Բարբաջանքի մասին
Մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ ԱԺ-ում պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ԱՆ Հրայր Թովմասյանին հարց է տվել նախագահական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանում քննված գործի մասին, որին վերջինս պատասխանել է. «Ցավում եմ, որ մյուս կողմում չկար որևէ իրավաբան» կամ «Այդ ես եմ ցավում, որ դիմող կողմը չուներ իրավաբան»: Հիշեցնեմ, որ ՍԴ-ում դիմող Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը ներկայացնում էի ես, իսկ Սերժ Սարգսյանին ներկայացնող Հրայրը Թովմասյանը, որն ինձ դասավանդել է, ՍԴ-ում իր եզրափակիչ խոսքում հայտարարեց, որ «Կարենն իմ լավագույն ուսանողներից է եղել…»:
Եթե Հրայրի լավագույն ուսանողներից եմ եղել և ՍԴ-ում հանդես գալով մյուս կողմում, Հրայրը հանձինս ինձ չի տեսել իրավաբանի, ապա կարծում եմ, դա որպես դասախոսի նրա ինքնագնահատումն է, որը` զրո է: Սակայն անկեղծորեն ասեմ, որ իրականում որպես դասախոս Հրայրը զրո չէր, շատ ավելին էր քան զրոն, ուստի նրա հայտարարությունը ընդամենը բարբաջանք է, հավանաբար հետընտրական լարվածության հետ կապված:
Քաղաքական արդարադատության մասին
Կարդացեք նաև
Ինչպես նշեցի Հրայրը ՍԴ-ում ներկայացնում էր գործող նախագահ Սերժ Սարգսյանի շահերը, որը 11.03.2013թ-ին դիմում էր ներկայացվել, որպես նախագահի թեկնածու իրեն երրորդ անձ ներգրավելու մասին: Բանն այն է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի համաձայն նախագահի թեկնածուն կարող է դիմել ՍԴ-ին, իրեն երրորդ անձ ներգրավելու խնդրանքով: Մեր կողմը առարկեց դրա դեմ և հիմքում դրեց ՀՀ վարչական դատարանի 04.03.2013թ. թիվ ՎԴ/1423/05/13 որոշումը, որը կայացվել է ՀՀ անունից, օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից և վերանայման ենթակա չէ:
Նշված գործի առիթը հանդիսացել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հայցադիմումը, որով նա պահանջել էր նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչել, իսկ դատարանն էլ, իր որոշման մեջ երկու տեղ փաստարկելով, որ Սերժ Սարգսյանը նախագահի նախկին թեկնածու է, Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը մերժել էր: ՀՀ-ի անունից կայացված, նշված դատական ակտի հիմքով էլ մեր կողմը պնդում էր, որ Սերժ Սարգսյանը այլևս նախագահի թեկնածու չէ, նախկին թեկնածու է և չի կարող օգտվել նախագահի թեկնածուի իրավունքներից, հետևաբար գործին որպես երրորդ անձ մասնակից դարձնելու դիմումը ՍԴ-ի կողմից պետք է մերժվի:
Սահմանադրական դատարանը, սակայն, անտեսելով ՀՀ-ի անունից կայացված դատական ակտը, Սերժ Սարգսյանին հռչակեց նախագահի թեկնածու և նրան ներգրավեց գործի մեջ որպես երրորդ անձ:
Այսպիսով ունեցանք ՀՀ-ի անունից կայացված երկու դատական ակտ, որոնցից մեկում Սերժ Սարգսյանի դեմ որոշում չկայացնելու, այսինքն նրա շահի համար, նրան նախագահի նախկին թեկնածուի կարգավիճակ տրվեց, իսկ մյուսում` նույն Սերժ Սարգսյանին ՍԴ գործին մասնակից դարձնելու, այսինքն կրկին նրա շահի համար արդեն իսկ գոյություն ունեցող դատական ակտը անտեսվեց և նախագահի թեկնածուի կարգավիճակ տրվեց: Սա է ՀՀ-ի անունից իրականացվող արդարադատությունը` սահմանադրական և վարչական դատարաններում:
Բայց սա դեռ ամենը չէ, նախագահի մեկ այլ թեկնածու էր էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որին կարող էին կալանավորել բացառապես ԿԸՀ-ի համաձայնությամբ: Նախագահի այս թեկնածուին, սակայն, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 05.03.2013թ. որոշմամբ կալանավորեց առանց ԿԸՀ համաձայնության, համարելով, որ նա այլևս նախագահի թեկնածու չէ, իսկ վերաքննիչ դատարանն էլ հաստատեց դա:
Այսպիսով ունենք վարչական դատարանի 04.03.2013թ. որոշում այն մասին, որ Սերժ Սարգսյանը նախագահի նախկին թեկնածու է, ունենք Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.03.2013թ. որոշում այն մասին, որ Վարդան Սեդրակյանը նախագահի նախկին թեկնածու է և այդ որոշումը ուժի մեջ թողնող` վերաքննիչ դատարանի որոշում, ունենք նաև վերը նշված որոշումներից 7-10 օր անց սահմանադրական դատարանի 11.03.2013թ. և 14.03.2013թ. կայացրած որոշումներ այն մասին, որ Սերժ Սարգսյանը նախագահի թեկնածու է:
Հետաքրքիր է, ի՞նչ սկզբունքով են առաջնորդվել ՀՀ-ում արդարադատություն իրականացնելուն կոչված նշված դատարանները: Ենթադրեմ. գործող քաղաքական իշխանության ցանկություններն ու քմահաճույքները անվերապահ կատարելու սկզբունքով:
Հ.Գ. Հետաքրքիր է, Հրայրի ինչի՞ն էր պետք Ռուբեն Հակոբյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ ինձ վիրավորել, որ ես էլ ստիպված լինեի ափսոսանքով ու չուզելով, առանց վիրավորելու, բայց պատասխան տալ:
Կարեն ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
փաստաբան