Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախից ոչ թե պետք է փախչել, այլ՝ ընկերանալ». Հույն հոգեբան

Մարտ 21,2013 12:51

Վախն ապրում է յուրաքանչյուրիս մեջ: Այն կենսական հույզ է և ունի սպառնացող վտանգից զգուշացնելու նշանակություն: Վարքաբանները վախը համարում են ընդօրինակման արդյունք, որը հաճախ սովորում ենք մեր ծնողներից։ Վախը լինում է իրավիճակային (անսովոր, ծայրահեղ վտանգավոր իրադրությունում առաջացած), անձային (օրինակ`  կասկածամտություն և այլն), իրական, երևակայական, սուր,  քրոնիկ և հիվանդագին (ֆոբիաներ, որոնք հոգեբանության մեջ գրեթե 400 են): Հոգեվերլուծական տեսակետից՝ հիվանդագին վախերն սկիզբ են առնում սեփական բնազդային ցանկություններից, որոնց բավարարումը մարդու և հասարակության համար բարոյական տեսանկյունից անընդունելի են: Դա է պատճառը, որ դրանց բովանդակությունը և հուզական ֆոնն արտամղված են մարդու գիտակցությունից։ Այդպիսով, հույզը տեղաշարժվում է այլ օբյեկտի վրա և մարդը սկսում է վախենալ ոչ թե իր բնազդային ցանկությունից, այլ ինչ-որ օբյեկտից:

 

Մեզ հետաքրքրող հարցերի պատասխան գտնելու համար փորձեցինք զրուցել հույն հոգեբան, “Golden Goddess Method” հոգեբանական մեթոդի և «You Can Realize Your Dream» («Դու կարող ես իրագործել երազանքդ») գրքի հեղինակ Ալկիստիս Աջյորգիտիի հետ, որի հետ կապ հաստատեցինք նորագույն տեխնոլոգիաներից մեկի՝ համացանցի միջոցով:

 

Ալկիստիս, մինչ վախի մասին խոսելը, ինչպե՞ս կարելի է իրագործել երազանքները:

Բոլոր երազանքներն էլ իրագործելի են, եթե իհարկե դրանք անհեթեթ չեն և համապատասխանում են իրականությանը: Պարզապես պետք է կոնկրետ լինել նպատակը «կառուցելու» ժամանակ:

Ինչի՞ց սկսել:

Նախ և առաջ անհրաժեշտ է հստակեցնել երազանքը, նպատակը, մշակել հատուկ  մարտավարություն և գործել: Չպետք է մոռանալ նաև դրանց դրական էներգիայով լիցքավորելու մասին ու հավատալ:

Այդքա՞նը..

Նաև պատկերացնել տվյալ երազանքի իրականանալու ամբողջ ընթացքը կամ վերջնական արդյունքը: Այսինքն՝ մարդը դառնում է սեփական երազանքի սցենարի հեղինակը:

Այնուամենայնիվ, ի՞նչը կարող է խաթարել այդ գործընթացը:

 

Վախն ու անվստահությունը: Վախից ոչ թե պետք է փախչել կամ խուսափել, այլ՝ ընկերանալ, քանի որ վախենալու դեպքում վերջինն էլ ավելի ուժեղացած է վերադառնում մեզ մոտ: Վախին կարելի է անունով դիմել՝ երկխոսության մեջ մտնելով վերջինի հետ: Օրինակ այսպես. «Ողջույն, Մեդուզա: Եկել ես ինձ ինչ-որ բա՞ն զգուշացնել: Հասկանալի է: Դա հաշվի կառնեմ, բայց, միևնույն է, քեզ չեմ թողնի կանգնեցնել ինձ..»: Կարելի է նաև որոշակի տեսք, պատկեր տալ դրան: Օրինակ՝ հունական դիցաբանությունում հաճախ այն պատկերվում էր հրեշների տեսքով: Իրականում  վախերը մեզ փորձում են պաշտպանել, իհարկե եթե չեն անցնում ընդունելի սահմանները:

 

Ելենա Չոբանյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031