Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն պատասխան նամակ է ուղարկել Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանին, որտեղ անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործին:
Պատասխան նամակում նշված է, որ իրենց տեղեկացրել են, որ Վերաքննիչ դատարանը մերժել է Տիգրան Առաքելյանի հայցը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Ապա հավելում են, որ քանի որ դատական գործընթացըդ դեռ չի ավարտվել, Նախարարների կոմիտեն դեռ չի մեկնաբանում գործը:
Սա նշանակում է, որ Կոմիտեն սպասում է դատական գործընթացի ավարտին, եւ չի բացառում, որ Վճռաբեկ դատարանը կարող է փոխել առաջին ատյանի դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի հունվարի 21-ի նիստի ընթացքում ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը գրավոր հարց էր ուղղել Հայաստանում առկա քաղբանտարկյալների եւ նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ ԵԽ Նախարարների խորհրդի նախագահ, Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբեր Սաբոյա Սունյեին (Gilbert Saboya Sunye):
Կարդացեք նաև
Զուրաբյանը հիշեցրել էր նաեւ, որ Վեհաժողովն իր վերջին նստաշրջանի ընթացքում բանաձեւ էր ընդունել «քաղաքական բանտարկյալ եզրի սահմանման մասին», որում սահմանվեցին 5 չափանիշներ՝ անձին քաղաքական բանտարկյալ ճանաչելու համար, եւ որով կոչ արվեց Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրներին՝ վերանայել հնարավոր քաղբանտարկյալների հարցով իրավական գործերը, ազատ արձակել նրանց կամ թույլ չտալ նմանատիպ դեպքերի կրկնությունը:
Զուրաբյանը մասնավորապես, հարցրել էր՝ մտադիր է արդյո՞ք Կոմիտեն միջամտել, որպեսզի ՀՀ իշխանությունները ազատ արձակեն քաղբանտարկյալներին:
Հիշեցնենք, որ վաղը՝ մինչև 18:00-ն Վճռաբեկ դատարանը պետք է տեղեկացնի, արդյո՞ք վարույթ է ընդունում ակտիվիստների վճռաբեր բողոքը, թե՞ ոչ: Եթե Վճռաբեկ դատարանը մերժի ներկայացված բողոքի ընդունումը, ապա Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ կայացված դատական վճիռը անմիջապես կմտնի օրինական ուժի մեջ և նրանց նկատմամբ, որպես պատիժ կկիրառվի 2-6 տարվա ազատազրկումը: