Լրահոս
Օրվա լրահոսը

Հետևում պահն է, առջևում՝ փակուղին

Մարտ 21,2013 10:35

Ամենայն հավանականությամբ հասունանում է պահը, երբ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հերթական հարցազրույցը պետք է տա Ռոբերտ Քոչարյանը: Վերջին շրջանում տեղի ունեցող ներքին և արտաքին քաղաքական զարգացումները վկայում են այն մասին, որ Քոչարյանի դիրքերը բավականին թուլացել են: 

Նախ՝ չստացվեց Րաֆֆի Հովհաննիսյանին միավորել Գագիկ Ծառուկյանի հետ, ինչի շնորհիվ իհարկե ԲՀԿ-ն կստվերեր «Ժառանգությանը»: Իսկ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հայտնի է, ուրախանում է ԲՀԿ-ի հաջողություններով և հեղինակությամբ: Հետո՝ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը կարծես թե չտապալվեց, որևէ աղմուկ տեղի չունեցավ, գազի գնի հարցում էլ կարծես թե հաջողվել է կոլապսը գոնե հետաձգել: Կառավարության ձևավորման հարցում էլ Ռոբերտ Քոչարյանին չհաջողվեց Սերժ Սարգսյանին դնել լուրջ խնդիրների առաջ և մնաց կամ մնում է Տիգրան Սարգսյանը: Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը հինգ տարի շարունակ փորձեցին Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությանը հասնել` սա դարձնելով կարևոր ու խորհրդանշական հարց և այսօր Տիգրան Սարգսյանի մնալը նաև հոգեբանական հարված է քոչարյանական թիմին, կամ այսպես ասած` ապտակ, ինչպես որ բնորոշել էր երիտԲՀԿ-ական Վահան Բաբայանը` ասելով, որ Տիգրան Սարգսյանի վարչապետությունն ապտակ է հասարակությանը:

Ռոբերտ Քոչարյանի հանդեպ առավելության դրսևորումներով հարուստ էր նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա փորձ արեց բազմաթիվ ակնարկներով կսմիթներ հասցնել Քոչարյանին: Դե իսկ գլխավոր հարվածն, իհարկե, կարող է լինել Մարտի 1-ի հանձնաժողովը, որը ՀՀԿ-ն համաձայնեց ստեղծել ՀԱԿ-ի առաջարկով: Քոչարյանն ու ԲՀԿ-ն հուսախաբ արեցին ՀԱԿ-ին` ստիպելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, բավականին օդեղեն մի պատճառաբանությամբ հրաժարվի նախագահական ընտրություններին մասնակցելուց: Տեր-Պետրոսյանը պատրաստվում էր դա անել վեհ փոխզիջման տեսքով, երբ կհայտարարեր, որ հանուն հայրենիքի իր թեկնածությունը չի դնում և սատարում է Ծառուկյանին կամ Օսկանյանին: Սակայն Քոչարյանն ու Ծառուկյանը առաջնորդվեցին բոլորովին այլ չափանիշներով, քան Տեր-Պետրոսյանը՝ ինչպես միշտ, և կայացրին այդ չափանիշներից ելնելով ավելի պրագմատիկ որոշում՝ ռիսկի չենթարկել սեփական կապիտալը:

Այնպես որ, ՀԱԿ-ի առաջնորդը այսօր ունի բոլոր հիմքերը ՀՀԿ-ի հետ միասին Մարտի 1-ի թեմայով Քոչարյանին առնվազն այնպիսի հոգեբանական հարված հասցնել, ինչպիսին ինքը ստացավ նախագահական ընտրությունների շեմին: ԲՀԿ-ն էլ, իհարկե, համաձայնել է հանձնաժողովի ստեղծմանը, սակայն այստեղ ԲՀԿ-ն այլ ելք չուներ, քանի որ ընդդիմանալը պարզապես կնշանակեր ինքնախոստովանական ցուցմունք: Ավելին` կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ն ամեն կերպ կփորձի Մարտի 1-ի հանձնաժողովում ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի շահերն ու անել այնպես, որ բացահայտումները հանկարծ չհասնեն 2008 թվականի Բաղրամյան 26: Թեև, Սերժ Սարգսյանն էլ երևի նման մտադրություն չունի, որովհետև որևէ մեկը չգիտե, թե այդ ժամանակ որտեղ էր ինքը՝ ընտրված Սերժ Սարգսյանը, որը նաև այդ ժամանակ վարչապետի, այսինքն` երրորդ դեմքի կարգավիճակով էր: Այնպես որ, Սերժ Սարգսյանի համար կարևոր են լինելու ոչ թե բացահայտումները, քանի որ բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվել և ով ինչով է զբաղված եղել այդ օրը, այլ գործընթացը, որի միջոցով կփորձի էլ ավելի ամրացնել իշխանության քոչարյանական թիմի հանդեպ իր առավելությունները, հատկապես 2017-18 թվականներից առաջ:

Այսինքն` պահը հասունանում է, որպեսզի Քոչարյանն արտահայտվի, հիշեցնի իր մասին: Սակայն միևնույն ժամանակ, երկրորդ նախագահը կարծես թե քաղաքական իմաստով հայտնվել է բովանդակային փակուղում, հատկապես Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից հետո: Դժվար է, իհարկե, ասել, ունի՞ Ռոբերտ Քոչարյանն այս իրավիճակի համար պահած տարբերակ, թե` ոչ: Զուտ հրապարակային առումով ակնհայտ է, որ նա տարբերակներ չունի, քանի որ այդպես էլ չփորձեց քաղաքական տեսանկյունից ադեկվատ դառնալ նոր իրողություններին՝ ներքին և արտաքին: Իսկ հին մեթոդները և մոտեցումները այսօր ակնհայտորեն չեն գործում, քանի որ այդ մոտեցումները կենսունակ են այն դեպքում, երբ կիրառվում են դե յուրե իշխանությունների ձեռքով:

Ռոբերտ Քոչարյանը պաշտոնը թողնելուց հետո բավական երկար ժամանակ իրեն դեռ նախագահ էր պատկերացնում, և թեև վերջին շրջանի նրա ելույթներն ու հայտարարությունները վկայում են, որ նա դադարել է ապրել այդ զգացողությամբ և առավել ռեալ է պատկերացնում իրավիճակը, այնուամենայնիվ նման վիճակի ժամանակից ուշ հասնելու պատճառով Ռոբերտ Քոչարյանի այդ ուշացած ադեկվատության դրսևորումները չունեցան և ամենայն հավանականությամբ չեն ունենալու բավարար քաղաքական էֆեկտ: Այսօր նրա առաջ արդեն չկա ժամանակի հետ քայլելու խնդիր, նրան նվազագույնն այսօր անհրաժեշտ է արդեն մեկ քայլ առաջ ընկնել ժամանակից, ինչը երևի թե անիրականանալի խնդիր է:

 Մուսա Միքայելյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031