«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ նախորդ օրը խորհրդարանական հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ հետընտրական ճգնաժամը հաղթահարելու ճանապարհներ որոնելու համար կրկին հանդիպում է կայացել խորհրդարանի նախագահի մոտ: Հանդիպմանը մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները՝ բացի «Ժառանգությունից»: Հիշեցնենք, որ նախորդ՝ տապալված քննարկումներից հետո «Ժառանգության» ներկայացուցիչները հրաժարվել էին հետագայում որեւէ համանման քննարկման մասնակցել: Հանդիպման ժամանակ ներկայացվել է նաեւ ԱԺ հայտարարության նախագիծ: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ն արդեն հայտարարել է, որ երկրում ստեղծված իրավիճակի մեղավորը իշխանությունն է՝ կեղծված ընտրություններով, եւ որ ՀԱԿ-ը պահանջում է ձեւավորել օրինական իշխանություն՝ գործադիր, օրենսդիր, տեղական ինքնակառավարման մարմիններում, որը կօգտվի ժողովրդի վստահությունից եւ երկրում կիրականացնի իրական բարեփոխումներ: Զուրաբյանը հիշեցրեց, որ անցյալ խորհրդակցության ժամանակ ներկայացվել է ՀԱԿ-ի տեսակետը՝ բարեփոխել ընտրական օրենսդրությունը եւ անցկացնել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: «Իշխող կուսակցության ներկայացրած հայտարարության նախագիծը բացարձակ որեւէ լուծում չի պարունակում այդ ուղղությամբ, այլ ինչ-որ մշուշոտ ձեւակերպումներ՝ սահմանադրական բարեփոխումների մասին»,- ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ եթե իշխող կուսակցությունը ցանկություն ունի քաղաքական ուժերի հետ իրական երկխոսության գնալ, ճգնաժամից դուրս գալու ճանապարհներ փնտրել, այդ հայտարարությունն ուղղակի ծաղր է: Ըստ նրա՝ այդպիսով իշխանությունը փորձում է ստեղծել ընդդիմության հետ երկխոսելու պատրանք:
Երեկ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ քննարկվում է արտահերթ նիստի հարց. «Փորձ է կատարվում եւս մեկ անգամ որոշակիացնելու քաղաքական ուժերի մոտեցումները՝ մշակելու հայտարարության տեքստ: Նախորդ օրը սկզբունքներն են ձեւավորվել, այսօր, երեւի, յուրաքանչյուր խմբակցություն, ովքեր կցանկանան, իրենց առաջարկությունները կներկայացնեն, կխմբագրեն, եւ, կարծում եմ, եթե ամեն ինչ հարթ գնա, քննարկում կլինի»: Պատասխանելով Լեւոն Զուրաբյանի դիտարկումներին վերաբերող հարցին՝ Սահակյանն ասաց, որ քաղաքական դաշտում ամենախոշոր գործիքակազմը համարում է երկխոսությունը, որը պետք է մշակույթ դառնա: Իշխանության առաջարկած բանակցությունների օրակարգում կրկին Ընտրական օրենսգրքի, սահմանադրական փոփոխություններն են: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ նույն օրակարգով մեկ անգամ կայացած բանակցությունները տապալվեցին, իմաստը ո՞րն է նույն ճանապարհը կրկին անցնելու: ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ քաղաքական դաշտում որեւէ բան տապալվում է: Պետք է հասնել նրան, որպեսզի քաղաքական դաշտը գործի իր լիազորությունների շրջանակում: Իսկ քաղաքական դաշտ նշանակում է մի դաշտ, որտեղ նույնիսկ եթե համաձայնության չեն գալիս, դա տապալում չեմ համարում, որովհետեւ հենց քննարկումներն, ըստ էության, նոր մշակույթի դրսեւորում կապահովեն՝ հետագա աշխատանքներն ավելի լավ կատարելու համար»:
«Առավոտը» ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ իրենց խմբակցությունը պատրաստվո՞ւմ է առաջարկներ ներկայացնել եւ մասնակից դառնալ այս երկխոսությանը: «Այո, ես ԱԺ նախագահին ներկայացրել եմ մեզ համար մի քանի սկզբունքային մոտեցում: Ցանկացած ֆորմատով եւ ցանկացած նիստում՝ արտահերթ, թե հերթական, որեւէ այլ հարթակում կամ տարբերակով ԲՀԿ-ն միշտ պատրաստ է բաց եւ հրապարակային քննարկել երկրի առջեւ այսօր ծառացած խնդիրները, դրանց լուծման եղանակները»,- ասաց տիկին Զոհրաբյանը՝ հավելելով, որ տվյալ դեպքում խորհրդարանը պետք է տա այն լուծումները, որոնք իր լիազորությունների շրջանակում են: Ուստի ԲՀԿ-ն կողմ է արտահերթ նիստին՝ անկախ նախաձեռնողից եւ նիստի օրվանից: ԲՀԿ-ն էլ առաջարկում է ընտրական օրենսդրության փոփոխություն՝ առանցքում ունենալով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցումը: Կիսատ-պռատ լուծումները, այսինքն՝ մեծամասնականի տեղերի նվազեցումը ԲՀԿ-ի համար անընդունելի է. «Պետք է իսպառ վերացնել մեծամասնական ընտրակարգը, քանի որ դա այն բոնուսն է, որը ի սկզբանե, մինչ ընտրությունների մեկնարկը, ցանկացած իշխանություն ունի իր գրպանում: ԲՀԿ-ի համար կարեւոր է նաեւ ընտրացուցակների հրապարակումը: Այսինքն՝ այն փաթեթը, որը առաջարկել էին ՀԱԿ մեր գործընկերները: Բացի այդ, ԱԺ նախագահին այսօր մեր ներկայացրած առաջարկներում կա նաեւ սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խումբ»: Տիկին Զոհրաբյանը ճիշտ է համարում, որ այդ գործում ընդգրկվեն նաեւ արտախորհրդարանական հիմնական որոշ ուժեր: ԲՀԿ-ն այս հարցով ունի բազմաթիվ առաջարկներ, որոնք կներկայացնի գործնական փուլում: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով ԲՀԿ-ի տեսակետը չի փոխվել՝ միայն ընտրական օրենսդրության բարելավումից հետո: «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի կանխակալ մոտեցումներին՝ մեր զրուցակիցն ասաց. «Եթե ի սկզբանե փորձենք փակել ցանկացած քննարկման հնարավորություն՝ ասելով, որ սա իմիտացիա է, ոչ մի տեղ չի տանելու եւ ոչինչ չի տալու, ապա ուղղակիորեն չենք կարողանալու առաջ շարժվել: Իսկ ի՞նչն է խանգարում, որ հրավիրվի այդ արտահերթ նիստը, նույն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ներկայացնեն իրենց տեսակետները: Չպիտի խուսափել քննարկումից եւ երկխոսությունից: Քաղաքական մշակույթի ավելի ճիշտ, ավելի լավ տարբերակ, քան երկխոսությունն ու փոխզիջումն է, միմյանց տեսակետները լսելը, առ այս պահն ինձ, ցավոք, հայտնի չէ: Եթե կա այլ տարբերակ՝ թող ասեն, բայց մերժելով՝ միանգամից սահմանափակում ենք մեր իսկ քայլերի հնարավորությունը»:
«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգության» մերժողական մոտեցման հնարավոր վերանայմանը՝ խմբակցության անդամ Թեւան Պողոսյանն ասաց, որ խմբակցությունում առայժմ նման հարց չի քննարկվել, բայց, իր կարծիքով, պետք չէ հրաժարվել նստելու եւ բանակցելու որեւէ հնարավորությունից. «Եթե նույնիսկ համաձայն չես, անհամաձայնությունդ կարող ես հայտնել եւ դուրս գալ: Եթե բանակցում ես, չի նշանակում, որ անպայմանորեն պետք է վերջնական համաձայնության գաս: Այս իմաստով ես համարում եմ՝ իմաստ ունի, որ «Ժառանգությունը» մասնակցի, հասկանա, թե ի՞նչ են իրենց գործընկերները քննարկում, եւ ներկայացնի իր տեսակետը»: «Ժառանգությունն» առայժմ առաջարկներ չի ներկայացնի, քննարկումից հետո, եթե կլինեն բոլորի համար ընդունելի առաջարկներ, նոր միայն խմբակցությունն իր մոտեցումներին պաշտոնական տեսք կտա:
Կարդացեք նաև
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդայնյանն էլ այս առիթով մեզ հոտ զրույցում ասաց, որ ԱԺ նախագահի մոտ նախօրեին կայացած քննարկման ժամանակ խմբակցությունների ներկայացուցիչներին առաջարկվել է մի հայտարարության խիստ նախնական նախագիծ՝ ընդգծելով, որ այն դեռ վերամշակման, վերապատրաստման կարիք ունի: Աղվան Վարդանյանը հենց տեղում է ներկայացրել ՀՅԴ-ի առաջարկները այդ հայտարարության վերջնական բովանդակության մասով: «Հիմա հերթն իրենցն է: Իրենք պետք է ներկայացնեն մեզ, թե ի՞նչ հայտարարություն են նախապատրաստում: Կներկայացնեն՝ կքննարկենք, կպատասխանենք: Չեն ներկայացնի՝ չենք պատասխանի»: Իսկ ՀՅԴ-ի առաջարկները նրանք են, ինչը որ կուսակցությունը հրապարակեց դեռ նախագահական ընտրություններից առաջ՝ ընդդիմադիր դաշտի համախմբման համար:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ