Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչն է Շ. Ֆյուլեին հիմք տվել առաջընթաց տեսնել Հայաստանում

Մարտ 21,2013 13:21

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ Բրյուսելում հայտարարել է. «Որեւէ կասկած այս հարցում չկա․ Հայաստանում վերջերս մեծ առաջընթաց է արձանագրվել, կան հիմնարար փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի կառավարության կողմից, ես վստահ եմ, որ նրանք հաշվի են առնում նաեւ մեր որոշ հանձնարարականներն ու դիտողությունները: Եվ մենք կարող ենք արդեն սկսել քննարկել այդ խորհրդաժողովին վերաբերող կազմակերպչական հարցեր»:

Aravot.am-ը քաղաքագետների հետ զրույցում հետաքրքրվեց` իրենց կարծիքով, ինչի՞ հիման վրա է Շ. Ֆյուլեն նման հայտարարություն անում` մանավանդ ՀՀ ընդդիմությունը հետընտրական փուլում բողոքի լուրջ ալիք է բարձրացրել:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը օբյեկտիվ համարեց Ֆյուլեի դիտարկումը և մանրամասնեց. «Եթե իրավիճակը համեմատում ենք 2008-ի հետ, ապա հնչեցված կարծիքը ճիշտ է համեմատության մեջ: Բայց դեռ ահագին անելիքներ կան, ինչի մասին նաև նշել է Ֆյուլեն: Ու բացի դրանից, այն կոչը, որով նա նշում է, թե պետք է բացահայտել մարտի 1-ը, վկայում է այն մասին, որ ՀՀ-ն դեռ դեպի ժողովրդավարություն ճանապարհին է»:

Պարոն Մեհրաբյանը նկատեց, որ այժմյան մթնոլորտն էլ չես համեմատի 2008-ի հետ, ավելին, այն ժամանակ կային քաղբանտարկյալներ, հիմա միայն ՀԱԿ երիտասարդներն են, ինչը տեղի է ունենում այն ժամանակվանից եկած իներցիայով: Ռ. Մեհրաբյանը հույս հայտնեց, որ իշխանությունն այնքան հեռատես կգտնվի, որ պարզապես նրանց ազատ կարձակի, որ նման խոսակցություններ չլինեն: Այն, որ Շ. Ֆյուլեն անդրադարձ չի կատարել ՀՀ ընդդիմության քայլերին, պարոն Մեհրաբյանն այսպես մեկնաբանեց. «Բայց ի՞նչ է անում ընդդիմությունը, որ Ֆյուլեն էլ անդրադառնա: Ինչի՞ն անդրադառնա Ֆյուլեն: Ի՞նչ պահանջներ են դրել, ասել են իշխանությունը տուր մեզ, իշխանությունն էլ չի տալիս, ուրիշ բան չկա»:

Ռ. Մեհրաբյանի կարծիքով` ՀՀ-ին պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն է տրվել 2013-2014-ին կնքել քաղաքական ասոցացման և ազատ առևտրի շուրջ պայմանագրերը, որոնք ՀՀ-ին անդառնալի դրական փոփոխություններ են բերելու: Մեր զրուցակիցը կարծում է, որ այդ ֆոնին միևնույն է, թե ով է ՀՀ-ում իշխանություն և որ իշխանությունն է կատարում այդ քայլերը: Ռ. Մեհրաբյանը նկատում է. «Պետք է գիտակցենք, որ սա Արևմուտքի հետ վերամիավորման պատասխանատվությունն է: Ամբողջ պետական համակարգը կեղտի մեջ է, բայց դա մեր համակարգն է, մեր կեղտն է, և մենք պիտի այն մաքրենք: Նրանք կարող են միայն առաջարկ անել` կուզեք մաքրեք, կուզեք կեղտի մեջ էլ մնացեք: Մեր փոխարեն դա ոչ մեկը չի անելու»:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ ընդդիմության քայլերի մասին խոսելով`նշեց. «ՀՀ-ում հետխորհրդային շրջանում դեռ վստահությունը ընտրությունների անցկացման առումով չկա: Ուստի հասկանալի է, որ ընդդիմության գաղափարն է քննադատել իշխանությանը: Բայց քանի որ ՀՀ-ում ընտրության ինստիտուտը բավականին կասկածելի է, և դրա համար կան բավականին լուրջ նախադրյալներ, երկու տասնամյակի փորձն այնքան էլ հաջող չէ, ապա դա հարմար առիթ է յուրաքանչյուր ընդդիմադիր ուժի համար իր անհաջողությունները բացատրել ոչ թե քաղաքական հարցերով, կամ քաղաքական պայմաններով, այլ ընտրությունների կեղծված լինելով»:

Այն, որ Ֆյուլեն կոչ է արել մարտի 1-ի դեպքերը վերստին հետաքննել, այստեղ Ս. Մինասյանը միտում չի տեսնում իշխանության վրա ճնշում գործադրելու և դա մեկնաբանում է այսպես. «Մեր երկրի, իշխանության և հասարակության համար այդ էջի վերջնական փակումը հնարավոր է միայն այդ իրադարձությունների անկեղծ ու բաց քննարկումով: Դա ոչ թե քաղաքական քննադատություն է, այլ բխում է նաև մեր երկրի շահերից»:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենը զրույցի ավարտին թվարկեց մի քանի հանգամանքներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի` նման կարծիքի ձևավորման համար. «Դա բացատրվում է այն օբյեկտիվ տեղաշարժերով, որոնք իսկապես տեղի են ունեցել: Վերջիվերջո, 2013-ի ընտրություններն առնվազն մի քիչ տարբերվում էին 2008-ի ընտրություններից: Եվ, բնականաբար, դրանք իրենց դերը խաղացել են: Բայց դա դեռ իդեալական չէ, և մենք երկար տարիներ, եթե ոչ տասնամյակ, այդ խնդիրները կունենանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031