Այսօր ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսին, ասաց, որ իր մոտ տպավորություն էր, որ նախագահը բոլորին ցուցում էր տալիս տեսնել լավը ու խոսել միայն լավի մասին:
«Նախագահը հստակ չասաց, թե որոնք են այն ռեալ բարեփոխումները, նույնիսկ պատգամավորները, երբ լրագրողները հարցնում են նշել մեկ երկու բարեփոխում, որ եղել է մեր երկրում, նրանք չեն կարողանում նշել»:
Տիկին Խառատյանը նշեց, որ համաձայն չի նախագահի արտահայտած մի շարք մտքերի հետ, մասնավորապես այն, թե «ձե՞զ ինչ, թե ով է մեր սոցապ նախարարը, կարեւորը` դուք ձեր թոշակները ստանաք», նաեւ հետեւյալը` «Արտագաղթի պատճառը գաղջ մթնոլորտն է»:
Խառատյանը հարցնում է` «Եթե մի երկրում սոցապ նախարարի գործը համարվում է միայն թոշակ բաժանել, ապա ինչ սոցիալական քաղաքականության մասին է խոսքը»:
Կարդացեք նաև
Խառատյանի խոսքով՝ նախագահն ասում է երկրում տնտեսական աճ կա, բայց մեր երկիրը գաղութային է, դեռ պետք է ճշտել, թե ինչպես է արձանագրվել այդ տնտեսական աճը, իսկ այն պարզ է` «դա 15-20 հոգու հաշվարկներով է ասվում»:
Տիկին Խառատյանը գտնում է` նախագահի խոսքի ամփոփումը վիրավորական էր, որ ասաց, թե Ազատության հրապարակում մոտ երեք հազար մարդ է մնացել. «Բայց դա այդպես չէ, իսկ ստեղծված իրավիճակը, ելքը հետեւյալն է` այն իշխանությունը, որը նախագահի շուրջն է հավաքված, ես չեմ տեսնում բանակցություններ: Բանակցությունը` դա նշանակում է փաստարկ, քննարկում, բայց իշխանության կողմից ես նման կամք, պատրաստակամություն չեմ տեսնում»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ