Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը հայտարարեց, որ վկան թքել է իր վրա

Մարտ 21,2013 18:52

«Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ, Ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի նախկին դեկան Խաչիկ Ազիզյանը հայտարարեց, որ նախօրեի դատական նիստից հետո վկա Էդուարդ Բարբարյանը թքել է իր վրա, «ավել-պակաս» խոսել, փորձել է հարվածել իրեն: Այս մասին տեղեկանում ենք «Փաստինֆո» կայքից:

Գործով նախագահող, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ դիմելով գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Գրիգորյանին, ասաց՝ «ընդունեք որպես հաղորդում և ընթացքի մասին տեղեկացրեք դատարանին»:

Ըստ մեղադրանքի, «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր Ս. Գևորգյանը և Ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հ. Փայասլյանը, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2012թ ապրիլին ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խ. Ազիզյանի միջնորդությամբ ընդունել են ակադեմիայի դիմորդ Էդուարդ Բարբարյանի ծնողներից` Ա. Ենոքյանից և Ա. Ֆահրադյանից, առանձնապես խոշոր չափերի 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար ստանալու առաջարկը: Այնուհետև 2012թ մայիսին Խ. Ազիզյանի միջոցով Ս. Գևորգյան և Հ. Փայասլյանը Ա. Ենոքյանից և Ա. Ֆահրադյանից ստացել են առանձնապես խոշոր չափերի` 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք` ակադեմիայի դիմորդ Է. Բարբարյանի քննությունների արդյունքներն ակադեմիա ընդունվելու համար անցողիկ միավորներով ապահովելու միջոցով ակադեմիա ընդունելու համար: Դիմորդն ընդունվել էր Ակադեմիա վճարովի ուսուցման կարգով՝ դիմորդի ծնողների պահանջով 2500 դոլարը վերադարձվել էր:

Մեղադրանքն, ի դեպ, հիշյալ ամբաստանյալն ընդունում է:

Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ Խ.Ազիզյանը հայտնեց, որ «հրավիրվել է» ոստիկանություն, շուրջ 12 ժամ պահվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում, ևս 3-4 ժամ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Ամբաստանյալը համենայն դեպս առերևույթ չդժգոհեց ոստիկաններից՝ իրեն հյուրասիրել են ուտելիքով, կոնֆետներով, իսկ «հրավերքի» ավարտին՝ գիշերվա 03-04-ի կողմերը իրեն տուն հասցրել: Ի տարբերություն նրա, ամբաստանյալ Հայկ Փայասլյանի պաշտպան Երվանդ Վարոսյանի գնահատականն այլ էր՝ «Խ.Ազիզյանը ապօրինի, տևական ժամանակ գտնվել է ոստիկանությունում», ուստի խնդրեց իր հայտարարությունը նույնպես ընդունել որպես «հաղորդում»:

Ապրիլի 9-ի հաջորդ դատական նիստում ըստ ամենայնի կսկսվի ամբաստանյալ Արմինե Ենոքյանի հարցաքննությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031