Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ՀԱԿ-ը, ԲՀԿ-Ն ու ՀՅԴ-ն ընդամենն ամիսներ առաջ հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին

Մարտ 21,2013 11:14

Այսօր լրանում է վերջնաժամկետը, երբ ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները պետք է ԿԸՀ ներկայացնեն իրենց ցուցակները։ Երեկվա դրությամբ միայն ՀՀԿ-ն էր ներկայացրել իր ցուցակը, մյուսները դա կանեն այսօր։ Մինչ այդ նկատենք, որ չնայած մեզանում գործում է ավելի քան 75 կուսակցություն, սակայն առայժմ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են ընդամենը 7-ը։ Ընդ որում, բացի ընդամենը վերջերս հիմնադրված «Առաքելություն» կուսակցությունից, մյուսները խորհրդարանական կուսակցություններն են՝ ՀՀԿ–ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ն ու ՕԵԿ-ը։ Այլ կերպ ասած՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված կուսակցությունների հազիվ 10 տոկոսը։ Այս հանգամանքը, թերեւս, վկայում է այն մասին, որ Հայաստանում 75 կուսակցությունը գոյություն ունեն միայն թղթի վրա։ Սա պարզ ճշմարտություն է, որի մասին գիտեն բոլորը։

Ավելին, այդ 75 կուսակցությունների զգալի մեծամասնությունը նույնիսկ չի բավարարում «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում սահմանված չափանիշներին (կուսակցությունները պետք է առնվազն 2000 անդամ ունենան եւ ՀՀ բոլոր մարզերում առնվազն 200-հոգանոց տարածքային կառույցներ): Ավելին, նրանց անդամները հազիվ կտեղավորվեն մի «Ժիգուլու» մեջ։ Բայց ոչինչ չի խանգարում նրանց կոչվել կուսակցություն։ Հետաքրքրականն այն է, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ՀԱԿ-ը, ԲՀԿ-Ն ու ՀՅԴ-ն ընդամենն ամիսներ առաջ հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին, ամեն մեկն ուներ իր պատճառաբանությունը։ Հատկապես ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն որպես պատճառներից մեկը մատնանշել էին ընտրակեղծիքների մեխանիզմը, որ ստեղծվել է երկրում։ Այս երեք ամիսների ընթացքում Հայաստանում այդ առումով որեւէ բան չի փոխվել, շարունակում են գործել ընտրակեղծիքի նույն մեխանիզմները, ընդ որում, դրանք ընտրությունից ընտրություն ավելի են կատարելագործվում։ Որեւէ մեկը չի կասկածում, որ այդ մեխանիզմը գործի կդրվի նաեւ մայիսի 5-ին։ Այլ կերպ ասած՝ չկա որեւէ երաշխիք, որ այդ քաղաքական ուժերը մայիսի 5-ին կստանան ճիշտ այն տոկոսները, որ վաստակել են իրականում։ Ուրեմն ո՞րն է ելքը։ Դժվար է ասել, որովհետեւ Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելը եւս հարցի լուծում չէ. այս ընտրություններն իրենց մասշտաբներով հավասար են համապետական ընտրություններին։ Բացի այդ, առջեւում քաղաքական անապատ է. հաջորդ համապետական ընտրությունները տեղի կունենան չորս տարի անց միայն։ Ու քաղաքական ուժերը դեռ պետք է անցնեն այդ 4 տարին՝ պահպանելով իրենց ռեսուրսները։ Խոստովանենք՝ դժվար է։ Մանավանդ որ նախագահական ընտրությունները ցույց տվեցին՝ սուրբ տեղը դատարկ չի մնում, վկան՝ Րաֆֆի Հովհաննիսյանի 37 տոկոս ձայները։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031