Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ծնող եք ոչ թե միայն կարգադրություններ անելիս, այլև օրը 24 ժամ». Հոգեբան Աննա Արազյան

Մարտ 21,2013 14:29

Օրեր առաջ Կասկադում մի երեխայի տեսա, ով խաղում էր այնտեղ, վազվզում. ձեռքիս կոնֆետների տուփ կար, որոշեցի փոքրիկին նվիրել: Մինչ փոքրիկը ձեռքը մեկնել էր կոնֆետների տուփը վերցնելու, հեռվից լսվեց. «Վա՜յ, ինքը չի ուտելու դա, թափելու ա գետնին», – ենթադրեցի, որ երեխայի մայրն էր: Նա չէր սխալվում, երեխան կոնֆետները թափեց գետնին: Լուռ հետևում էի, թե ինչ է լինելու հետո, ու ի՞նչ եղավ, փոքրիկը սկսեց կոնֆետները հերթով վերցնել գետնից  ու տանել բերանը, անկախ ինձանից՝ ասացի. «Չդնես բերանդ, չի կարելի…», իսկ կինը, կողքիս կանգնած, ոչինչ չէր ասում: Քիչ առաջ ունեցած ենթադրություններս հաստատելու համար, հարցրեցի՝ մա՞յրն եք, ասաց. «Հա՛, ինչի՞, – ես ձայն չհանեցի, իսկ նա շարունակեց, – երևի, որ անուշադիր եմ երեխայի հանդեպ դրա համար եք հա՞ ասում, դե ինքը ինձ չի լսում, էս դարի որ մի երեխեն ա լսում որ… բան էլ չի լինի, միշտ էլ թափումա գետնին ու նոր ուտում»:

Այն, որ երեխաներն իսկապես կամակոր են ու սիրում են, որ ամեն ինչ իրենց ուզածով է լինում, նորություն չէ, բայց դա պատճառ դարձնելով թույլ տալ երեխային անգիտակցաբար վնասել սեփական առողջությունը, միանշանակ սխալ է:

Առաջին հայացքից այս ծնողը, ինչպես ինքն էլ հաստատեց, անուշադրության էր մատնել երեխային, իսկ մյուս կողմից շատերը կասեն՝  երեխային չի ճնշում: Որքա՞ն ուշադրություն պետք է ստանա երեխան ծնողի կողմից, և պե՞տք են արդյոք «չի կարելի»-ները, փորձեց պարզել «Առավոտ երիտասարդականը»:

«Մարդիկ, ովքեր պատրաստվում են երեխաներ ունենալ, և լինել լավ ծնողներ, սովորաբար սկսում են թեմայի շուրջ գրականությունը ուսումնասիրել` երեխայի խնամք, ինչպես դաստիարակել երեխային, ինչպես մեծացնել առողջ ու հաջողակ երեխաներ և այլ թեմաներով, – ասաց հոգեբան Աննա Արազյանը, – կարդալով երեխային դաստիարակության վերաբերյալ գրքեր և հոդվածներ, բացի տեխնիկական մասը յուրացնելուց, պետք է մի շատ կարևոր բան հիշել` երեխան անհատականություն է և ծնվում է արդեն իսկ որոշակի հոգեկերտվածքով ու նախասիրություններով: Եվ որքան էլ Դուք տիրապետում եք երեխայի խնամքի կանոններին, մի տարվեք կատարյալ ծնող լինելու մոլուցքով և ծանրաբեռնեք երեխային ձեր նախասիրություններով»: Ըստ հոգեբան՝, ծնողը պետք է կարողանա ճանաչել երեխային և հիմնովի նրա առանձնահատկությունների վրա, և որքան էլ նա երեխային բացատրի, որ ծխելը վնասակար է առողջությանը, ոչ մի օգուտ չի ունենա, եթե հաջորդ րոպեին նա ինքը վառի հերթական ծխախոտը. «Երեխան ընդօրինակում է վարքային ու փոխհարաբերությունների այն մոդելները, որոնք տեսնում է ընտանիքում, ծնողի կամքով, թե կամքից անկախ` ինքը օրինակ է երեխաների համար, – նշեց հոգեբանն ու խորհուրդ տվեց ծնողներին ուշադիր լինել երեխայի հանդեպ, ասելով, – դուք ծնող եք՝ ոչ թե միայն կարգադրություններ անելիս, այլև օրը 24 ժամ»:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031