Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում չնախատեսված վայրերում աղբը թափելու համար անբարեխիղճ կապանցիները կտուգանվեն 25-30 հազար դրամով

Մարտ 20,2013 22:23

«Հաշվի առնելով այն փաստը, որ որոշ քաղաքացիների կողմից կենցաղային եւ շինարարական աղբը թափվում է ոչ սահմանված տեղերում, նպատակահարմար ենք գտնում համայնքի ղեկավարի որոշամբ` կոմունալ տնտեսությանը վերապահված նոր լիազորությունների շրջանակում, հսկիչների, աշխատակիցների միջոցով տեղում արձանագրել նման յուրաքանչյուր դեպք, որպեսզի այդ բնակիչները վարչական տույժի ենթարկվեն: Միաժամանակ քաղաքապետարանը նպատակահարմար է գտնում հայտարարության կարգով դիմել մեր համաքաղաքացիներին, որպեսզի  յուրաքանչյուր արձանագրած դեպքի վերաբերյալ քաղաքապետարանին տեղեկատվություն տրամադրեն` լուսանկարի, տեսագրության եւ վկայության տեսքով», – այս մասին Կապանի քաղաքապետարանում կայացած համայնքի ավագանու այսօրվա  նիստի ժամանակ տեղեկացրեց Աշոտ Հայրապետյանը, ով նաեւ դիմեց ավագանու անդամներին` նրանց կարծիքները, դիտողություններն ու առաջարկությունները եւս լսելու համար:

Ավագանու անդամները հիմնականում կողմ արտահայտվեցին այդ որոշմանը եւ նշեցին, որ իրենք նույնպես առօրյայում բազմիցս են հանդիպում դեպքերի, երբ անբարեխիղճ կապանցիները աղբը լցնում են քաղաքի միջով հոսող գետերը, թողնում ճանապարհներին կամ թափում չնախատեսված այլ վայրերում, եւ առաջարկեցին նախքան բնակիչներին տուգանքի ենթարկելը այդ մասին լրատվամիջոցներով եւ հայտարարությունների տեսքով անպայման իրազեկել քաղաքացիներին:  Յուրաքանչյուր արձանագրված դեպքի վերաբերյալ կկազմվի համապատասխան ակտ եւ  քաղաքն աղտոտող ամեն մի քաղաքացի կտուգանվի օրենքով սահմանված 25-30 հազար դրամ գումարի չափով: Իսկ նմանօրինակ դեպքերի ականատես եղած եւ դրանք արձանագրած քաղաքացիներին  քաղաքապետարանը խոստանում է ցանկացած տեսակի տեղեկատվության հաղորդման  վերաբերյալ ապահովել վերջիններիս գաղտնիությունը:

Քաղաքի մաքրության պահպանմանը եւ բնակիչների շրջանում պատասխանատվության բարձրացմանը միտված այս տարբերակը բազմիցս է քննարկվել, խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնվել, ինչպես նաեւ քաղաքի մաքրությանն ուղղված տարբեր միջոցառումներ են ձեռնարկվել մինչ այս:

Իսկ քաղաքի աղտոտմանը մասնակցող կապանցիներին տուգանելու  մասին վերը նշված որոշումը կայացնելով` պատասխանատուները նպատակ ունեն քաղաքացիներին  այսուհետ պատասխանատվության ենթարկելու եղանակով զգաստացնել անպարտաճանաչ բոլոր մյուս  քաղաքացիներին եւ  ունենալ ավելի մաքուր ու գեղեցիկ քաղաք:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031