Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ ծանոթ եւ անծանոթ SONA-ն

Մարտ 21,2013 14:27

sonaԱշխարհում ընդունված շոու-բիզնեսի սկանդալային սկզբունքները, երբ աստղերի անձնական կյանքը, նրանց հետ կապված տարբեր պատմությունները պապարացիների, հիմնականում մամուլի «թեթեւ ձեռքով» դառնում են հասարակության քննարկման թեմաներ, մեզ համար էլ նորություն չեն: Բացառություն չէ ռուսաստանյան շոու- բիզնեսի ներկայացուցիչ, մոսկվաբնակ երգչուհի Սոնան, ում հաճախ են անդրադարձել ռուսաստանյան լրատվամիջոցները: Եվ քանի որ տարիներ շարունակ զրկված ենք երգչուհու հետ շփումից, հետեւաբար հաճախ նրա անվան շուրջ տարածված խոսակցությունները մութ են մնում նաեւ մեզ համար: Օրինակ, 1990-ականների սկզբներին, երբ երգչուհին մասնակցում էր մոսկովյան հեռուստատեսության «Утренняя звезда» մրցույթին եւ այսօր արդեն ճանաչված երգչուհի Վալերիային զուգահեռ «գնում» էր դեպի ֆինալ, խոսակցություններ տարածվեցին, թե Վալերիայի ներկայիս ամուսին, պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը, մեղմ ասած, անտարբեր չէ հայ երգչուհու հանդեպ: Կամ՝ ճանաչված կլիպմեյքերներ Ալան Բադոեւի եւ Սեմյոն Գորովի «Все пройдет», «Сердце плачет» հիթերի տեսահոլովակներից հետո ասում էին, թե երգչուհին հատուկ դրանցում նկարահանվելու նպատակով դիմել է պլաստիկ վիրահատության եւ այլն: Միանշանակ «ֆուրոր» էր թե Ռուսաստանում, թե մեզ մոտ 2006թ. աշխարհահռչակ «Ջիփսի Քինգս» խմբի ֆլամենկո կիթառահար Մանոլոյի եւ Սոնայի Luna en el Anima երգի դուետով հանդես գալը:

Այս օրերին Սոնան Երեւանում է եւ սիրով համաձայնեց հանդիպել «Առավոտի» հետ: Երգչուհին հերքեց իր անվան շուրջ շրջանառվող հայաստանյան խոսակցությունները, ասելով՝ «Ժամանակին իսկապես ես եւ Վալերիան մոսկովյան հեռուստատեսությամբ անցկացվող հայտնի մրցույթում զուգահեռ գնում էինք դեպի ֆինալ, մինչեւ այն պահը, երբ իմ ելույթի ժամանակ «պատահաբար» անջատվեց միկրոֆոնը, եւ ես ստիպված էի մինչեւ վերջ երգս ներկայացնել առանց տեխնիկայի: Ավելին, Վալերիայի այն ժամանակվա ամուսինը՝ Ալեքսանդր Շուլգինը, մրցույթի ֆինալից առաջ, ժյուրիի աշխատանքներին մասնակցելու նպատակով Անգլիայից հրավիրեց ճանաչված երգչուհի Սեմ Բրաունին եւ, կարճ ասած՝ այդպիսով ապահովեց կնոջ հաղթանակը: Ինչ վերաբերում է Իոսիֆ Պրիգոժինի ու իմ «սիրավեպին», ծիծաղելի է: Նախ՝ այդ մրցույթից 12 տարի անց Վալերիայի ամուսինը դարձած Պրիգոժինը ինձ ճանաչում էր մինչեւ այդ հեռուստամրցույթը. ես 1990թ. մեկնել էի Մոսկվա ու պատրաստվում էի մասնակցել Յուրամալայում ժամանակակից երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթին, սակայն փաստաթղթերի ուշացման պատճառով Յուրմալա չհասա: Փոխարենը այդ ընթացքում լույս տեսավ իմ առաջին «SONA» CD-ն»: Ինչ վերաբերում է պլաստիկ վիրահատությանը, մեր զրուցակիցն ընդամենն ասաց, որ վիրահատության չի ենթարկվել, իր կերպարը «ստեղծել» են պրոֆեսիոնալ ոճաբան ու վիզաժիստ, տվյալ դեպքում՝ Մերի Հարությունյանն ու Սերժը: Հավելեց նաեւ, որ նշյալ տեսահոլովակներում նկարահանվելու համար ինքն «անձնական» դեղատոմսով նիհարել է շուրջ 20 կիլոգրամ:

Զրույցի ընթացքում Սոնան «նոստալջիով» հիշեց, իր խոսքերով՝ աշխարհում ամենալավ քաղաքում՝ ծննդավայր Երեւանում անցկացրած ոչ միայն մանկությունն ու պատանեկությունը, այլեւ 13 տարեկանից մեծ բեմ տարած ճանապարհի սկիզբը: «Երգում էի Հենրիկ Իգիթյանի հիմնած մանկապատանեկան գեղագիտական կենտրոնի Աշոտ Բզնունու ղեկավարած աղջիկների ջազ անսամբլում: Ընդ որում՝ այն տարիներին դա միակն էր ԽՍՀՄ-ում, ծրագիրն էլ ձգվում էր Գերշվինից, Բիթլզից մինչեւ «Հիսուս Քրիստոս սուպեր սթար» փոփ օպերա: Հետո էլ իբրեւ ջազ դաշնակահար ուսանեցի Առնո Բաբաջանյանի անվան քոլեջում՝ ճանաչված ջազմեն Արտաշես Քարթալյանի դասարանում: Անջնջելի են «Շարմ» հոլդինգի եւ ռեժիսոր Միքայել Դովլաթյանի «Մեր բակը», ինչպես նաեւ Հայաստանում առաջին անգամ «բլյուզիս» տեսահոլովակի նկարահանման օրերը: Ողջ կյանքում ինձ կուղեկցեն կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի «Այո», «Ասուպ» մրցանակաբաշխությունների ժամանակ ստացածս տպավորությունները, ինչպես նաեւ համագործակցությունը Օրբելյանի, այնուհետեւ Արմեն Մարտիրոսյանի ղեկավարած ջազ-բենդի հետ»,- հիշեց Սոնան:

Անդրադառնալով իր գործունեությանը, արվեստագետն առանձնացրեց 2005թ. ստեղծած «սեփական» խմբի հետ 2007թ. մենահամերգը Մոսկվայում՝ «Թրպ տՐՏռՊպՑ» ալբոմի շնորհանդեսին եւ հատկապես 2008թ. Մոսկվայի էստրադայի թատրոնում մենահամերգը, որին ներկա են եղել ռուսաստանյան շոու-բիզնեսի աստղեր, ինչպես նաեւ հատուկ հրավիրված «ջիփսիքինգսցի» Մանոլոն: Ինչպես նաեւ վերջինիս հետ 2012թ. Գերմանիայում կայացած իրենց մասնակցությանը «Հացի» փառատոնին, ասելով, որ այնտեղ ներկայացված է եղել լավաշը եւ ինքն էլ հնչեցրել է Կոմիտաս: Երգչուհին հայտնեց, որ Էստրադայի թատրոնում կայացած համերգի վիդեո տարբերակը հայաստանցի հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել այս տարվա աշնանը. «Երեւանում կանցկացվի երաժշտության շաբաթ, որի յուրաքանչյուր օր նվիրված կլինի երաժշտարվեստի մի ժանրի: Օրինակ՝ «ռոքի օրը» ելույթ կունենա «Դորիանսը», «ֆոլկինը»՝ տարբեր խմբեր, թեեւ նախօրոք պլանավորված էր անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մենահամերգը եւ այլն»: Իսկ մինչ աշուն, Սոնան հավաստիացրեց, որ այս ամսվա վերջին կկայանա իր եւ Վորոնեժից հայ երգիչ Արմեն Հովհաննիսյանի «Սիրո ալիք» տեսահոլովակի շնորհանդեսը, մանրամասնելով՝ «Դուետի երաժշտության հեղինակն է Արա Հովհաննիսյանը, տեքստինը՝ Մերի Ստեփանյանը, նկարահանել է մոսկվաբնակ հայտնի կլիպմեյքեր Ալեն Մենուան: Ընդ որում, այս ստեղծագործության մեջ առաջին անգամ երգում եմ հայերեն»:

Հետաքրքրությանը, թե, օրինակ, որտե՞ղ են անցնում մոսկովյան մենահամերգները, Սոնան նախ հայտնեց, թե սպասված է ռուսաստանյան հեռուստաալիքների կողմից, շրջագայում է եվրոպաներում, հետո էլ ասաց. «Իսկապես շնորհակալ եմ ՌԴ նախագահ Պուտինին՝ ով Մոսկվայում գործող կազինոները տեղափոխելով մայրաքաղաքից դուրս, դրանք «վերաձեւեց» իսկապես բարձրակարգ ու շքեղ ակումբների, որտեղ եւ անցնում են համերգներս»: Իսկ անձնական կյանքին վերաբերող հարցերին՝ «no comment»: Այնուամենայնիվ, Սոնան նշեց, որ գիտակցական կյանքում «ծրագրել» է անձնականը «կառուցել» 40 տարեկանից հետո, ժպիտով էլ հավելեց, թե դա յոթ սարի հետեւում չէ. «այս տարին ինձ համար հոբելյանական է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031