Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը հիշեց բաջանաղին, Դավիթ Սանասարյանն՝ իր տատին

Մարտ 21,2013 19:59

Բաց քաղաքացիական խորհրդի հերթական նիստը՝ Ազատության հրապարակում

 

«Մենք ունեցանք տարբեր քաղաքապետեր, բայց կառավարման ձեւը եւ բովանդակությունը որեւէ ձեւ չի փոխվում: Երեւանում է կենտրոնացված մեր երկրի գումարների 80 տոկոսը: Մենք պետք է կարողանանք այստեղ այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որը հնարավորություն կտա այն հաղթանակը, որ ձեռք ենք բերել փետրվարի 18-ին, տարածել: Երեւանում ընտրությունը կառավարման համակարգի կարեւոր օղակի ընտրություն է: Երեւանում միշտ ապրելակերպի հետ կապված հարցերը կախված են եղել կառավարման համակարգից: Որեւէ քաղաքապետ կոմունալ տնտեսության վարչության պետին չի փոխարինում»- այսօր քաղաքացիներին ներկայացրեց բաց քաղաքացիական խորհրդի նիստը  վարող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա, հիմնավորել, որ մեկը կառավարման հմտություն ունի, մյուսը չունի՝ սխալ մոտեցում է. «Այն պահից, երբ քաղաքապետի խնդիրը կլինի ոչ թե սուպերմարկետները շատացնելը եւ փոքր ու միջին բիզնեսի՝ փոքր խանութների շրջանակը փոքր լինի, այնպիսի որոշումներ կընդունի, որը կբխի քաղաքացիների շահերից»:

Նա վստահեցրեց նաեւ, որ «Երեւանում մենք ամբողջովին կարողանալու ենք ապահովել ոչ միայն հանձնաժողովների անդամով, այլ նաեւ վստահված անձանցով»:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ առաջարկեց, որ ընդդիմության լծակները պետք է մեծացնել, նաեւ կուսակցությունների կայացման համար քայլեր ձեռնարկել: Նա տեղեկացրեց, որ օրինակ «Ժառանգության» տարեկան բյուջեն կազմում է 11 հազար դոլար. «Ժառանգությունը մոտ 11 հազար դոլար է վաստակում տարեկան: Եթե ֆինանսավորումը բարձրացնեն, բյուջեի համար մի փոքր ծախս կարող է լինել դա, բայց տասնապատիկ վերդարձվել բյուջե: Հատկապես իշխող կուսակցության պարագայում կախվածության մեջ են լինում, ստիպված են ի կատար ածել կուսակցություները օլիգարխի որոշումները: Քանի որ բիզնեսմենները հայտնի պատճառով, բիզնեսները հետապնդելուց խուսափելու պատճառով չեն ցանկանում ֆինանսավորել ընդդիմադիր կուսակցություններին, նրանք սնունդ այսպես ասած ոչ մի տեղից չեն ստանում: Օրինակ, «Ժառանգությունը» չունի որեւէ օլիգարխիկ կախվածություն, չունի բիզնեսից կախվածություն: Կան, մի փոքր գումար տալիս են, բայց այսպես ասած եղանակ դա չի ստեղծում: Եթե գումար ունենար «Ժառանգությունը, գրասենյակներ կունենար ամենուրեք, հնարավորություն կունենար քաղաքացիների հետ այնպիսի ակտիվ կապ հաստատել, որ տեղերում կկարողանար հենց վերահսկողությունն իրականացնել ընտրություններում»:

«Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը, որը «Բարեւ Երեւան» ցուցակում ներգրավված է՝ վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանն ավելի հեղափոխական է, քան քաղաքացիները. «Ինքն իր ասուլիսով ժողովրդին ոտքի կհանի: Ես կարծում եմ, որ այստեղ թամաշա անողներ հավաքված չեն, համաձայն եք, չէ՞: Այստեղ հավաքվել է յուրաքանչյուրը՝ գործ անելու համար»:

Վերջում Դավիթ Սանասարյանը վստահեցրեց քաղաքացիներին, որ իր տատը մի շատ կարեւոր խորհուրդ է տվել. «Տատս սովորեցրել է ամենակարեւորը՝ սուտ չխոսանք: Սա ասում եմ՝ հակադրվելով ուրիշ մարդկանց տատերին»:

Հարցին, թե ինչո՞ւ երթեր չեք կազմակերպում՝ Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ «միայն երթերով չի, որ ՀՀ քաղաքացիները տեսնում են մեր պինդ լինելը, բայց առաջիկայում մենք կունենանք նաեւ երթեր: Բայց դա բացարձակ միջոց չէ մեր ձայնը տեղ հասցնելու համար»:

Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանը քաղաքացիներին վստահեցրեց, որ բացի այն, որ աներձագ չունի, քենին ապաքաղաքական է, բաջանաղի հետ կապված էլ որեւէ խնդիր չի առաջանա. «Երեւանում շատ մեծ բարեկամություն ունեմ: Թերթերից մեկը չգիտեմ ինչու իմ ապարանյան ծագումը բացասական էր ընկալել: Ես հպարտ եմ, որ մայրական կողմս Ապարանից է: Ես ծնվել եւ մեծացել եմ Երեւանում՝ Աջափնյակում: Իմ բարեկամական կապերը միշտ օգտագործել եմ պայքարի համար»:

Քննարկման վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը բարի երթ մաղթեց Դավիթ Սանասարյանին եւ Արմեն Մարտիրոսյանին՝ առաջիկա ընտրություններում եւ տեղեկացրեց, որ վաղը ժամը 6-ին Ազատության հրապարակում իրենց հանրահավաքն է. «Նրանք ճար չունեն: Ճշմարտությունը հաղթելու է ստին»,- վստահեցրեց «Ժառանգության» առաջնորդը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ուստի «Բարև» հիմնադրամի ստեղծումը բավականին լավ ու ճիշտ քայլ է: Համոզված եմ, որ շատ հայեր կաջակցեն – 4 կողմից:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031