Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական աջակցություն է ցուցաբերվում սահմանամերձ համայնքների բնակիչներին

Մարտ 21,2013 14:32

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Մինչև օրակարգին անցնելը վարչապետն անդրադարձել է երկու հարցի` նույնականացման քարտի կիրառման խնդրում առաջացած դժվարություններին և երկրի տնտեսության զարգացման ս.թ. հունվարփետրվար ամիսների որոշ արդյունքների (տե՛ս առանձին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հայեցակարգային ծրագիրը,  «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և 2008-2012 թվականների ընթացքում հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև  ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է հաստատել մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց և ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը։ Հողի հարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացվել է ավելի քան 54 մլն դրամ, ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության  պետական կոմիտեին` մոտ 11 մլն դրամ, ինչպես նաև ևս մոտ 16 մլն դրամ` «Մեղրի» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում օգտագործվող ջրի դիմաց 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով։ «Այս փաստաթուղթը մենք պատրաստել ենք ՀՀ նախագահի հանձնարարությամբ` լուծելու համար այն գյուղերի խնդիրները, որոնք գտնվում են այնպիսի գոտիներում, ուր, ցավոք, կրակոցներ են հասնում, – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։Սա լուրջ անհանգստություն է պատճառում մեր բնակիչներին։ Ապագայում ևս անդրադառնալու ենք խնդրին` այս համայնքներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով»։

 

 

Կընդարձակվի Երևանի կանաչ գոտու անտառապատ տարածքը

 

ՀՀ կառավարությունը լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 52 մլն 600 հազար դրամ, որով կանտառապատվեն Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտարից շուրջ 31 հեկտարը, Արթիկ քաղաքի շրջակայքի շուրջ 20 հեկտար տարածքը, ինչպես նաև մասնակիորեն կֆինանսավորվի ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսը։ Վարչապետը հիշեցրել է, որ ըստ պայմանավորվածության, Երևանի քաղաքապետարանը պետք է կառավարություն ներկայացնի կանաչապատման համալիր ծրագիր։ «Քանի որ առաջին փուլը մենք հաջողությամբ ավարտեցինք նաև այս հատկացումով, անհրաժեշտ է մտածել հաջորդական ծրագրերի մասին, որովհետև Երևան քաղաքի էկոլոգիական վիճակը պետք է բարելավենք նաև այս միջոցառման շնորհիվ», – ասել է Տիգրան Սարգսյանը։ Վարչապետին զեկուցել են, որ ծրագրի ֆինանսավորման այլ աղբյուրները ևս ճշտելուց հետո` մեկ ամսից, կներկայացվի այդ փաստաթղթի նախագիծը։

Լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունը դրանով իսկ կանոնակարգել է շրջանառության հարկ վճարողների կողմից միաժամանակ արտոնագրային վճարով և հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակներ իրականացնելու դեպքում ՀԴՄ-ներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունների ներկայացման հարցերը։

Մեկ այլ որոշման փոփոխությամբ գործադիրը ՀՀ գազաքիմիական ճյուղի վերակառուցման ծրագրի իրականացման «Նաիրիտ գործարան ՓԲԸ գիտահետազոտական բազայի հիման վրա տեխնոպարկի (տեխնիկաներդրումային տիպի հատուկ տնտեսական գոտու) ստեղծում» միջոցառման կատարումն ապահովելու իրատեսական` նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո 12-ամսյա ժամկետ է սահմանել։

Կառավարության որոշումներով Ախուրյանի անավարտ կոլեկտորն ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին, ինչի շնորհիվ կվերականգնվի կոլեկտորի նորմալ գործունեությունը, Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում գտնվող նախկին «Շիրակի մարզային հիվանդանոց» ՓԲԸ-ի շենք-շինությունները հանձնվել են ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը, «Երևանի N 8 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ի մասնաշենքի մի մասը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով` սպորտի զարգացման «Ասադա» կրթական համալիր» ՀԿ-ին։ Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացում է կատարվել կառավարության նախկին որոշումներից մեկում և հանվել է Իջևան քաղաքի վարչական սահմանում գտնվող մի քանի հողամասի մասնավորեցման սահմանափակումը, ինչը կնպաստի հողամասերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը։

 

 

Քաղաքացիները կստանան մշակույթի վերակառուցված օջախներ

 

Կառավարությունն իր նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել ավելի քան 407.5 մլն դրամ, որով ապահովվելու են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի պահպանումը, վերակառուցումը և արդիականացումը, Հայաստանի ազգային գրադարանի հակահրդեհային և տեխնիկական անվտանգության համակարգերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասնակի հարդարման և նորոգման աշխատանքի կատարումը։ Վարչապետի տեղեկացմամբ, Մ. Սարյանի տուն-թանգարանի վերակառուցման հանձնարարությունը ՀՀ նախագահը տվել էր դեռևս անցյալ տարի, սակայն բավական երկար բանավեճ էր ծավալվել ճարտարապետական լուծումների վերաբերյալ։ Այժմ բոլոր փորձաքննություններն ավարտվել են, առաջարկվող լուծումներն ամենքի կողմից ընդունելի են, և փաստաթուղթը վերջնական տեսքի է բերված, հետևաբար` վերակառուցումը կարելի է սկսել։

         Վենետիկի Մխիթարյան Միաբանության ձեռագրատանը և մատենադարանում պահվող շուրջ 3 հազար հայկական ձեռագիր մատյանների, ավելի քան 200 հազար հազվագյուտ, հնատիպ գրքերի, ինչպես նաև 1700-ական թվականներից մինչև օրս դիվանական փաստաթղթերի թվայնացման աշխատանքն իրականացնելու նպատակով հիմնական և օժանդակ սարքավորումներ ձեռք բերելու համար կառավարության որոշմամբ հատկացվել է 53.5 մլն դրամ։

ՀՀ կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Կորյունի 16 հասցեում գտնվող մասնաշենքի պետական սեփականություն հանդիսացող հողամասից 250 քառ. մետր մակերեսով հողամասն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է ՀՀ մշակույթի նախարարության «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ին` դահլիճ կառուցելու նպատակով։ Լրացուցիչ տարածքը հնարավորություն կտա ստեղծել թատրոնի բնականոն գործունեությունը կազմակերպելու և հանդիսատեսին պատշաճ ծառայություն մատուցելու լիարժեք պայմաններ։

 

 

Կհեշտանա ԱԱՊ բժշկի ընտրության գրանցումը

 

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց անհրաժեշտությունը թելադրված է բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բժշկի փոփոխության գրանցումը տվյալների շտեմարաններում առավել դյուրացնելու անհրաժեշտությամբ, ինչը կկրճատի փաստաթղթային անհարկի և կրկնվող ձևակերպման ժամանակի և նյութական ռեսուրսի ծախսը, կնվազեցնի բնակչի և բժշկի վարչական շփման տևողությունը։ Հաջորդ որոշմամբ կատարված փոփոխությունների և լրացումների նպատակն է կատարել «Հայաստանի Հանրապետությունում ստուգման կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջը` կապված ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգի ներդրման հետ` ամբողջությամբ ներառելով տեսչության վերահսկման ենթակա ոլորտները և դրանց ոլորտային ռիսկը։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որի անհրաժեշտությունը պայմանավորված է 2013 թ. հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելով։ Նախագծի ընդունվելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման կարգը կհամապատասխանի 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների տրամաբանությանը` ապահովելով քաղաքացիների իրավունքների իրականացումը։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց շնորհիվ կկարգավորվի ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարի և արտադրված ածխաթթու գազի հաշվառման նպատակով հաշվիչ (չափիչ) սարքերի տեղադրման և կնքման, դրանց ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման գործընթացը։

 

Դիվանագիտական աստիճան կշնորհվի պարզեցված կարգով

 

ՀՀ կառավարությունը հաստատել է`

– Դիվանագետի ատեստավորումն անցկացնելու կարգը, որն իրականացվում է փաստաթղթային եղանակով,

– օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման կարգը. գործընթացը կիրականացվի գիտության ու տեխնիկայի նվաճումների հաշվառմամբ,

– 2012 թ.  դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հիմնական միջոցների կազմում ընդգրկված ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերի օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման աշխատանքի արդյունքը. կավելանա ընկերության սեփական կապիտալը, կապահովվի առաջիկա տարիների ֆինանսական գործունեության անընդհատությունը։

 

 

Այլ հարցեր

 

            ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև եկամտի և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու, Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության կառավարությունների միջև` արձակուրդի և աշխատանքի ծրագրի համաձայնագրերի կնքման առաջարկություններին։ Անդրադառնալով ԳԴՀ-ի հետ կնքվելիք համաձայնագրին` Տիգրան Սարգսյանն ասել է, որ բավական երկար դեբատներ են եղել այս հարցի շուրջ, մինչև որ համաձայնությունը կայացել է։ Հայկական կողմի համար սա կարևոր է, քանի որ ԳԴՀ-ից ՀՀ-ում կան մեծածավալ ներդրումներ։ Մշտապես բանավեճ էր առաջանում, թե ինչպես են վճարվելու հարկերը։ Փաստորեն, հարցը վերջնականորեն կլուծվի սույն համաձայնագրի կնքմամբ։

Գործադիրը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին թույլատրել է ՀՀ ներմուծել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի համեմատական և հետազոտելի նմուշներ. կազմակերպությունը կմասնակցի «Միջազգային համագործակցված վարժանքին»` բարձրացնելով իր դատափորձագիտական գործունեության արդյունավետությունը։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031