Լրահոս
Օրվա լրահոսը

Շտեֆան Ֆյուլե․ «Հայաստանում վերջերս մեծ առաջընթաց է արձանագրվել»

Մարտ 21,2013 00:00

Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանին օգնելու նպատակով դոնորների խորհրդաժողով կազմակերպելու հանձնառությանը. այդ մասին այսօր Բրյուսելում հայտարարեց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին: 

«Որեւէ կասկած այս հարցում չկա․ Հայաստանում վերջերս մեծ առաջընթաց է արձանագրվել, կան հիմնարար փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի կառավարության կողմից, ես վստահ եմ, որ նրանք հաշվի են առնում նաեւ մեր որոշ հանձնարարականներն ու դիտողությունները: Եվ մենք կարող ենք արդեն սկսել քննարկել այդ խորհրդաժողովին վերաբերող կազմակերպչական հարցեր», – ասաց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ պաշտոնական Բրյուսելը հայտարարել էր, թե ուշադրութամբ հետեւելու է Հայաստանի խորհրդարանական ու նախագահական ընտրություններին եւ եթե դրանք համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին ու կատարվեն նաեւ մի շարք այլ բարեփոխումներ՝ Եվրամիությունը պատրաստ է նախաձեռնել դոնորների միջազգային խորհրդաժողով՝ Հայաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով: Այժմ, փաստորեն, Եվրամիության հանձնակատարը նշում է, թե Բրյուսելում պատրաստ են անցնել խորհրդաժողովի անցկացման հաջորդ՝ կազմակերպչական փուլին:

Հայաստանյան վերջին ընտրությունների վերաբերյալ Շտեֆան Ֆյուլեն դրական գնահատականը հնչեցրեց նաեւ այսօր Եվրախորհրդարանում, որտեղ հաշվետվություն էր ներկայացնում 2012-ին ետխորհրդային 6 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում արձանագրված առաջընթացի ու բացթողումների մասին: Ընդգծելով, որ հայաստանյան վերջին ընտրությունները հիմնականում թափանցիկ էին եւ լուրջ ջանք էր գործադրված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վիճակը բարելավելու համար, Բրյուսելի պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ նշեց, որ իշխանությունները պետք է ավելին անեն հատկապես օրենքները կյանքում գործարկելու եւ կիրարկելու ուղղությամբ: Երկկողմ հարաբերությունները էլ ավելի սերտացնելու համար պաշտոնական Բրյուսելն այսօր 15 հանձնարարական տվեց Հայաստանի իշխանություններին, որոնցից մի քանիսն, ի դեպ, առաջին անգամը չեն բարձրաձայնվում: Առաջին կետով Բրյուսելը կոչ է անում հետամուտ լինել վերջին ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների արձանագրած բացթողումներին ու մտահոգություններին եւ բարեփոխել ընտրական օրենսդրությունը նախագահական ընտրություններից հետո: Երկրորդ կետով Բրյուսելը վերստին կոչ է անում լիարժեք հետաքննել 2008 թվականի Մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունները, ինչպես նաեւ ոստիկանության հասցեին հնչած մեղադրանքները՝ կալանավայրերում իրականացված վատ վերաբերմունքի եւ խախտումների վերաբերյալ:

Առաջնահերթ հանձնարարականների շարքում Եվրամիությունը նաեւ մատնանշում է կոռուպցիայի դեմ պայքարը ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ անցած տարվա ընթացքում սահմանափակ քայլեր են ձեռնարկվել բարձր օղակներում կաշառակերությունը կրճատելու ուղղությամբ: Տնտեսության ոլորտում Եվրամիությունը հանձնարարում է ավելի մեծ ջանքեր գործադրել մրցակցային միջավայր ստեղծելու եւ հարկահավաքությունը բարելավելու ուղղությամբ, մարդու իրավունքների դաշտում՝ կրկին կոչ անում բարեփոխել դատական եւ իրավապահ համակարգերը, ինչպես նաեւ երաշխավորել անկախությունն ու բազմակարծությունը լրատվական դաշտում:

Ներքաղաքական այս հարցերից բացի Եվրամիությունը նաեւ Ղարաբաղի հակամարտությանն է անդրադառնում՝ հորդորելով արագացնել ջանքերը Ադրբեջանի հետ Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնության գալու համար, ինչպես նաեւ երաշխավորել Եվրամիության ներկայացուցիչների անարգել մուտքը Ղարաբաղ ու շրջակա տարածքներ: Փաստենք, որ վերջին երկու հանձնարարականները նույնությամբ նշված են նաեւ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում, որի իշխանությունները, սակայն, ի տարբերություն Հայաստանի, առայժմ հրապարակավ համաձայնություն չեն տվել Եվրամիության դիվանագետների համար անարգել մուտք ապահովեու առաջարկին:

«Եվրամիության հարեւանության քաղաքականության նոր տարրերից մեկն էլ այն է, որ մենք այժմ ներառում ենք նաեւ այս տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորումը: Այժմ այն վիճակը չէ, երբ մենք կենտրոնանում էինք մեր երկկողմ հարաբերությունների վրա, իսկ ինչ-որ մեկը առանձին փորձում էր ճանապարհներ գտնել այս հակամարտությունների ու դրանց հետեւանքների վերացման համար», -պարզաբանեց Ֆյուլեն՝ դիմելով Եվրոպացի պատգամավորներին:

Խորհրդարանի իր ելույթում, ինչպես նաեւ դրան հետեւած ասուլիսում Ընդարձակման հարցերով հանձնակատարը մի քանի անգամ հիշեցրեց Եվրամիության հայտնի սկզբունքը՝ ավելին ավելիի դիմաց, ինչը նշանակում է, որ Բրյուսելի տված այս հերթական հանձնարարականների կատարումից է նաեւ մեծապես կախված՝ որքան գումար կստանա հաջորդ տարի Հայաստանը ԵՄ-ից եւ ինչպիսին կլինեն երկկողմ հարաբերությունները առաջիկայում:

 

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031