Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Սողոմոնյան. Սիրիահայերի պատմության դասագրքերը չի հաջողվել տեղափոխել

Մարտ 21,2013 15:00

Այսօր Երեւանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսին խոսելով սիրիահայ ընտանիքների կրթական խնդիրների վերաբերյալ, քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հիշեցրեց, որ քաղաքապետի հանձնարարությամբ Երեւանի Նար-Դոսի անվան 14 դպրոցում գործում է «Կիլիկյան վարժարանը», որտեղ այս պահին աշխատում է 17 սիրիահայ ուսուցիչ եւ կրթություն ստանում 320 աշակերտ՝ սիրիական ծրագրով: Խնդիրները հատկապես կապված են 4-րդ դասարանի աշակերտների գիտելիքների տարեվերջյան ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, վկայականների բաշխման, արեւելահայերեն, ռուսաց լեզու, շախմատ առարկաների ուսուցում կազմակերպելու հետ: Այս կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել է ԿԳ նախարարին:

Տիկին Սողոմոնյանը տեղեկացրեց, որ «Կիլիկյան վարժարանում» հայոց լեզու եւ հայ գրականություն առարկան անցնում են Սիրիայից բերված գրքերով, իսկ պատմության դասագրքերը չի հաջողվել Հայաստան տեղափոխել: Երեխաներն այժմ օգտվում են լուսապատճեններից:

Ինչ վերաբերում է նախադպրոցական հաստատություններին, վարչության պետի ասելով, նախադպրոցական տարիքի շուրջ 200 սիրիահայ երեխա անվճար, այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ հաճախում է Երեւանի տարբեր վարչական շրջանների մանկապարտեզներ:

«Դեռեւս 2012-ի հուլիսից քաղաքապետի հանձնարարությամբ Ստեփան Շահումյանի անվան 1-ին դպրոցում սիրիահայ հայրենակիցների տարբեր տարիքային խմբերի եւ ծնողների համար կազմակերպվեցին արեւելահայերենի ուսուցման դասընթացներ, իսկ ուսուցումն իրականացնող ուսուցիչները վարձատրվեցին Երեւանի քաղաքապետարանի կողմից»,-նշեց տիկին Սողոմոնյանը՝ հավելելով, որ սիրիահայերի կրթության խնդիրներով սերտորեն համագործակցում են նաեւ ԿԳ նախարարության հետ:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ կան երեխաներ, որ ցանկություն են հայտնել կրթություն ստանալ ոչ թե սիրիական, այլ հայաստանյան ծրագրով՝ հայաստանյան իրականությանն ավելի հեշտորեն ինտեգրվելու համար:

Գայանե Սողոմոնյանը պատասխանեց, որ մայրաքաղաքի մյուս հանրակրթական դպրոցներում ներկա պահին սովորում է 231 սիրիահայ երեխա, արեւելահայերնն այլեւս խնդիր չէ նրանց համար, քանի որ արդյունավետորեն ինտեգրվել են դպրոցին եւ իրականությանը:

Ի դեպ, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում սովորում է 31 սիրիահայ երեխա, նրանցից 2-ին նվիրվել է ջութակ, 2-ին՝ թավջութակ, 1-ին՝ դաշնամուր: Սայաթ -Նովայի անվան դպրոցում 9 սիրիահայ երեխա է սովորում, որոնցից մեկին ժամանակավոր օգտագործման համար ջութակ է տրվել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031