ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում, Իսկուհի Վարդանյանի նախագահությամբ այսօր քննության դրվեց Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանի բողոքը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի 27-ի վճռի դեմ:
Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը ամբողջությամբ մերժել էր Ս. Զոլյանի հայցը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեմ: Զոլյանը պահանջել էր անվավեր ճանաչել նախարարի 160-Ա, 173-Ա եւ անցյալ տարվա ապիլի 17-ի 58-Ա հրամանները՝ վերականգնել իրեն ռեկտորի աշխատանքում եւ ապրիլի 17-ից մինչ օրս հարկադիր պարապուրդի գումարը վճարել:
Իսկուհի Վարդանյանը հրապարակեց ինչպես վերաքննիչ բողոքը, այնպես էլ կրթության եւ գիտության նախարարի առարկությունները: Ըստ Ս. Զոլյանի, ընդհանուր իրավասության դատարանում խախտվել է արդար դատաքննության իրավունքը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարը հանդես է եկել իր լիազորությունների շրջանակից դուրս, նախարարը թույլ է տվել արարք, որն իր լիազորություններից դուրս էր: Մասնավորապես՝ նախկին ռեկտորը նկատի ուներ Ստրասբուրգ՝ որպես անկախ փորձագետ մեկնելու եւ նախարարի կողմից թույլատրելու հանգամանքը: Նախարարը, ըստ Ս. Զոլյանի, խախտել էր նաեւ «ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքը եւ իրականացրել էր ստուգումներ համալսարանում ապօրինի: Եթե, ըստ Ս. Զոլյանի, անգամ այդ ստուգումներում հայտնաբերվեին խախտումներ (ստուգումները վերաբերել են 2007-2012թթ.), հայցային վաղեմությունն է խախտվել, ժամանակի եւ թեմատիկ առումով հանձնաժողովը ապօրինի ստուգումներ է իրականացրել: Բողոքաբերը խնդրել էր բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը եւ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Կրթության եւ գիտության նախարարությունը գտնում էր, որ ինքը դուրս չի եկել լիազորությունների շրջանակից եւ որ աշխատանքային պայմանագիր է կնքել Սուրեն Զոլյանի հետ 2000թ. մարտին: Ըստ նախարարության, Հայաստանի ոչ մի ռեկտորի չի վերապահված իրականացնել արտաքին քաղաքականության որեւէ գործառույթ: Ինչ վերաբերում է ստուգումներին, պատասխանող կողմը գրել էր, որ իրականացրել է ոչ թե ստուգում, այլ վերահսկողություն: ԿԳՆ-ն պահանջում էր մերժել բողոքը եւ վճիռը թողնել անփոփոխ:
Կարդացեք նաև
Զոլյանը հայտարարեց, հղում անելով Եվրախորհրդի փորձագետների կոմիտեին, որ փորձագետն իրավունք ունի չենթարկվել գործադիր իշխանությանը, նա պետք է կատարի անկախ փորձագետի պարտականությունները, իսկ ինչ վերաբերում է ՀՀ կառավարությանը, կառավարությունը տեղյակ է եղել, որ փորձագետը 3 անգամ պետք է մասնակցի պլենար նիստերին: Եվ Ս. Զոլյանը հրապարակեց նամակից մի հատված, որտեղ նշվել է, որ ՀՀ կառավարության անդամը փորձել է միջամտել անկախ փորձագետի աշխատանքին, որ ՀՀ կառավարության անդամը չի թույլատրել փորձագետին մասնակցել պլենար նիստի առանց որեւէ պատճառի: ԿԳՆ ներկայացուցիչ Նորայր Հակոբյանը ռեպլիկի կարգով նկատեց, որ նման բողոք չի ստացվել եւ որ «Զոլյանը եսիմինչ նամակ է կարդում, ձեռք է բերել մասնավոր ճանապարհով, իր կապերի միջոցով»: Դատաքննությունն ավարտվեց: Վճիռը կհրապարակվի ապրիլի 4-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ