխատավարձերի, սոցիալական նպաստների և թոշակների բարձրացումով, որի մասին հայտարարեց նախագահն իր մամուլի ասուլիսի ժամանակ, և որը պետք է տեղ ունենա ամռանը: Եվ նրանք հուսով են, որ այդպիսի քայլերով կզսպեն ժողովրդի ըմբոստացումը: Բայց ես ինքս գտնում եմ, որ մեր իշխանությունները շատ մեծ մտածելիք  ունեն և արտաքին  քաղաքականության ոլորտում և նաև արագընթաց ծրագրեր պետք է մշակեն նոր աշխատատեղերի ստեղծման,  ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու պահով: Կադրային խնդիրները շատ կարևոր են. այն քաղաքական գործիչները,  որոնք իրենց սպառել են, պետք է անպայման հեռանան»-, ասաց մեր զրուցակիցը :

Aravot.am-ի այն հարցին էլ , թե օրինակ վարչապետ Տիգրան Սարգսյանին համարո՞ւմ եք իրեն սպառած մարդ, քաղաքագետն  ասաց. « Ինքը, լինելով շատ խելացի բանկիր, բավական ժուժկալ գտնվեց ժողովրդի նկատմամբ, ես գտնում եմ, որ էդ մարդը ունի բանկիրի հոգեբանություն. շատ ստանալ և քիչ հետ տալ: Կարող է շատ լավ բանկիր է, և իրոք Հայաստանի  բանկային համակարգը կայացավ շնորհիվ իրեն, բայց նա իրեն լավ չդրսևորեց որպես վարչապետ, այնպես չարեց, որ ժողովուրդը իրեն ընդունի որպես վարչապետ: Ինչքան էլ ուզում է  տնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստանը խնդիրներ ունենար, պետք էր մի քիչ էլ մտածել ժողովրդի սոցիալ-տնետսական վիճակի մասին, առավել ևս որ մեր ժողովուրդը շատ պահանջկոտ չէ, բավարարվում է մինիմալով »:

Ըստ Գագիկ Համբարյանի,  Ռուսաստանում տարին 2-3 անգամ  Պուտինը աշխատավարձ ու թոշակ է բարձրացնում, մենք էլ կարող էինք որևէ մենաշնորհային ոլորտի հաշվին  բարձրացում կատարել, թեկուզև տարին մեկ անգամ գոնե 3-4 հազար դրամով: Մինչդեռ, ըստ մեր զրուցակցի,  Տիգրան Սարգսյան իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում ընդամենը 1 անգամ 2500 դրամով բարձրացրեց թոշակները և նույնքան էլ աշխատավարձը`պատճառաբանելով, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամ է:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031