Լրահոս
Օրվա լրահոսը

Պետականության վաճառքը

Մարտ 21,2013 14:20

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

2013թ. մարտի 5-ին, այն ժամանակ, երբ ՀՀ Սահմանադրական դատարանում ընթանում էր Ընտրական օրենսգրքի՝ ընտրագրավին առնչվող դրույթները հակասահմանադրական ճանաչելու գործով դատաքննությունը, նույն ժամանակ հայտարարված էր ՀՀ արտգործնախարարության շենքի վաճառքի աճուրդը: Առաջինի դեպքում ՍԴ-ն ընտրագրավը չճանաչեց Սահմանադրությանը հակասող, իսկ երկրորդ դեպքում աճուրդը չկայացավ, եւ ԱԳՆ շենքի վաճառքի հաղթողը դարձավ միակ հայտատուն՝ Էդվարդո Էռնեկյանը:

Նույն օրը Երեւանում ընթացող այս երկու՝ առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող իրադարձություններն իրականում սերտորեն կապված են եւ ընդգծում են Հայաստանի պետական կառավարման համակարգի արատավոր բնույթը՝ պետականությունը քաղաքական եւ գործարար շահերին ստորադասելու գործելակերպը: Պետական ինստիտուտների հանդեպ հասարակության անվստահությունն ու արհարմարհանքը, վախն ու ատելությունը հետեւանք են այդ ինստիտուտների եւ նրանց ղեկավարների՝ իրենց դերի ու նշանակության մերժելի ընկալման: Սահմանադրական արդարադատության բացակայությունը մի դեպքում, Հայաստանի ինքնիշխանության խորհրդանիշի վաճառքը՝ մյուս դեպքում ցավալիորեն վկայում են, որ ՀՀ պետական կառույցները ոչ թե հանրության եւ պետության շահերը պաշտպանելուն են կոչված, այլ գործիք են իշխանության ձեռքին: Այսօրինակ գործելակերպը տարիների հետ դարձել է քաղաքական ուղեգիծ, որը պետական կառավարման համակարգը վերածում է կոռուպցիայի եւ կաշառակերության, անարդարության եւ անօրինականության մեքենայի: Որպես հետեւանք՝ պետականությունը դառնում է ապրանք, ձեռք բերում շուկայական արժեք, ի վերջո՝ վաճառքի հանվում: Հայաստանյան իշխանությունները տարիներ շարունակ հենց դրանով էլ զբաղված են՝ պետականության վաճառքով:

1. Սահմանադրական արդարադատության խորխորատները

1996թ. փետրվարի 6-ին, երբ ԱԺ նիստում ձեւավորվում էր ՀՀ Սահմանադրական դատարանը, ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույն նիստում հայտարարեց. «ՍԴ-ի կազմավորումը կարեւորագույն քայլ է իրավական պետության ճանապարհին: Սա այն օղակն է, ուր քաղաքական կրքերը պետք է ստանան իրավական լուծում» («Ազգ», 07.02.1996): Սահմանադրական դատարանի ձեւավորման սկզբունքները եւ կազմը միանշանակ չընդունվեցին. խորհրդարանական ընդդիմությունն ի դեմս ԱԺՄ-ի, այն որակեց «գրպանի դատարան»: Եվ թեպետ ԱԺ հիշյալ նիստում քաղաքական կրքերը սաստիկ թեժացան, սակայն չխանգարեցին, որ Գագիկ Հարությունյանը դառնա ՍԴ հիմնադիր նախագահ: Ներհայաստանյան հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Տեր-Պետրոսյանը սխալվել է ՍԴ-ի կազմավորումը դիտարկելով «կարեւոր քայլ իրավական պետության ճանապարհին»: 1996թ. արդեն սեպտեմբերին, ՀՀ նախագահի ընտրություններից հետո ակնհայտ էր, որ Տեր-Պետրոսյանը սխալվել է կրկնակի՝ քաղաքական կրքերը ՍԴ-ում իրավական լուծում չստացան: Այսօրինակ ցավալի իրավիճակը մեծապես պայմանավորված է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի անձնային հատկանիշներով եւ քաղաքական գետում հոսանքի ուղղությամբ լողալու ունակությամբ:

Գագիկ Հարությունյանի քաղաքական կենսագրությունը սկսվել էր 1982թ. Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմում, ուր 34-ամյա երիտասարդ տնտեսագետն անցավ կուսակցական աշխատանքի, իսկ հինգ տարի անց նշանակվեց ՀԿԿ կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ. կուսակցական առաջընթացն ակնհայտ էր, վերելքը՝ հեռանկարային: Ծավալվող եւ ուժգնացող ղարաբաղյան Շարժման պայմաններում 1990թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում իր ծննդավայրից՝ Գեղաշեն գյուղից Գագիկ Հարությունյանն ընտրվեց ԳԽ պատգամավոր: 1990 թ. ԳԽ ընտրություներում շրջանառվում էր երկու ոչ պաշտոնական ընտրացուցակ՝ կոմկուսի եւ ՀՀՇ-ի աջակցությունը վայելողների: Գագիկ Հարությունյանն ընտրվեց կոմկուսի ցուցակով: Նոր ձեւավորված խորհրդարանում ԳԽ նախագահի պաշտոնի համար մղվող եռօրյա քաղաքական պայքարը Տեր-Պետրոսյանի եւ Վլ. Մովսիսյանի միջեւ արդյունք չէր տալիս մինչեւ կոմկուսից աստիճանաբար պոկվեց մի թեւ եւ անցավ Տեր-Պետրոսյանի կողմը: Դժվար է ասել, թե Գագիկ Հարությունյանն անձամբ ինչպես քվեարկեց, սակայն արժանացավ Տեր-Պետրոսյանի ուշադրությանը, ով էլ ԳԽ փոխնախագահի, հետագայում նաեւ՝ ՀՀ փոխնախագահի պաշտոնում (1991-1996) առաջարկեց Գագիկ Հարությունյանի թեկնածությունը՝ առկա քաղաքական լարվածությունը թուլացնելու եւ քաղաքական փոխզիջման հասնելու պառճառաբանությամբ: Գագիկ Հարությունյանի վերելքը նոր ժողովրդավարական իշխանությունների օրոք սրընթաց էր, ինչպես կոմունիստների կառավարման ժամանակ: Այնուհետեւ մի կարճ ժամանակահատված (1991-1992) Գագիկ Հարությունյանը նշանակվեց վարչապետի պաշտոնակատար: Բոլոր պաշտոններում աչքի ընկավ սեփական դիրքորոշման, քաղաքական սկզբունքների բացակայությամբ, հանդես չեկավ առարկություններով եւ չդրսեւորեց անհամաձայնություն: Այսօրինակ վարքագիծը գրավում էր Տեր-Պետրոսյանին, եւ Հարությունյանի ներկայությունը նոր քաղաքական վերնախավում եւ նոր քաղաքական իրողությունների պայմաններում անհարմարություն չէր պատճառում:

1995թ. Սահմանադրության հանրաքվեից հետո փոխնախագահի պաշտոնը վերացավ, սակայն Գագիկ Հարությունյանի համար գտնվեց նոր՝ ՍԴ նախագահի պաշտոնը: ՍԴ մասին ՀՀ նախկին օրենքով ՍԴ դիմողների ցանկը խիստ սահմանափակ էր. կառույցը զբաղվելու էր միջազգային պայմանագրերի եւ կոնվենցիաների սահմանադրականության հարցերով եւ ընտրական վեճերով: Տեր-Պետրոսյանի օրհնությամբ Գագիկ Հարությունյանը դարձավ ՍԴ նախագահ:

Չզբաղվելով հանդերձ հրապարակային քաղաքականությամբ՝ Գագիկ Հարությունյանը ժամանակ առ ժամանակ հայտնվել է ներքաղաքական իրադարձությունների կենտրոնում: 1998-ի փետրվարին, Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ ուժային կառույցներն ի դեմս պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի, փնտրում էին ՀՀ նախագահի նոր թեկնածու, եւ ընտրությունը դեռ Ռոբերտ Քոչարյանի վրա չէր կանգնել, բանակցություններն ընթանում էին Գագիկ Հարությունյանի թեկնածության շուրջ, ով սակայն հրաժարվել է այդ առաջարկից: Նրա անվան հետ է կապվում նաեւ մեկ այլ քաղաքական նախագիծ՝ «Օրինաց երկիր» կուսակցության հիմնադրումը:

ՍԴ-ի անցած ճանապարհը սերտորեն կապված է հայաստանյան արատավոր ընտրությունների հետ: 1996թ. սեպտեմբերյան ընդվզումից հետո, քաղաքական ձերբակալությունների ընթացքում ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկումն ապարդյուն անցավ՝ ընտրախախտումների՝ մի քանի հատոր կազմող դատական գործը ՍԴ-ն մերժեց՝ վերահաստատելով ԿԸՀ որոշումը: Գագիկ Հարությունյանի օրհնությամբ Տեր-Պետրոսյանը վերստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը: Գիտակցաբար ձախողելով սահմանադրական արդարադատության հաստատման առաջին կարեւոր փորձը Հայաստանում, մեղադրվելով քաղաքական պատվերի կատարելու մեջ՝ Սահմանադրական դատարանը եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հանրային ընկալման մեջ դարձան մեղապարտ՝ ՍԴ որոշմամբ հաստատելով ընտրական համակարգի անարգման՝ իշխանությունների իրավունքը: Հայոց պետականության հիմքերը լրջորեն սասանվեցին:

1998թ. Կարեն Դեմիրճյանը չվիճարկեց ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները: Արդեն 2003թ. երկու անգամ, ՍԴ-ն մերժեց ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների վիճարկման երկու դիմումատուների հայցերը. Արտաշես Գեղամյանինը՝ 1-ին փուլի վերջնական արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, ապա՝ Ստեփան Դեմիրճյանի հայցը, որի դեպքում կազմվել էր ընտրախախտումների մասին 19 հատորանոց գործ: ՍԴ-ն ընտրություններն անվավեր չճանաչեց՝ ԿԸՀ որոշումը թողնելով անփոփոխ: Գիտակցելով ՍԴ որոշման հնարավոր վտանգը հանրային ընդվզման պայմաններում՝ ՍԴ-ն առաջարկեց մեկ տարվա ընթացքում վստահության հանրաքվե անցկացնել, սակայն բախվելով Ռոբերտ Քոչարյանի կարծր վերաբերմունքին՝ հաջորդ օրն իսկ հրավիրված ասուլիսում Գ. Հարությունյանը տագնապած հայտարարեց. «ՍԴ-ն փաստել է, որ այս ընտրության արդյունքներով ՀՀ նախագահն ընտրվել է, եւ ընտրության հետ կապված վեճն այլեւս ավարտված է, ինչ վերաբերում է Վստահության հանրաքվեին, ապա «դա զուտ առաջարկ է եւ իրավական հետեւանքներ չունի. ՍԴ-ն նախագահի նկատմամբ վստահության կամ անվստահության հարց չի բարձրացրել» («Այժմ», 22.04. 2003):

2008թ. մարտի 1-ի արյունալի իրադարձություններից մեկ շաբաթ անց ՍԴ-ն մերժեց ՀՀ նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Տիգրան Կարապետյանի՝ ընտրությունների արդյունքների վիճարկման հայցերը: Հետագայում, ըստ Wikileaks-ի՝ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը մարտի 6-ի երեկոյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը գաղտնի առանձնազրույցի ժամանակ պատմել է, որ Քոչարյանն արդեն իսկ որոշում է կայացրել, համաձայն որի՝ մարտի 8-ին կայանալիք նիստում ՍԴ-ն պետք է մերժի ընդդիմության հայցերը: ՍԴ նիստում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Սահմանադրության 53 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ ՀՀ նախագահի ընտրություն չի անցկացվում, «դատավարության ընթացքում պահանջվող վկաներից շատերը ձերբակալված են, այս իրադրության մեջ ՍԴ-ի ցանկացած որոշում, բացի ընտրություններն անվավեր ճանաչելուց, կառաջացնի լեգիտիմության դեֆիցիտ», որն, ըստ Տեր-Պետրոսյանի, «վտանգավոր է եւ՛ երկրի ապագայի, եւ՛ ՍԴ հեղինակության համար, իսկ Հայաստանի գլխին մշտապես կախված է լինելու ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու վտանգը» («Ազգ», 08.03.2008):

2013թ. մարտի 14-ին ՍԴ-ն մերժեց նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի՝ ընտրությունների արդյունքների վիճարկման հայցերը:

2010թ. ՍԴ-ն հակասահմանադրական չճանաչեց Հայաստանում ու Սփյուռքում վրդովմունք առաջացրած հայ-թուրքական արձանագրությունները՝ կանաչ լույս վառելով դրանք ԱԺ-ում վավարեցնելու ճանապարհին:

Հայաստանի քաղաքական համակարգը օրինաչափորեն պետք է ծներ վերահսկվող արդարադատություն: ՍԴ-ն ի սկզբանե եղել է գործադիր իշխանության կցորդը՝ սահմանադրական արդարադատությունը զոհաբերելով քաղաքական պատեհապաշտությանը, հասարակության եւ պետականության շահերը՝ անձնական շահերին, Հայաստանի ներկան եւ ապագան՝ իշխող վերնախավին: Մինչդեռ հենց ՍԴ-ն պետք է լիներ այն կառույցը, որին Հայաստանում վստահեին բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից, ընդունեին նրա որոշումները եւ հարգեին դրանք՝ անկախ բովանդակությունից: Նման վստահության արժանանալու համար ՍԴ նախագահն ու անդամները պետք է արժանի լինեին իրենց դերին եւ կոչմանը՝ գիտակցելով պատասխանատվությունը Հայաստանի հասարակության եւ պետության հանդեպ:

Հայաստանյան սահմանադրական արդարադատության գետը հոսել է քաղաքական երեք իշխանությունների դաշտերով՝ իր ճանապարհին քանդելով տարանուն ընդդիմության ամբարտակները՝ իր ետեւից թողնելով քաղաքական հեղեղատներ: ՍԴ-ն դարձել է ջրհորդան, որով հոսել են իշխանության անձրեւաջրերը:

Սահմանադրական արդարադատությունը կորսվել է ՀՀ Սահմանադրական դատարանի խորխորատներում, դրա հետ մեկտեղ կորսվել է ՀՀ քաղաքացիների վստահությունը ՍԴ-ի հանդեպ:

2. «Անարդարությունը մեկ մարդու հանդեպ սպառնալիք է բոլորի համար»

ՇԱՐԼ ՄՈՆՏԵՍՔՅՈ

«Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրոք գրավի «պահանջվող գումարը չպետք է լինի չափազանց մեծ», ինչպես նշված է նաեւ Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մոտեցումներում: Սակայն այն չի կարող լինել նաեւ «սիմվոլիկ»՝ կորցնելով իր իրավական իմաստն ու կանխարգելիչ նշանակությունը: Այս շրջանակներում համապատասխան գումարի չափի որոշումը ԱԺ իրավասության հարցն է եւ քննության առարկա գործի իրավական փաստարկների առումով սահմանադրականության խնդիր չի առաջացնում: Դատարանը միաժամանակ գտնում է, որ տվյալ համակարգը հետագա օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն ունի՝ հաշվի առնելով սույն որոշման մեջ ՍԴ կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները»,- 2013թ. մարտի 5-ին ՍԴ-ում ընտրագրավի սահմանադրականության վիճարկման դատաքննության ավարտին ՍԴ որոշման վերջնամասն ընթերցեց Վենետիկի հանձնաժողովի անդամ, 1մլն 190 հազ. դրամ պաշտոնական աշխատավարձ ստացող ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

2001թ. Իռլանդիայի Գերագույն դատարանը քննում էր «Ռեդմոնտն ընդդեմ շրջակա միջավայրի նախարարության» գործը: Հայցվորը նշում էր, որ գործազուրկ լինելու պատճառով եկամուտ չունի եւ ի վիճակի չէ վճարել 300 իռլանդական ֆունտի

չափով ընտրագրավը երկրի խորհրդարանի կամ 1000 իռլանդական ֆունտ՝ Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու համար: Իր որոշման մեջ դատավոր Հերբերտը նշեց, որ ընտրագրավի համակարգը խտրականություն է տարածում մարդու իրավունքների վրա եւ ոտնձգություն է մարդու արժանապատվության նկատմամբ, որը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հիմքն է: Հաշվի առնելով հանդերձ ընտրագրավի կիրառման պատճառաբանությունները՝ նա եզրակացրեց, որ առանց այլընտրանքի առկայության ընտրագրավի համակարգը ողջամիտ չէ, անարդար է եւ խտրական: 2002թ. Իռլանդիայում ընտրագրավը վերացվեց եւ փոխարինվեց ստորագրահավաքով:

ՍԴ-ում վիճարկելով ընտրագրավի սահմանադրականությունը՝ ես վստահ էի, որ դրանով լուծվելու էր ոչ թե մասնավոր, տվյալ դեպքում՝ իմ թեկնածության գրանցմանն առնչվող հարց, այլ գլոբալ՝ ՀՀ քաղաքացիների իրավահավասարության, նրանց քաղաքական իրավունքների պաշտպանության եւ խտրականության բացառման հարցերը: Դատաքննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու՝ մեր միջնորդությունը մերժելուց հետո ենթադրելի էր, որ ՍԴ-ն արդեն իսկ որոշում է կայացրել: Տասը րոպե տեւած նիստի սկզբից ենթադրություններն ամրացան, երբ պարզ դարձավ, որ գործով զեկուցողներ Վ. Հովհաննիսյանը եւ Հ. Նազարյանն անտեղյակ են գործում առկա մեր ներկայացրած փաստաթղթերից: Կանխելով անհեթեթ իրավիճակը՝ ՍԴ նախագահը դատավորներին հրավիրեց խորհրդակցական սենյակ: Քնատ, դժգոհ տոնայնությամբ, կարծես ոչ թե նախագահի թեկնածուի գրանցման մերժման առիթ դարձած ընտրագրավի սահմանադրականության հարցն էր քննարկվում, այլ հարեւանի բողոքը ջրատար խողովակաշարի խափանման մասին:

ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածն արգելում է խտրականությունը՝ կախված մի շարք հանգամանքներից, այդ թվում՝ գույքային կամ սոցիալական բնույթի, մինչդեռ 8 մլն դրամի հասնող ընտրագրավի դրույթը հակասում է 14.1 հոդվածին, քանի որ թեկնածուին ներկայացվող այդ պահանջը պայմանավորում է թեկնածուի գրանցումը նրա գույքային դրությամբ՝ խտրականություն սահմանելով թեկնածուների միջեւ եւ վերածվելով գույքային ցենզի, երբ ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը 35000 դրամ է, իսկ միջին աշխատավարձը, ըստ ԱՎԾ-ի, կազմում է 114000 դրամ, ինչը փաստացի անհնարին է դարձնում մեծ նյութական կարողությունների չտիրապետող անձանց առաջադրումը: Բացի այդ: Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանում է ՀՀ նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները՝ չնախատեսելով որեւէ այլ արգելք, գրավ, գումարային կամ այլ սահմանափակումներ: Վիճարկվող դրույթները պարունակում էին Սահմանադրությամբ չնախատեսված սահմանափակումներ։

Մերժելով ընտրագրավի դրույթները հակասահմանադրական ճանաչելու իմ հայցը՝ ՍԴ-ն դրանով իսկ վերահաստատեց ունեւորների քաղաքական մենաշնորհը ընտրովի պաշտոնների, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի պաշտոնի հանդեպ՝ խախտելով թե իմ, թե հանրության մյուս անդամների իրավունքը: Դեռեւս 18-րդ դարում Շարլ Մոնտեսքյոն ընդգծում էր՝ «Անարդարությունը մեկ մարդու հանդեպ սպառնալիք է բոլորի համար»:

3. «Շենքը խորհրդանիշ է: Այնպես, ինչպես դրա ոչնչացումը»

ԱԼԱՆ ՄՈՒՐ

Քաղաքական տեխնոլոգիաների համաձայն, երբ հակառակորդը նպատակադրվում է գրավել երկիրը, նախ փորձում է ոչնչացնել այդ երկրի խորհրդանիշները: Ընդ որում, որպես խորհրդանիշներ կարող են հանդես գալ ոչ միայն պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, այլեւ շենքերը, կառույցները, անհատները: Ըստ քաղաքական հոգեբանության՝ պետական խորհրդանիշների ոչնչացումը տվյալ հասարակության համար հավասարազոր է պետականության կորստին ընդհանրապես, երկրի գրավվմանը՝ մասնավորապես: Գաղափարի, շարժման, կազմակերպության խորհրդանիշ հանդիսացող անհատների ոչնչացումը առաջ է բերում անհուսություն եւ անպաշտպանվածություն: Խորհրդանիշների դերն ու նշանակությունը հասարակությունների համար մեծ է: Պատմությանը հայտնի են նաեւ դեպքեր, երբ խորհրդանիշների ոչնչացումը տվյալ հասարակությունը հասցրել է ոչ թե անհուսության, այլ ընդհակառակը՝ մղել է պաշտպանելու հայրենիքը եւ այն մարմնավորող անհատներին:

Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտգործնախարարության շենքը կրկնակի խորհրդանիշ է. գտնվելով ՀՀ մայրաքաղաքի կենտրոնում՝ կառավարության շենքի դեմ-դիմաց, այն խորհրդանշում է պաշտոնական Երեւանը: Բացի այդ: ԱԳՆ շենքը պետության անկախության եւ ինքնիշխանության խորհրդանիշն է. երկիրը գրավելիս հակառակորդը նրան զրկում է սեփական բանակից եւ ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնելու իրավունքից: Ըստ այդմ՝ ԱԳՆ շենքի վաճառքը ներքին թե արտաքին ներդրողներին՝ նշանակում է զրկել Հայաստանը ինքնիշխանության խորհրդանիշից՝ դրանով իսկ ականազերծել այն ճանապարհը, որը հակառակորդին անխոչընդոտ կարող է հասցնել անկախ պետականության սկզբնաղբյուրի՝ հասարակական եւ պետական հիմքերի ոչնչացմանը:

ՀՀ կառավարությունը, սակայն, այլ կարծիքի է. ԱԳՆ շենքի վաճառքը ընդամենը բիզնես ծրագիր է կառավարության համար, որի՝ 2012թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1675-Ն որոշմամբ վաճառքի են հանվում Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող՝ 14,241.9 քմ մակերեսով շենք-շինությունները եւ դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված հողամասը: Չկայացած աճուրդի մեկնարկային գինը 51270840 ԱՄՆ դոլար է: Միակ հայտատուի՝ Էռնեկյանի «Տանգոյի» հետ գույքի օտարման պայմանագիրը պետք է կնքվի մինչեւ 2013 թվականի ապրիլի 30-ը:

ԱԳՆ շենքի վաճառքը դադարում է լինել բիզնես ծրագիր եւ վերածվում է պետականության վաճառքի ծրագրի:

2013թ. մարտի 5-ին չկայացած արդարադատությամբ եւ ինքնիշխանության խորհրդանիշի վաճառքով վերստին հաստատվեց, որ ՀՀ իշխանությունները հենց դրանով են զբաղված՝ պետականության վաճառքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031