«Մենք համակարգային հարց ենք բարձրացրել, և նրանք ընդհանրապես խուսափել են այդ հարցի պատասխանից»,-Aravot.am-ի հետ զրույցում ՍԴ-ում Ր. Հովհաննիսյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանն այսպես գնահատեց ՀՀ նախագահի թեկնածուներ Ր. Հովհաննիսյանի և Ա. Ղուկասյանի դիմումների հիման վրա`ՀՀ ԿԸՀ-ի 2013-ի փետրվարի 25-ի «ՀՀ նախագահ ընտրվելու մասին» թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործով որոշումը:
ՍԴ-ն հրապարակել է որոշման ամբողջական տեքստը , որտեղ հայտնում է, թե գործի քննությունը վկայում է, որ դիմողների կողմից ՀՀ վարչական օրենսգրքի պահանջները անտեսվել են կամ իրավաչափ ձևով ու օրենքով սահմանված կարգին ու ժամկետներին համահունչ չեն իրացվել:
Որոշման մեջ նաև ամրագրված է, որ ՍԴ-ն չի կարող ստանձնել ընտրական գործընթացների մասնակից քաղաքական ուժերի պարտականությունների վերակատարումը 10-օրյա ժամկետում:
Կրկին հիշեցվում է այն հանգամանքը, որ հայց ներկայացնող կողմը չի գործել ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում: Ըստ ՍԴ-ի` այդ կողմը ոչ իրավաչափ կամ գործնականում անիրագործելի միջնորդություններով հանրային տպավորություն է ուզում ստեղծել, թե ՍԴ-ն իբր կարող էր, բայց չցանկացավ իրականացնել այն, ինչ իրենք պարտավոր էին ժամանակին ու օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնել և ապացուցողական նշանակություն ունեցող իրավական փաստարկներով հիմնավորված դիմում ներկայացնել:
Կարդացեք նաև
ՍԴ-ն մատնանշում է մի շարք հիմքեր, որոնք հաշվի առնելով մերժել է Ր. Հովհաննիսյանի ներկայացրած դիմումը: Մասնավորապես, ՍԴ որոշման մեջ նշված է, որ հայցվոր կողմը միայն ընտատեղամասերի 2 տոկոսի դեպքում է հանձնաժողովների գրանցամատյաններում գրառումներ կատարել, որ քաղաքական ուժերի վստահված անձինք ստորագրված արձանագրությունները համարել են հավաստի ու ոչ բողոքարկելի, որ Ր. Հովհաննիսյանն ուներ 1009 վստահված անձ, այնինչ վերջիններս ներկայացրել են ընդամենը 1 դիմում, միայն 1 անձ է ներկայացրել հատուկ կարծիք, որ դիմող կողմերը դատարանում ապացուցողական նշանակություն ունեցող որևէ իրավական փաստարկ չեն ներկայացրել ընտրություններում Ր. Հովհաննիսյանի հնարավոր հաղթանակի վերաբերյալ և այլն:
Ի պատասխան ՍԴ հակափաստարկների` Կ. Մեժլումյանը նշեց. «Մասնավորապես, մենք մեծ թվերի հարցն ենք բարձրացրել: Այսինքն այն, որ որոշ տեղամասերում 100 տոկոս քվեարկություն է ստացվել: 576 տեղամասում 85 և ավելի տոկոսով Սերժ Սարգսյանը հաղթել է, այսինքն` մասնակցությունն այդ տեղամասերում 80-100 տոկոս է կազմել: Մենք ասում ենք` եղբայր, նման բան կարող է լինել միայն կրկնակի քվեարկությունների արդյունքում: Դա այնպիսի խախտում է, որ չես կարող տեսնել: Այսինքն`մի քանի տեղ քվեարկում են նույն անձինք: Ու դա հնարավոր չէ պարզել: Պիտի ֆենոմենալ հիշողություն ունենաս, որ տեսնես` տվյալ անձը 2-րդ անգամ էլ է քվեարկել: Փաստորեն, տեսնում ես 100 տոկոս մասնակցություն, բայց խախտում չես տեսել: Ի՞նչ անել: Ասում են հաջորդ օրը վերահաշվարկի դիմում գրեիք: Բայց դու վերահաշվարկի համար հիմքեր չես տեսնում, տեսանելիորեն ամեն ինչ նորմալ է»:
Մեր այն հարցին` ի՞նչ կարող էր անել ՍԴ-ն, որ չարեց, պարոն Մեժլումյանն այսպես պատասխանեց. «Հնարավոր է մի բան. ովքեր մասնակցել են քվեարկությանը, նրանց տվյալները համեմատվեր ԱԱԾ-ում գործող համակարգով: Ովքեր մուտք ու ելք են ունենում ՀՀ, համակարգը նրանց հասցեներով ցույց է տալիս: Եթե այդ համակարգը ներդնեին, օրինակ` Մխչյանում, որի կեսը դատարկված է, բայց ընտրացուցակներում ընդգրկվածների 80 տոկոսը մասնակցել է քվեարկությանը, պարզ կերևար, թե այս անձինք, որ քվեարկել են, արդյոք ներկա են, թե` ոչ: Եթե այդ համակարգից հնարավոր լիներ օգտվել, պարզ կերևար, թե այդ 100 տոկոսը ոնց է հնարավոր ստանալ: Մենք այդ հարցն ենք բարձրացրել, իսկ իրենք դրանից շեղվել են»:
Վերահաշվարկի դիմում գրելու մասով էլ Կ. Մեժլումյանը նշեց. «Դա մեզ մղում է նրան, մյուս ընտրությունների ժամանակ` անկախ նրանից` ինչ ենք հայտնաբերում, բոլոր ընտրատեղամասերում վերահաշվարկի դիմում գրենք: Մոտ 2000 տեղամաս կա, 2000 վերահաշվարկի դիմում գրենք: Սա նշանակում է, որ այդքան դիմում քննելու են ընտրատեղամասային հանձնաժողովները, այդքան դիմում բողոք կբերվի վարչական դատարան: Այդ մի դատարանը կարո՞ղ է արդյոք 2000 գործ ըստ էության հինգ օրում քննել: Իրենք ուզում են իրավական քաոս առաջացնել: Մյուս անգամ դա կանենք, բայց դա հարցի գլոբալ լուծման չի բերում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ