Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այցելեց Բյուրականի աստղադիտարան: Արթուր Բաղդասարյանն աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց աստղադիտարանում, տեղում ծանոթացավ իրականացվող աշխատանքներին և առկա խնդիրներին:
Ռուսաստանի Դաշնության և ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում, 2012թ.-ից «Ռոսկոսմոսի» կողմից իրականացվող Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագրի աշխատանքները ընթացել են 3 տարի: Ծրագրի իրականացման գործում ակտիվ դեր է կատարում <<Ռուսհամագործակցություն>> հայաստանյան ներկայացուցչությունը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերաշահագործման հանձնել աստղադիտարանի ձևափոխված առաջատար երկու դիտակները, որոնք կրկին տարբեր չափանիշներով կդառնան լավագույնները աշխարհում: Դրանց կավելացվեն նաև «ՊՐՈԵԿՏ-ՏԵԽՆԻԿԱ»-ի կողմից պատրաստված և ս/թ մայիս-հունիս ամիսներին ներկրվող 5 նոր, տարբեր տրամագծեր ունեցող դիտակները` իրենց ժամանակակից ղեկավարման կենտրոնով:
Բյուրականի աստղադիտարանի արդիականացման ծրագիրը նախատեսվում է ավարտել 2013 թվականի վերջին, որի ընթացքում ֆինանսական ներդրումների ծավալը կգերազանցի 5 մլն. եվրոն: Դրա արդյունքում Բյուրականի աստղադիտարանը կգործի իր ողջ ծավալով և կարևոր տեղ կզբաղեցնի երկրագնդի համար վտանգ հանդիսացող տիեզերական աղբի և գիսաստղերի ու երկնաքարերի տեղաշարժերի միջազգային դիտարկման համակարգում:
Կարդացեք նաև
Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Մենք սկսում ենք Բյուրականի աստղադիտարանի վերածննդի, արդիականացման ծրագիրը, և ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել կոլեկտիվի անդամներին այս տարիների ընթացքում ազգային այս արժեքը պահելու, պահպանելու համար: Բյուրականն, իսկապես, ազգային արժեք է, և մենք պետք է կարողանանք տիեզերագիտության մեր լավագույն ավանդույթները վերականգնենք: Մենք խորացնելու ենք աջակցությունը Բյուրականին ոչ միայն երկրի ներսում, այլ նաև հնարավորինը անելու ենք աջակցելու միջազգային համագործակցությունը զարգացնելու համար, իսկ հայ-ռուսական արդեն իսկ առկա ծրագրերը առաջ ենք մղելու, որպեսզի ունենանք իրոք վերածնված Բյուրական: Արդիականացման արդյունքները նոր, գայթակղիչ և նշանակալից կարգավիճակ կհաղորդեն Բյուրականի աստղադիտարանի զարգացման, նոր հայտնագործություների իրականացման, Հայաստանի գիտական վարկանիշի բարձրացման, երկրում տիեզերագիտության խթանման, համապատասխան միջազգային կազմակերպություններում ու նախագծերում ընդգրկվելու հնարավորությունների մեծացման, տարածաշրջանային գիտահետազոտական հենակետ դառնալու, զբոսաշրջության և գիտասիրողական էքսկուրսաների զարգացման, երիտասարդ կադրերի և նոր աշխատատեղերի ստեղծման համար»:
Ասղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց Արթուր Բաղդասարյանին և նշեց. «Ձեր ուշադրության և ցուցաբերած աջակցության շնորհիվ մեկնարկել է Բյուրականի աստղադիտարանի արդիականացման ծրագիրը և այսօր մեզ համար նշանակալի օր է, քանի որ սկսում ենք մեր աշխատանքները: Աստղադիտարանն, որպես ինստիտուտ, այսօր աշխատում է, հետազոտություններ են կատարվում, բայց դիտողականության հնարավորությունները արդիականացման աշխատանքների շնորհիվ կաճեն և աստղադիտարանը նորից կհայտնվի աշխարհի լավագույն դիտարանների շարքում որպես դիտողական կենտրոն»:
Աստղադիտարանի անձնակազմը այսօր բաղկացած է շուրջ 40 գիտաշխատողից (ԽՍՀՄ տարիներին այն կազմում էր ավելի քան 300 աշխատակից): Աստղագիտարանին պետական բյուջետից տարեկան հատկացվում է շուրջ 85 մլն. դրամ ֆինանսավորում: