Դեռեւս պարզված չէ նրա 7-ամյա քրոջ մահվան պատճառը
Արծվաբերդցի 12-ամյա Գեւորգը, ում 7-ամյա քույր Անուշը մարտի 16-ին ենթադրաբար մահացել է գրիպի H1N1 ենթատեսակից, առողջացել է եւ մարտի 22-ին դուրս կգրվի Բերդի բժշկական կենտրոնից: Այս մասին տեղեկացանք Բերդի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Հարությունյանից: Մարտի 20-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել էր, որ Գեւորգը հիվանդ է գրիպի H1N1 ենթատեսակով: ՀՀ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը մեզ հայտնեց, որ հանրապետությունում առկա է շնչառական հիվանդությունների բռնկում, բայց ոչ՝ համաճարակ, որ արծվաբերդցի Գեւորգի դեպքում կատարվել ոչ թե ախտորոշիչ հետազոտություն, այլ՝ համաճարակային իրավիճակը պարզելու հետազոտություն: Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը ասաց, որ դեռեւս պարզված չեն արծվաբերդցի 7-ամյա Անուշի մարմնից վերցված նյութերի լաբորատոր հետազոտության արդյունքները, թե արդյոք աղջկա մահվան պատճառը H1N1 վիրո՞ւսն է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ