Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սմբատ Այվազյան. «Սերժ Սարգսյանը չի ընկալել ամենագլխավորը

Մարտ 21,2013 12:02

Հատված Սմբատ Այվազյանի հարցազրույցից:

 Պարոն Այվազյան, ի՞նչ կարծիք ունեք մամլո ասուլիսում Սերժ Սարգսյանի տված գնահատականների մասին։

– Ընդհանրապես,  ասուլիսի  վերաբերյալ պետք է ասեմ, որ Սերժ Սարգսյանը ճիշտ չի ընկալել՝ ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 18-ին, ինչո՞ւ է ժողովուրդն այդ օրը համախմբվել, և միասնականորեն ինչի՞ դեմ են քվեարկել։ Այստեղ ո՛չ Սերժ Սարգսյանի հարցն է, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանի։ ժողովուրդն այդ օրը քվեարկել է այն իրավիճակի դեմ, որում հայտնվել է երկիրը, և այն ճանապարհի դեմ, որով ընթանում է երկիրը։ Սա է գլխավորը։ Սերժ Սարգսյանը կա՛մ չի ընկալել ամենագլխավորը, կա՛մ ընդհանրապես չի ուզեցել դրան անդրադառնալ։ Այդ պատճառով՝ այդ մամուլի ասուլիսը ես համարում եմ խիստ մակերեսային, որովհետև նա չանդրադարձավ գլխավոր խնդրին։ Իսկ ինչ վերաբերում է քրեաօլիգարխիկ համակարգին, իր կողմից բերված թվերին՝ այստեղ 3000 են կամ 30 000, չեմ ցանկանում ո՛չ համաձայնությունս հայտնել, ո՛չ էլ անհամաձայնությունս, քանի որ դա գլխավորը չէ, գլխավորն այն մթնոլորտն է, որը կա երկրում։

Իսկ Դուք ինչպե՞ս եք ընկալել այդ մթնոլորտը։

– Ես խոսում եմ այն մթնոլորտի մասին, որում մարդը չի կարողանում ապրել։ Ի՞նչ է նշանակում, որ մարդ 16-18 ժամ աշխատի, նախ՝ որտե՞ղ աշխատի, և երկրորդը՝ ինչո՞ւ նա պետք է 18 ժամ աշխատի։ Հանրապետության նախագահի պաշտոնը կրողն իրավունք չունի նման բան ասել, որովհետև գոյություն ունի օրենքով, Սահմանադրությամբ սահմանված ժամ, և քաղաքացին պետք է այդքան աշխատելով՝ կարողանա իր ընտանիքը պահել։ Այսինքն՝ ինքն էլ է ընդունում, որ մարդն, այդքան աշխատելով՝ չի կարողանում իր ընտանիքը պահել։ Հետևաբար՝ նա պետք է իր կաշվից դուրս գա, 2,5 կամ 3 անգամ ավելի շատ աշխատի։ Այդպես չեն ապրում, այդպես չի կարելի, այդ հոգեբանությամբ չի կարելի երկիրը ղեկավարել։

Սերժ Սարգսյանը դատապարտում է այսօր Ազատության հրապարակում ժողովրդի անունը հնչեցնող գործիչներին՝ նշելով, որ բոլոր ժամանակներում ժողովրդի անունից խոսել են և՛ բարեգործները, և՛ չարագործները։ Իսկ ո՞րն է

ընդհանրապես ժողովրդի առկայության չափանիշը։

– Չափանիշը, նորից եմ կրկնում, երկրում տիրող իրավիճակն է։ Եթե ինքը թվերով է խոսում, թող հետևյալ թվից խոսի, որքա՞ն մարդ է դուրս եկել Հայաստանից հունվար-փետրվար ամիսների ընթացքում։ Ավելի քան 22 000 հոգի։ Այդպիսի թիվ չի եղել նույնիսկ 2008 թվականին, երբ ազգաբնակչության թիվն ավելի մեծ էր, քան այսօր, այն ժամանակ 16.000 քաղաքացի հեռացավ Հայաստանից, այժմ՝ մոտ 35 տոկոսով ավելի։ Այս թիվն է այն ցուցանիշը, որով նա պետք է առաջնորդվի, ոչ թե 3000… Կապ չունի, այստեղ կարող է՝ 300 մարդ լինել, բայց երկիրը կանգնած է լուրջ փոփոխություններին ընդառաջ, երկրում փոփոխությունների անհրաժեշտություն կա։ Ինքը փոփոխությունների մասին որևէ բան չասաց, ընդհակառակը՝ նա իր ասուլիսում ասաց, որ գոհ է կառավարության աշխատանքից։ Եթե գոհ է, այսինքն՝ այս իրավիճակը, որը ստեղծվել է, հենց Սերժի քաղաքականության արդյունքն է։ Ինքը դա հաստատում է։ Այսինքն՝ մենք Սերժ Սարգսյանից և իր թիմի հետագա գործունեությունից որևէ փոփոխություն չենք կարող ակնկալել։ Քաղաքացուն դրել են այն վիճակի մեջ, որ նա ստիպված հեռանում է իր երկրից։ Դա մտածված արտագաղթի քաղաքականություն է։ Ի՞նչ է մեզ սպասվում, 2-3 տարի հետո մենք ունենալու ենք ծերերից և հիվանդներից բաղկացած երկի՞ր, երբ որևէ մեկը փորձի ներդրում կատարել Հայաստանում, աշխատող ձեռքեր կամ աշխատող ուղեղներ այլևս չե՞ն լինելու մեր երկրում։ Այն առողջ հատվածը, որն ի վիճակի է որևէ բան ստեղծելու, հեռանում է երկրից։ Դրա մասին պետք է մտածի Սերժ Սարգսյանը։ Չեմ խոսում այն մասին, որ նա պարտավոր է նաև երկրի անվտանգության մասին մտածել։ Իսկ ինչո՞ւ նա երեկ չխոսեց կարևորագույն հարցերից մեկի՝ անվտանգության՝ դատարկվող սահմանամերձ գոտու մասին։ Ինչո՞ւ այդ մասին չխոսեց, չէ՞ որ սա մեր գլխավոր խնդիրներից մեկն է այսօր:

 

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031