Լեւոն Զուրաբյանը`մարտի մեկը բացահայտելու մասին
«Այսքան սպասել ենք, կարող ենք սպասել նաև մինչև հաջորդ քառօրյա, առավելևս, որ Աժ նախագահը հստակ ժամկետ նախանշեց»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը մինչև հաջորդ քառօրյա հետաձգելուն: Զուրաբյանը կարծում է, որ իշխանություններն այլևս չեն կարող խուսափել մարտի 1-ը բացահայտելու հարցից, որովհետև այդ խնդիրը սկզբունքորեն դրված է մեր հասարակության և միջազգային հանրության կողմից: «Ոչ ոք մարտի 1-ի հանցագործությունը չի ներել և չի մոռանա՝ մինչև մարտի 1-ի ոճրագործության հրաման տվողները չպատժվեն, և դրա վկայությունն է նաև ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ մարտի 1-ի հարցը երբեք օրակարգից դուրս չի գալու, և իշխանությունները խուսանավելու հնարավորություն չունեն:
Նա պնդեց, որ ՀԱԿ-ը մինչև վերջ լինելու է մարտի 1-ի հանցագործության պահանջատերը. «Մի սանտիմետր, մի միլիմետր չենք զիջելու այս դիրքից»: Եթե իշխանությունները նույնպես շահագրգռված են մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ, ապա, ըստ Զուրաբյանի, պետք է գործով ապացուցեն, մինչդեռ 5 տարի նրանք զբաղված են եղել հանցագործության կոծկմամբ. «Այն օրը, երբ հանցագործները կկանգնեն դատարանի առաջ և պատասխան կտան իրենց արարքների համար, այդ ժամանակ իրավունք կունենան խոսել իրենց շահագրգռվածության մասին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև