«Երգեցողություն» անվանակարգում Հայաստանի Հանրապետության նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակի հավակնորդների առաջին` ընտրական փուլը մեկնարկեց
Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը այսօր տեղի է ունենում «Դասական երաժշտության» բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում Հայաստանի Հանրապետության նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակի հավակնորդների առաջին` ընտրական փուլը: Հիշեցնենք, որ մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մասնակիցները 14-ն են (9-ը` իգական սեռի ներկայացուցիչ), որոնցից կընտրեն եզրափակիչ փուլ անցնողներին: Մրցանակը ՀՀ նախագահի վկայագիրն է, կրծքանշանը եւ դրամական պարգեւը` 2,500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Արդեն 8-րդ տարին է, ինչ շնորհվում է մրցանակը: Այս տարիների ընթացքում ժյուրին ընտրել է լավագույններին, որոնց անունները (Գևորգ Հակոբյան, Արսեն Սողոմոնյան, Գուրգեն Բավեյան…) հնչում են համաշխարհային տարբեր բեմերում եւ արդարացնում ստացած մրցանակը»:
Աիդա Խաչիկյանի խոսքով. «Ամեն ինչ կախված է մասնակիցների այսօրվա կատարողականությունից: Սա ինչ-որ առումով քննության է նման, իսկ արդյունքների մասին կխոսենք մրցույթի ավարտից հետո»:
Կարդացեք նաև
Տիկին Խաչիկյանն ասաց, որ որ մրցույթին միայն 18-27 տարեկաններն են մասնակցում. «Մասնակիցներից երկուսի համար սա վերջին հնարավորությունն է»:
Նա նաեւ նշեց, որ դիմողների թիվը «երգեցողություն» անվանակարգում գրեթե նույնն է մնացել. «Իսկ «գործիքայինում» դիմորդներն ավելի քիչ են: Ես ողջունում եմ անգամ առաջին կուրսեցիների մասնակցությունը, բայց երբեմն նրանք գերագնահատում են իրենց հնարավորությունները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ