Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաստեղծուհի. «Էրոտիկ թեմաներ կարդալուց շշմում են կամ հայհոյում» (Տեսանյութ)

Մարտ 21,2013 14:43

«Այսօր գրականության վերաբերյալ հենց մի հարց է լինում, լրագրողները Լեւոն Անանյանին են դիմում, մինչդեռ գրականությունը Գրողների միությունը չէ»,-այսօր «Ելակետ» ակումբում ասաց բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը` հավելելով, որ ԳՄ-ին վիրավորելու միտում չունի:

Գրականության խնդիրների շուրջ բանաստեղծուհին կարծիք հայտնեց, թե վատագույն երեւույթը գրականության իմիջի փչացումն է, ինչը նա իր մաշկի վրա էլ է զգում. «Բացի այդ, եղած գրականությունը ռեալիզացնելու խնդիր կա»:

Պետրոսյանը փաստեց, որ հայ գրականությունը ներկայանալի լինելու խնդիր ունի, սակայն գրողները հիմնականում իրենք են լուծում իրենց խնդիրները. «Կուզեի կառույցներ ստեղծեինք, ասենք` ֆոնդ, որ կարողանայինք ամբողջությամբ անկախ լինել: Չէի ուզենա, որ գրականությունը պետական հովանավորության հետ կապվեր, որովհետեւ մեր իշխանությունը վատ իմիջ ունի: Իսկ, օրինակ, ԱՄՆ-ում կան գրող-դափնեկիրներ, որոնք կապ ունեն Կոնգրեսի հետ»:

Aravot.am-ի հարցին, թե ինչ կարծիք ունի բանաստեղծուհին երիտասարդ գրողների մասին, տիկին Պետրոսյանն ասաց. «Ավագ սերնդի գրողների հետ համեմատած` երիտասարդները գեղագիտական խնդիրներ դնելու հակում չունեն, իսկ մենք բավական հաճախ անգամ սուր քննարկումներ ենք կազմակերպում, որովհետեւ հսկայական գրականություն կա: Բայց ընդհանուր առմամբ` այսօր երիտասարդ գրողների պակաս չունենք»:

Մարինե Պետրոսյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ դեր ունեն գրողները ներկայիս ներքաղաքական իրավիճակում: «Գրողներն իհարկե ունեն դերակատարություն: Գրող կա` պահպանողական է, գրող էլ կա` հեղափոխական»,-ասաց Պետրոսյանը: «Կարծում եմ` ընդհանուր առմամբ գրականությունն ավելի հեշտությամբ է լուծում իր առջեւ դրված խնդիրները, քան քաղաքականությունը»,-հավելեց նա:

Հարցրեցինք նաեւ, թե հրապարակախոսն ինչ կարծիք ունի վերջերս լույս տեսած «Գրանիշ Խուժանականից»: Մարինե Պետրոսյանն ասաց, որ չի ընթերցել, թեեւ էրոտիկ գրականությունն «այն թվերից» էլ եղել է: «Դրա շուրջ քննարկումներն ավելի շատ Ֆեյսբուքում են ընթանում: Մարդ կա` կարդալուց զարմանում է, շշմում, որովհետեւ դա անսովոր է իր համար, մարդ էլ կա` սկսում է հայհոյել»,-ժպիտով եզրափակեց տիկին Պետրոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031