Լրահոս
Օրվա լրահոսը

Դումանյանի գերատեսչությունը ՄԻՊ-ից նեղացած չէ

Մարտ 21,2013 20:18

«Կխնդրենք, որ ՄԻՊ-ը արձանագրված դեպքերը տրամադրի մեզ, մենք էլ քննարկենք ու հասկանանք խնդիրը»

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է առողջապահության նախարարության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները եւ նշել ոլորտի մի շարք թերացումներ: Թերացումներ կան, բայց դրանց վերացման ուղղությամբ աշխատանքներ է տանում նախարարությունը եւ ի տարբերություն այլ գերատեսչությունների, ՄԻՊ-ից նեղացած չեն այս գերատեսչության պատասխանատուները:

Aravot.am-ի հետ զրույցում նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն ասաց, բավականին կառուցողական փաստաթուղթ է, եւ որեւէ խնդիր չունեն դրա բովանդակության հետ:

Ըստ ՄԻՊ-ի՝ առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ` կապված համավճարի զեղչման կամ դրա վճարումից ազատելու կարգի նկատմամբ իրականացվող ստուգումների եւ մշտադիտարկման ցածր արդյունավետության հետ, որը հանգեցրել է բազում խտրական դրսեւորումների դեպքերի, որոնց համար պաշտոնատար անձինք պատասխանատվության չեն ենթարկվել: Այս առնչությամբ պարոն Քրմոյանն ասաց, որ իրենք խնդրահարույց դեպքերի վերաբերյալ դժգոհություններ չեն ստացել. «Կխնդրենք, որ ՄԻՊ-ը արձանագրված դեպքերը տրամադրի մեզ, մենք էլ քննարկենք ու հասկանանք խնդիրը, որովհետեւ համավճարի զեղչումը ի օգուտ պացիենտի է, սակայն որոշ դեպքեում ապահավագրությունն է համավճարը վճարում, հնարավոր է խնդիրն այստեղ է եղել»:

Նախարարության մյուս թերացումը, ըստ ՄԻՊ-ի. «Առկա են եղել բազմաթիվ բժշկական ոչ իրավաչափ գործողություններ, որոնք բժշկական էթիկայի կանոնների բացակայության հետևանքով չեն ստացել համապատասխան որակում: Շարունակում է չլուծված մնալ «Բժշկական սխալ» եզրույթի օրենսդրական կարգավորումը, արդյունքում կրկին անգամ գրանցվել են բժշկի անփութության կամ բժշկական սխալի հետեւանքով ոչ ճիշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու մի շարք անցանկալի հետևանքներ»:

Այս առնչությամբ էլ, պարոն Քրմոյանը վստահեցրեց, որ նախագիծ կա ստեղծել բժշկական էթիկայի օրինակելի կանոններ եւ բժշկական էթիկայի հանձնաժողովի կանոնակարգ, հանձնաժողովները կգործեն ամբողջ հանրապետությունով մեկ. այս նախագիծն արդեն կառավարությունում է:

Aravot.am-ը հետաքրքվեց, թե ի՞նչ ֆունկցիա պիտի կատարի այդ հանձնաժողովը, արդյոք բժշկի սխալը գտնելուց հետո որեւէ պատասխանատվության կենթարկի՞:  Նման հարցեր, ըստ Ս. Քրմոյանի, չի լուծի, միայն թեթեւ խնդիրներ: «Օրինակ պացիենտը երկար է սպասել միջանցքում, կամ անբուժելի հիվանդ է եղել, բժիշկն ասել է` դու մեռնելու ես եւ նման այլ բաներ: Հանձնաժողովի եզրակացությունն էլ` կա՞ էթիկայի խախտում, թե ոչ, նախարարությունը հաշվի կառնի եւ թերացումները կշտկի, բժիշկը եթե սխալ է` կարգապահական նկատողություն կստանա եւ այլն»:

Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի նկատած` «Բժշկական սխալ» եզրույթի բացակայությանը, ապա պարոն Քրմոյանը վստահեցրեց, որ «Առողջապահության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների շրջանակներում դա ներառվել է. «Կան երկրներ, որտեղ բժշկական սխալը թույլատրելի է, բայց խոսքը թույլատրելի շեղումների մասին է, երկիր կա, որտեղ բժշկական սխալը` բժշկի անփութությունն է, որը համապատասխան պատժի մեթոդներ ունի: Մենք իսկապես չունենք այդ եզրույթը, բայց ունենք բժշկի անփութություն կամ այլ եզրույթներ, պետք է հասկանաք` ո՞ր մոտեցումն է պետք ընդունել եւ այս տարի օրենքում կլինի»:

ՄԻՊ-ի արձանագրած մյուս թերացումների վերաբերյալ էլ պարոն Քրմոյանը վստահեցրեց, որ դրանց բոլորի լուծումներն ընթացքի մեջ են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031