Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանին այլեւս չհարցնեք՝ «ո՞նց եք, ինչպե՞ս եք», անգամ՝ իմա՞լ եք

Մարտ 21,2013 17:09

Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակեց այն փոփոխությունը, որ տեղի է ունենալու այսուհետեւ Ազատության հրապարակում: Նա հորդորեց այլեւս իրեն չհարցնել ոնց ես, ինչպես ես կամ իմա՞լ ես: «Ես լավ եմ»,- վստահեցրեց պարոն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով «Էմփիրեյ» խմբի համերգին, որը չի կայանալու, պարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ փոխարենը լինելու է «Միքայել Ոսկանյանը եւ ընկերները» ազգային ժամանակակից խումբը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սերժ Սարգսյանն ասել էր, որ ի տարբերություն մյուսների, իրենք ավագանու ցուցակը կազմելիս նկատի են ունեցել, թե ով է լինելու քաղաքապետը: Ո՞վ է ձեր քաղաքապետը՝ պարոն Հովհաննիսյանը հորդորեց սպասել՝ կես ժամ անց կիմանաք. «Ես կարեւորում եմ ցանկացած ընտրություն, անգամ 20 տարի անց կեղծիքի կնիքը կրող ընտրությունները, որովհետեւ մասնակցությամբ է, ժողովրդի հանրային քվեով է, որ մենք հասել ենք, օրինակի համար, այս զարթոնքին: Յուրաքանչյուրը կարող է խավարն անիծի, չմասնակցի, ինչպես շատ ու շատ խմբեր արեցին փետրվարի 18-ին: Նրանք չմասնակցեցին, որովհետեւ կար ճիշտ պատճառաբանությունը, ոչ թե պատրվակը, որ ազատ, արդար չեն ընտրությունները: Մենք փոխելու ենք եւ այդ փոփոխությունը տանենք մինչեւ տրամաբանական ավարտ»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ավագանու ընտրությունների շուրջ ընդդիմության համախմբումը չստացվեց, հնարավո՞ր է, որ այնուամենայնիվ, միասնական շտաբ լինի եւ ընդդիմությունը միասնական ջանքերով պայքարի կեղծիքների դեմ՝ Հմայակ Հովհաննիսյանի ստեղծած շտաբից դուրս: Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ինքս անձամբ չեմ մասնակցելու քաղաքապետական ընտրություններին, որովհետեւ ես ունեմ այլ պատասխանատվություն՝ գրանցված ժողովրդի նկատմամբ եւ պատրաստ եմ այդ պատասխանատվությունն իրացնել մինչեւ վերջ: Մենք փորձեցինք «Ժառանգության» դրոշը խոնարհելով՝ ի մի բերել հասարակական-քաղաքական կյանքը: Կային կուսակցություններ, որ որոշեցին մասնակցել փետրվարի 18-ի ընտրություններից հետո: Դա ավելի շուտ ժողովուրդն է մասնակցել, փաստարկել, որ փետրվարի 18-ին մանրակերտը փոխվեց, եւ սրանից հետո կուսակցությունները պետք է սպասարկեն քաղաքացու շահը: Լավ կլիներ, որ սա պաշտպանվեր լայն ճակատով, չստացվեց, բայց կընթերցենք մեր ցուցակը եւ կտեսնեք, որ «Ժառանգությունը» խոնարհում է իր կուսակցական դրոշը եւ մասնակցում է քաղաքացիական լայն ճակատով՝ հույս ունենալով, որ հընթացս կկարողանանք համագործակցել մյուս ուժերի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031