«Առաքելություն» կուսակցության ցուցակը 29 թեկնածու ունի: Եռյակը գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը, 2-րդ համարում Մանուկ Սուքիասյանն է, 3-րդ համարում՝ Հրաչ Սարգսյանը:
Կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանի խոսքերով, ցուցակի մյուս թեկնածուներն իրենց համակիրները, ծանոթներն ու մտերիմներն են.
«Մասնակցության պատճառները խորքային են: Նախկինում բոլորս եղել ենք անկուսակցականներ, մարդիկ, որոնք ունեին բավականաչափ անցած կենսագրություն, հավակնություններ, պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն եւ գաղափարներ…Մենք գտնում ենք՝ երկրի այս դժվարին իրավիճակում, պետք է հասարակ քաղաքացու պատասխանատվության գիտակցությունը բարձրացնել, որ իրենց բարեկեցությունը որեւէ անձի հետ չկապեն, այլ սեփական իրավունքների համար կռիվ տան»:
Պարոն Սուքիասյանի խոսքերով, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, իրենք պատրաստվում են Հայաստանի տարբեր բնակավայրերի քաղաքացիներին այցելել եւ ոչ միայն ընտրական ժամանակահատվածում. «Ոչ թե ընտրությունների ժամանակ միայն խոստումներ տալու եւ քվե խնդրելու, այլ մարդու ամենալքված վիճակում գնալու եւ հիշեցնելու սեփական անձնագրի արժեքը, քաղաքացու առաքելությունը, որ մեր փոխարեն որեւիցե մեկը չի գնալու պայքարի, երկիրը դարձնի ավելի լավը, կոռուպցիան վերացնի, ասի՝ համեցեք վայելեք: Յուրաքանչյուրս անելիք ունենք, եւ այդ անելիքից չպետք է խուսափենք»:
Մ. Սուքիասյանը նաեւ հավելեց, որ իրենց ցուցակի թեկնածուների կրթական ցենզը բարձր է. «Զուտ մրցակցային առումով, մեր ցուցակի կրթական ցենզը նայեք՝ մեզ մոտ կան ասպիրանտներ, դասախոսներ…մեր կրթական ցենզի, զբաղվածության սեփական կյանքը, կենցաղը պատկերացնելու որեւիցե խնդիր չունենք: Պարզապես ուրիշ կուսակցություններին որակումներ տալու փոխարեն, մեր դեմքով հանդես գանք ու քաղաքական արենայում մեր գաղափարները ներկայացնենք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հերթական դզած, փչած սարքովի կուսակցություն, ընտրությունների կեղծումը օրինականացնելու գործիք … բոլորն էլ գիտեն, թե սրանք օվքեր են, ինչ են արել և ինչ են պատրաստվում անել: