Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահակաշվիլին Ջավախքում հայահալած քաղաքականություն էր վարում». Շիրակ Թորոսյան

Մարտ 21,2013 13:42

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը «Հենարան» մամուլի ակումբում տված ասուլիսի ժամանակ խոսեց Ջավախքի հիմնախնդիրներից, ջավախահայությունից և Վրաստանի նոր իշխանություններից:

«2012 թ.-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հաղթանակ տոնեց Բիձինա Իվանիշվիլին, վրացահայությունը մեծ հույսեր կապեց այդ քաղաքական ուժի հետ, որովհետև այդ ուժը մուտք գործեց Ջավախք և բարձրացրեց այնտեղ առկա հիմնախնդիրները: Այդ փոփոխությունից հետո Ջավախքում վերացվել են բռնությունները և այնտեղ առկա վախի մթնոլորտն այլևս չկա, մարդիկ հանգիստ կարողանում են քննարկել տարբեր քաղաքական հարցեր»,-ասաց Շիրակ Թորոսյանը:

Նա նշեց, որ բանտերից ազատ են արձակվել քաղաքական բանտարկյալները, ինչը շատ կարևոր է և հավելեց, որ իրեն արդեն թույլ են տալիս մուտք գործել Ջավախք:

«Վերջերս Վանո Մերաբոշվիլին հայտարարել է, որ իրենք 9 տարի Ջավախքը պահել են այնպես, որ այնտեղ ազգային լեզվի կարգավիճակի հարց չքննարկվի և այնպիսի սակրեբուլո են ձևավորել, որ այդ սակրեբուլոն այդպիսի հարց առաջ չքաշի: Նախկինում այդպիսի հարց շրջանային ժողովում առաջ էր քաշում Դավիդ Պռստակյանը և մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի նա և իր նման արմատականները չհայտնվեն շրջանային ժողովում»,- ասաց Թորոսյանը՝ անդրադառնալով Ջավախքում հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհելու հիմնահարցին:

Թորոսյանը համարում է, որ ակնհայտ պարզ է , որ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը, ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգումը, ուղղակիորեն բխում է նաև Վրաստանի շահերից, քանի որ, եթե Վրաստանը ձգտում է Եվրոինտեգրման, ապա առնվազն պետք է հարգի, միանա և ընդունի Եվրոպական արժեքները:

«Սահակաշվիլին Ջավախքում հայահալած քաղաքականություն էր վարում՝ առաջին հերթին տուրք տալով թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկություններին: Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ պետք է շտապ քննարկվի և լուծում տրվի աբխազական երկաթուղու բացման հարցին, դա ևս բխում է Վրաստանի տնտեսական և քաղաքական շահերից, ինչը կբերի Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը և մյուս կողմից ուղղակիորեն բխում է Հայաստանի շահերից, երբ մենք երկաթուղային հաղորդակցություն կունենանք Ռուսաստանի և ամբողջ աշխարհի հետ»,-ասաց Թորոսյանը:

Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031